HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում 2016-ին. Վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործեր

Արա Ղազարյան 

սկիզբը

Վիճակագրություն

Ըստ datalex.am տեղեկատվական համակարգի՝ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիս ամիսը ընդդեմ լրատվամիջոցների կամ լրագրողների ներկայացվել է 16 դատական հայց, որոնց ցանկը հետևյալն է.

 

Հայցվոր

 

 

Պատասխանող

 

Գործի համարը

 

Հայց ներկայացնելու ամսաթիվը

 

Օլգա Սարգսյան

 

«Հայկական ժամ» համացանցային կայք, Հերմինե Մադոյան

 

ԵԷԴ/3228/02/15

 

 

08.09.2015

 

Աննա Սարգսյան

«Հայկական ժամ» համացանցային կայք,

Հերմինե Մադոյան

 

ԵԷԴ/3231/02/15

 

 

08.09.2015

 

Ջուլիետտա Ավագյան

«Հայկական ժամ» համացանցային կայք, Հերմինե Մադոյան

 

ԵԷԴ/3232/02/15

 

 

08.09.2015

Ռուզաննա Խաչատրյան

 

Ա/Ձ Աննա Գևորգյան

 

ԵԷԴ/3305/02/15

 

 

17.09.2015

Ասլան Ավետիսյան

Նարեկ Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյան

 

«Արմենիա Թի-Վի» ՓԲԸ

 

ԵԱԴԴ/3659/02/15

 

02.10.2015

Թռչող Առագաստ ՍՊԸ-ի տնօրեն Նելլի Գեղագուլյան

Ա1+ հեռուստաընկեր., «Մելտեքս» ՍՊԸ,

mamul.am լրատվական գործակալություն

 

ԵԿԴ/4701/02/15

 

 

 

15.10.2015

Վահրամ Պետրոսյան

 

blognews.am

լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյան

 

ԵԱՔԴ/4931/02/15

 

22.10.2015

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Լիլիթ Արզումանյան

«ԱՏՀԿ Համակարգ» ՍՊ ընկերության www.lragir.am կայք, Հայկազն Ղարիբյան, Աշոտ Եղիազարյան

 

 

 

ԵԿԴ/5062/02/15

 

 

 

 

09.11.2015

Ռուզաննա Տեր-Վարդանյան Թերեզա Օսկանյան

hartak.am էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Կարեն Թումանյան, Մարինե Մամյան

 

ԵԱՔԴ/5230/02/15

 

 

16.11.2015

 

Կարինե Ստեփանյան

 

լրագրող Ադրինե Թորոսյան

 

ԼԴ/0022/02/16

 

 

 

12.01.2016

Սուսաննա Հայրապետյան

 

Ա/Ձ Աննա Գևորգյան

 

ԵԷԴ/0012/02/16

 

 

14.01.2016

 

Արամ Նիկողոսյան

 

Ա/Ձ Աննա Գևորգյան

 

ԵԷԴ/0670/02/16

 

 

03.03.2016

 

Ժաննա Ալեքսանյան

 

«Վիրտուալ մեդիա» ՍՊԸ

 

ԵԿԴ/1638/02/16

 

 

27.04.2016

 

Արթուր Ղազարյան

ԱՏՎ հեռուստաընկերություն և ՀՀ Ոստիկանություն

 

ԵԿԴ/1746/02/16

 

 

 

04.05.2016

Էմին Մինասյան ՇԱԲԱԹ ԷՅ ԷՄ» ՍՊ Ընկերություն

 

ԵԱՆԴ/2802/02/16

 

 

07.07.2016

 

Ժիրայր Սէֆիլյան

«Արմենիա Թի-Վի» ՓԲԸ, Վահե Ղազարյան, Նելլի Հարությունյան

 

ԵԱԴԴ/2612/02/16

 

11.07.2016

 

Համեմատությունը ցույց է տալիս, որ դատական գործերի քանակը նախկին տարիների համեմատ աճել է, թեև աննշան քանակությամբ (աղյուսակ 1 և 2՝ ստորև)։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դատական գործերի վարույթների ժամկետները գնալով երկարում են, և դա է պատճառը, որ օգոստոս 2015թ.-հուլիս 2016թ. ժամանակահատվածում ընթացքի մեջ գտնվող դատական գործերի ճնշող մեծամասնությունը լուծում չի ստացել և հիմնականում շարունակում է գտնվել առաջին ատյանի դատարանի վարույթում։ Միաժամանակ, դիտարկումները ցույց են տալիս, որ աճել է բեկանված գործերի քանակը՝ երբ վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և գործն ուղարկում առաջին ատյանի դատարան նոր քննության։

Ներկա պահի դրությամբ ընթացքի մեջ է ընդհանուր առմամբ 47 դատական գործ (ներառյալ նախկին տարիներին հարուցված գործերը), որոնց մեծ մասով քննությունը դեռ  առաջին ատյանի դատարանի վարույթում է։ Ավարտված  15 գործերից 3-ով կնքվել է հաշտության համաձայնություն, 4 գործերով որոշում է կայացվել վարույթը կարճելու մասին` հայցվորի՝ հայցից հրաժարվելու հիմքով, իսկ մնացած գործերով դատարանները բավարարել են հայցապահանջը ամբողջությամբ կամ մասնակի։

Նշված ժամանակահատվածում առավել շատ դատական գործեր բերվել են ընդդեմ էլեկտրոնային լրատվամիջոցների (8), այնուհետև հեռուստաընկերությունների (4) և անհատ լրագրողների (4)[L1] , ովքեր հանդես են գալիս անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կարգավիճակով։ Այս ցուցանիշները տարբերվում են նախորդ տարիների ցուցանիշներից, քանի որ նախկինում առավել քանակությամբ հայցերը բերվում էին տպագիր մամուլի դեմ։

Առավել շատ հայցապահանջներ բերվել են մասնավոր քաղաքացիների կողմից (17) ու մասնավոր ընկերությունների կողմից, լրագրողի և քաղաքական գորիչների կողմից բերվել է մեկական դիմում։

Վերը ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցեր հիմնականում ներկայացվում են մասնավոր քաղաքացիների կամ առևտրային ընկերությունների կողմից։ Քաղաքական գործիչների կողմից դատական հայցերի թիվն էապես նվազել է։ Եթե նախկինում առավել շատ դիմումներ բերվում էին տպագիր մամուլի դեմ, ապա ներկայումս դիմումների մեծ մասը ներկայացվում է ընդդեմ առցանց լրատվամիջոցների կամ հեռուստատեսության: Փոխհատուցման գումարների չափը, որոնք սահմանվում են դատարանների կողմից, հիմնականում նույնն են, ինչ նախորդ տարիներին։

Այժմ անդրադարձ կատարենք առավել նշանակալի դատական գործերին։

 Դատական գործերի վերլուծություն

 Դատական հայց արխիվային նյութի վերահրապարակման հիմքով

2015թ. հոկտեմբերի 15-ին «Թռչող Առագաստ» ՍՊԸ անվանումով ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի (Ա1+ լրատվամիջոցի հիմնադիր)՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով: Ընկերությունը լրատվամիջոցից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ: Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել 15 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին «Ա1+»-ի լրատվական նյութի վերահրապարակումը «Օրացույց» խորագրով հաղորդաշարի շրջանակներում։ Այս հաղորդաշարի ներքո լրատվամիջոցը պարբերաբար ներկայացնում  է իր արխիվային լրատվական նյութերը՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե տվյալ օրը նախորդ տարիներին ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Վիճահարույց նյութը կայքում տեղադրվել է սույն թվի սեպտեմբերի 24-ին, որում նշվել է, որ 2000 թվականի սեպտեմբերի 24-ին Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է սպանություն։ Լրատվությունը Պողոս Պողոսյանի հայտնի գործով իրադարձության մասին է։ Հայցվոր կազմակերպությունն իր հայցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանին կից «Պոպլավոկ» սրճարանում, որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին, որը բոլորովին այլ ընկերություն է և այդ իմաստով լրատվանյութը լրջորեն վնասել է իր գործարար համբավը։ 

Արխիվային նյութերի վերահրապարակումը և այդ հիմքով զրպարտության, վիրավորանքի կամ գործարար համբավի համար քաղաքացիական պատասխանատվության հարցը նոր երևույթ է ՀՀ ներպետական պրակտիկայում։ Նորությունների արխիվային նյութերը թեև գտնվում են ազատ խոսքի պաշտպանության տակ, սակայն պաշտպանության շրջանակներն այս դեպքում առավել նեղ են, քան ներկա դեպքերի մասին պատմող լրատվանյութերի դեպքում։ Հայտնի է, որ տեսության մեջ լրատվանյութը համեմատում են «փչացող ապրանքի հետ», քանի որ տեղեկության տարածման հապաղումը կարող է կորցնել լրատվանյութի այժմեականությունը։ Այս իմաստով նույնիսկ եթե լրագրողը թույլ է տվել փաստի սխալ, կարող է օգտվել ազատ խոսքի պաշտպանությունից, եթե հիմնավորում է, որ գործել է բարեխղճորեն, լրագրողական վարքագծի նորմերի համաձայն և որ ցանկացած այլ լրագրող իր փոխարեն նույնանման իրավիճակում տվյալ տեղեկությունը կհաղորդեր նույն կերպ։ Սակայն, այլ է մոտեցումը, եթե խոսքը վերաբերում է արխիվային նյութերի վերահրապարակմանը։ Այս դեպքում բացակայում է արագության գործոնը՝ լրատվական նյութը արագորեն հանրությանը հաղորդելու կարևորությունը և հրատապությունը։ Սույն հանգամանքը պահանջում է, որ լրատվամիջոցները ցուցաբերեն առավել զգոնություն արխիվային նյութեր վերահրապարակելիս։ 

Առաջին դատական ակտը լրատվանյութը համացանցից հեռացնելու վերաբեյալ

Հասարակությանը քաջ հայտնի «Ֆեյքերի մասին օրենքի» նախագծով մի քանի տարի առաջ առաջարկվում էր օրենքով սահմանել մի ամբողջ իրավական ընթացակարգ վիրավորական, զրպարտող բնույթի կամ գործարար համբավն արատավորող լրատվական նյութը համացանցից հեռացնելու մասին։ Ինչպես հայտնի է, այդ նախագիծը մերժվեց քաղաքացիական հասարակության կողմից որպես ազատ արտահայտվելու իրավունքը վտանգող օրենսդրական կարգավորում։ Տեղեկատվական վեճերի խորհուրդն այդ առումով նույնիսկ հայտարարեց, որ առավել նպատակահարմար է, որ միջամտությունը կատարվի կոնկրետ գործի շրջանակներում կայացված դատական որոշմամբ, քան օրենսդրական ընդհանուր կարգավորմամբ, որը, հնարավորություն տալով շրջանցել դատական պաշտպանության ընթացակարգերը, առավել դյուրին է դարձնում առցանց միջավայրում լրագրողական ազատության միջամտության հնարավորությունը՝ այդպիսով վտանգելով արտահայտվելու ազատությունը առցանց միջավայրում։ 

2015թ. դեկտեմբերի 7-ին  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ թիվ ԵԿԴ/2380/02/15 քաղաքացիական գործով, որով դատարանը ոչ միայն պարտավորեցրեց լրատվամիջոցին տպագրել հերքում, այլ նաև www.hraparak.am կայքից հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով վիճահարույց հոդվածը։ Նման որոշմամբ դատարանը առաջին անգամ սահմանեց բովանդակության հեռացումը որպես իրավական պաշտպանության ինքնուրույն եղանակ Քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի հիմքով (այս հոդվածը սահմանում է իրավական պաշտպանության եղանակները քաղաքացիաիրավական հարաբերություններում)։ Մինչ այդ որոշումը դատարանները բովանդակությունը հեռացնելու մասին որոշումներ կայացրել էին բացառապես հայցի ապահովման միջոցի շրջանակներում, մինչդեռ սույն դեպքում այդպիսի որոշում կայացվեց որպես քաղաքացիական գործի լուծում։

Նշված դատական որոշումը կարևոր իրադարձություն էր, քանի որ լրատվական նյութը հեռացնելը դատարանը առաջին անգամ կիրառեց որպես իրավական պաշտպանության միջոց, որը նշանակում է, որ այսուհետ լրատվամիջոցների դեմ նման պահանջներն առատանալու են։ 

Գենդերային խտրականության դրսևորում լրագրողի հանդեպ

2016թ. ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ լրագրող Սիրանույշ Պապյանի հարցադրմանը, թե «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», հակադարձել է՝ ասելով. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։

Մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանապետի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (քաղ. գործ թիվ ԵԿԴ/1676/02/16) Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման հիմքով։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար։ Դատական վարույթն ընթացքի մեջ է։ Ի հավելումն վիրավորանքի, Սիրանույշ Պապյանը կարծում է, որ ինքը ենթարկվել է խտրականության։

ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից բխում է, որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ:[2] Ըստ այդմ, քաղաքական գործիչներն ու հանրային պաշտոնյաները պետք է դրսևորեն առավել մեծ հանդուրժողականություն իրենց ուղղված քննադատության հանդեպ, քան մասնավոր քաղաքացիները։ Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ հանրային պաշտոնյաների, քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության շրջանակներն առավել լայն են, քան մասնավոր քաղաքացիների նկատմամբ, եթե քննադատությունն առնչվում է նրանց հանրային գործառույթներին։ Նույն մոտեցումը որդեգրել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը վիրավորանքի և զրպարտության գործերով զարգացրած իր նախադեպային իրավունքով։

Տվյալ դեպքում լրագրողը բարձրացրել է հանրային նշանակության հարց, և նույնիսկ եթե դա արել է որոշ հռետորաբանությամբ, դա միանգամայն տեղավորվում է լրագրողական ազատության շրջանակներում (հայտնի է, որ նույնիսկ սադրող, ցնցող և անհանգստություն պատճառող խոսքը գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տակ)։ Ի պատասխան դրա՝ ոստիկանապետը թիրախավորել է լրագրողի անձը և սեռը։ Վերջինը իրավամբ բարձրացնում է նաև գենդերային խտրականության մասին հարց։ Ոստիկանապետ արարքը անհիմն և ոչնչով չարդարացված միջամտություն էր լրագրողի իրավունքներին, իսկ գենդերային խտրականությունը, նույնիսկ օրենքի առկայության պարագայում, լայնորեն տարածված երևույթ է Հայաստանի Հանրապետությունում։  

Գործի վերաբացում քողարկված բողոքարկման եղանակով

17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված[3], որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում հեղինակը կոչ է արել դրսևորել անհանդուրժողականություն «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության և դրա անդամների նկատմամբ, այդ թվում այլ քաղաքացիների, ովքեր հոդվածի հեղինակի կարծիքով կապ ունեին այդ կազմակերպության հետ։ Քաղաքացիներ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Մկրտչյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրավունք» թերթի հիմնադիր «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի, խմբագիր Հովհաննես Գալաջյանի եւ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի՝ պնդելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող են, այլև՝ ատելության խոսքի դրսևորումներ։ 2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։ Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, քանի որ հունիսի 12-ին պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրան հաջորդող վճռաբեկ բողոքը մերժվել են։ Այդուհանդերձ, այս վճռին կարևոր նշանակություն տրվեց քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ առաջին անգամ դատարանը քննության առավ ատելության խոսքի դրսևորումը և արձանագրեց խախտում՝ թեև դա բնորոշելով որպես վիրավորանք, այլ ոչ թե խտրականություն։

Դատական ակտի ուժի մեջ մտնելուց և վերջնական դառնալուց հետո Հայկ Բաբուխանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդդեմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ խնդրելով վերաբացել դատական գործը այն հիմնավորմամբ, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել 2015թ. մայիսի 14-ի վճռի մասին, մինչդեռ ինքը հանդիսացել է դատավարության կողմ։ Վերաքննիչ բողոքը բավարարվել է և փակված դատական գործը վերաբացվել է։ Վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել 14/05/2015թ. դատական ակտը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։

Վերը նշված փաստերն առաջադրում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ քողարկված բողոքարկման եղանակով վերանայման մասին հարց։ Սա նշանակում է, որ դատական գործը վերաբացվել է ոչ թե դատական կոպիտ սխալն ուղղելու կամ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով, այլ կողմին բողոքարկելու և գործի քննության ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար։ Գործի վերաբացումը նման եղանակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է մարդու իրավունքների կոպիտ խախտում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի իրավունքի խախտում։

Գործի փաստերից ակնհայտ է, որ Հայկ Բաբուխանյանը չէր կարող տեղեկացված չլինել 14/05/2015թ. դատական ակտի մասին, քանի որ ոչ միայն հանդիսանում է պատասխանող լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահը, այլ նաև իր բազմաթիվ հրապարակային ելույթներով անդրադարձել է այս դատական գործին և, ընդհանրապես, պատասխանողի դատավարության հիմնական ուղղորդողն էր։ Բացի այդ, Հայկ Բաբուխանյանը դատավարության մասնակից չէր, որպեսզի ծանուցված լիներ դատական ակտի մասին։ Դա են վկայում փաստերը։ Դատական հայցը ներկայացված է եղել, ի թիվս մյուսների, նաև  Հայկ Բաբուխանյանի դեմ, սակայն պատասխանողները միջնորդել են դատարանին վերջինիս որպես պատասխանողի փոխարինել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ իրավաբանական անձով, որը դատարանը բավարարել է, և Հայկ Բաբուխանյանը դադարել է հանդես գալ որպես դատավարության մասնակից՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով։ Նույնիսկ եթե ընդունենք, որ դատարանը ֆորմալ իմաստով Հայկ Բաբուխանյանին որպես պատասխանող իրավաբանական անձով փոխարինելու մասին ձեւական որոշում չի կայացրել, վերջինս չէր կարող տեղեկացած չլինել դատական քննության և իր շահերին առնչվող վճռի կայացման մասին։ Ի վերջո, հենց իր կողմից ղեկավարվող լրատվամիջոցի խմբագիրն է դատարանին միջնորդել Հայկ Բաբուխանյանին  հեռացնել դատավարության մասնակիցների ցանկից, որի մասին Հայկը Բաբուխանյանը տեղյակ է եղել և չէր կարող տեղյակ չլինել։ Հայկ Բաբուխանյանի և դատարանի այդ խիստ հակասական գործողությունները կանաչ լույս են տալիս ատելության խոսքի տարածմանը։ Առավել ցավալի է, որ ատելության խոսքի ջատագովը տվյալ դեպքում լրատվամիջոցի խմբագիր է։ Քանի որ տվյալ դեպքում վիճահարույց լրատվանյութը վերաբերում է ատելության խոսքին, բոլորովին հնարավոր չէ լրատվամիջոցի դեմ ուժի մեջ մտած դատական գործի վերաբացումը համարել որպես լրագրողական ազատության կամ արտահայտվելու ազատության հաղթանակ։ 

Անմեղության կանխավարկածի խախտում

2013թ. հունվարի 23-ին Հարություն Սարգսյանի կողմից ընդդեմ Գյումրիի «Ցայգ» հեռուստատեսության հարուցված դատական գործի շրջանակներում հայցվորը պահանջում էր հեռուստատեսությունից հրապարակայնորեն ներողություն խնդրել իրեն վիրավորելու, անմեղության կանխավարկածը խախտելու համար այն հիմքով, որ հեռուստաընկերության պատրաստած լրատվանյութում լրագրողը հայտարարել էր, որ Հարություն Սարգսյանը «առանձնակի դաժանությամբ սպանել է» ոմն քաղաքացու, մինչդեռ այդ հայտարարությունը կատարելու պահին քրեական գործով դատական քննությունը դեռ գտնվում էր ընթացքի մեջ Քրեական վերաքննիչ դատարանում։

2016թ. ապրիլի 1-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ, որով պարտավորեցրեց հեռուստաընկերությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել Հարություն Սարգսյանից՝ 2012թ. դեկտեմբերի 27-ին «Ցայգ» հեռուստաընկերության կողմից տարածված տեքստում հրապարակված, վիրավորանք և զրպարտություն պարունակող, հայցվորի պատիվը և արժանապատվությունն արատավորող, ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ գլխում ամրագրված՝ անձի անմեղության կանխավարկածի խախտմամբ զուգորդված՝ «առանձնակի դաժանությամբ սպանել էր» արտահայտության համար:
Դատարանը նաև պարտավորեցրեց հեռուստաընկերությանը հօգուտ Հարություն Սարգսյանի բռնագանձել 300000 ՀՀ դրամ, որից 100000 ՀՀ դրամը՝ վիրավորանքի, իսկ 200000 դրամը՝ զրպարտելու հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Դատական այս ակտը ցույց է տալիս, որ դատարանները անմեղության կանխավարկածի համար պատրաստ են քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել 1087.1 հոդվածի հիմքով՝ և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության համար։ Սա նոր մոտեցում է դատաիրավական պրակտիկայում։ Նախկինում բազմիցս նշվել է, որ քանի որ անմեղության կանխավարկածը դիտարկվում է զուտ քրեաիրավական հարաբերություններում, քաղաքացիները զրկված են այս իրավունքի խախտման համար քաղաքացիական պատասխանատվություն հայցել մասնավոր անձանցից ու կազմակերպություններից, և այս հանգամանքը նրանց զրկում է իրավական պաշտպանության միջոցից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրակտիկայում առավել հաճախ այս իրավունքը խախտվում է մասնավոր անձանց, այլ ոչ թե վարչական, պետական մարմինների կողմից, և այդ առումով խախտումների մեծ մասը բաժին է ընկնում հենց լրատվամիջոցներին։ Հետևաբար, այս վճիռը ցույց է տալիս, որ լրատվամիջոցներն այսուհետ պետք է ցուցաբերեն առավել զսպվածություն անձի մեղքի մասին հայտարարություն կատարելիս և հարգեն անմեղության կանխավարկածի իրավունքը՝ անկախ որևէ հանգամանքից։ Դա հատկապես կարևոր է հաշվի առնել այն պատճառով, որ անմեղության կանխավարկածը բացարձակ իրավունք է, և այս իրավունքը հարգելու պարտականությունից որևէ շեղում չի թույլատրվում։

Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ ձևավորվում է նոր դատաիրավական պրակտիկա անմեղության կանխավարկածի վերաբերյալ, և հատկապես լրագրողները պետք է դա ընդունեն ի գիտություն և ցուցաբերեն առավել զգուշություն քրեական գործերը լուսաբանելիս։

[1]Աղյուսակ 1-ում կապույտ գիծը ցույց է տալիս դատական գործերի քանակը մինչև Սահմանադրական դատարանի կողմից ՍԴՈ-997 որոշումը, իսկ կարմիր գիծը՝  գործերի քանակը որոշումից հետո։

[2]ՍԴՈ-997, կետ 7:

[3]Տեʹս հղումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter