Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Էսօր մեր գեղի հանդիցը մի կգ մոշ եմ հավաքել: Մաման փագիլ տի: Երազում եմ հեծանիվ ունենալ, որ մեծանամ ավտո ունենամ: Որ ավտո ունենամ, փետի կգնամ, խոտ կբերեմ տուն»


Լարիսա Փարեմուզյան

Արմեն Կիրակոսյանն ու Անժելա Թաթոյանը իրենց ընտանեկան կյանքը սկսել են Աքորի գյուղի փողոցներից մեկի եզրին տեղավորված փոքրիկ մի տնակում: «Երեխեքը, որ մեծացան, տեսանք նեղվածք է, տնակի առաջին մասը բիտոն ենք արել, որպեսզի կարողանանք տեղավորվել»,- պատմեց Անժելան: Արմենը վերջերս քար է առել, ուզում է տուն կառուցել:

Տան քարը բակում թափված է, չի կարողանում հիմքերը գցել: Ամուսինները ոչ մի տեղ չեն աշխատում: Աշխատանք չեն գտնում: Վարելահող չունեն: Նրանց 5 անձից կազմված ընտանիքի միակ կայուն եկամուտը ընտանեկան 35 հազար դրամ նպաստն է: «Էդ էլ կոմունալ ծախսերին ենք տալիս ու կողքին նստում»,- ասաց Անժելան:

Արմենն ու Անժելան իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակում են հանդից մոշ, մոր, սինդրիկ հավաքելով ու վաճառելով: Արմենը նաև իր տնակի առջևի փոքրիկ տնամերձում մորու թփեր է տնկել, որ ընտանիքին օգուտ բերի:

«Մալինի թփերի մեջից թելուկ ենք հանում, տանում վաճառում»,- ասաց Անժելան: Արմենը ձմռանը տնակը տաքացնելու համար հանդից շալակով փայտ է կրում: Ընտանիքը մեկ կով ու մեկ խոզ ունի:

Անժելան ասում է, որ ձեռքն ընկած կոպեկը ուտելիքի են տալիս: Սովորել են իրենց գոյության պայքարին: Մոշի սեզոնին մոշը գյուղում են վերցնում, սինդրիկի սեզոնին Անժելան կամ Արմենը սինդրիկը վաճառելու են տանում Վանաձոր կամ Ալավերդի: Հիմա մոշի ամենաեռուն օրերն են. «Մինչև հիմա ես ու ամուսինս ենք մոշի գնացել, հիմա որոշել ենք երեխաներից մեկին էլ տանել: Երեքով մի 20 կգ մոշ կհավաքենք»,- ասաց Անժելան:

Մոշը հավաքում են Աքորիի «Ցիցքար», «Սաքոյի ղաշ», «Պեպոյի ձոր» հանդամասերից ու գյուղի ծմակից: Անժելան դժգոհեց, որ տղան՝ Խաչատուրը, սովորելու հետ սեր չունի, աղջիկը՝ Անահիտն էլ միջակ է սովորում: Իրենք էլ ամուսիններով անընդհատ դուրս են գալիս տնից, չեն կարողանում երեխաների սովորելուն շատ հետևել: Մեր համառ հարցերից հետո 6-րդ դասարանում սովորող Խաչատուրը շատ կցկտուր պատմեց. «Էսօր մեր գեղի հանդիցը մի կգ մոշ եմ հավաքել: Մաման փագիլ տի: Երազում եմ հեծանիվ ունենալ, որ մեծանամ ավտո ունենամ: Որ ավտո ունենամ, փետի կգնամ, խոտ կբերեմ տուն»,- ասաց տղան:

Աղջիկը՝ Անահիտն էլ երկար լռելուց հետո ասաց, որ դպրոցում ամենաշատը ֆիզկուլտուրա առարկան է սիրում ու երազում է ֆիզկուլտուրայի ուսուցչուհի դառնալ: «Զոռի հանդն ենք գնում, դրսում ենք լինում անընդհատ, երեխեքին հասցնում չենք սովորեցնենք»,- արդարացավ մայրը:

Արմենը և Անժելան դժվարանում են երեխաների համար հագուստ գնել: Էս տարի երեք երեխա պետք է դպրոց ուղարկեն: «Անընդհատ մտածում ենք, թե էս ամսին ոնց պետք է աշխատենք, որ հասցնենք երեխեքի համար շոր առնենք»,-անհանգստությունը հայտնեց Անժելան: Նրա ասելով կողքից երեխաներին մեկ-մեկ հագուստ տալիս են: «Մեկ-մեկ էլ մենք ենք առնում: Մեկ-մեկ ասելով` դպրոցի համար ենք առնում, օգոստոսի վերջին»,- պատմեց նա:

Արմեն` ընտանիքի հայրը, պատմեց. «Պակասությունը շատ է իմ ընտանիքին վնասել: Երեխեք են: Մանր մունր տանը թողել եմ, տանից, տեղից կտրվել, ինձ թփերը տվել: Կինս սինդրիկ ծախող է եղել՝ Հայպետշինի շուկայումը: Առավոտը 7:30-ին  ինքը գներ շուկա, մինչև ժամը 5-ը հազիվ տուն գեր: Ես էլ առավոտը ժամը 5-ին գնեի հանդը՝ սինդրիկի: Իրար հետ հավասար տուն մտնեինք: Երեխեքը բրախած: Հա, բա էս պետությունը ինձ մի շահ տվե՞լ է: Պետությունը դրա համար իմ դժարը գալիս ա»:

Լուսանկարները` Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Մարինա14:29 - 30 հուլիսի, 2016
կարող եք հասցե կամ հեռախոսահամար փոխանցել, մարդիկ ուզում են օգնեն, նախապես շնորհակալություն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։