
Հովհաննես Հարությունյանը ողջ գիշեր չի կարողացել քնել. «Խավարասերները բարձրացել էին բաց վերքիս վրա»
Ժամեր առաջ փաստաբան Հայարփի Սարգսյանը տեսակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, ով հուլիսի 26-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Փաստաբանը «Հետք»-ին պատմեց, որ Հովհաննեսը աջ ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել, պարբերաբար ցավեր ունի, իսկ բժիշկները շատ չեն ցավազրկում, որպեսզի չափից ավելի մորֆին չընդունի։
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Հովհաննեսն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Մոտ օրերս փաստաբանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը վերաքննիչ ատյանում կբողոքարկի: «Կալանավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա կարող է փախուստի դիմել։ Անհիմն է այս որոշումը, քանի որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և չի կարող քայլել։ Դեռ ևս մեկ վիրահատության կարիք ունի»,-նշեց փաստաբանը։
Որքան էլ բժիշկները բարեհամբույր վերաբերմունք են ցուցաբերում Հովհաննեսին, փաստաբանին մտահոգում է հիվանդասենյակի սանիտարահիգենիկ պայմանները։ Սարգսյանը եղել է հիվանդասենյակում, որտեղ մոծակներ և խավարասեր կան, սենյակի անկյուններում՝ աղբ և ավելորդ իրեր են թափված, որոնք հավաքվել են փաստաբանի զգուշացումից հետո։ Հովհաննեսը Սարգսյանին պատմել է, որ ողջ գիշեր չի կարողացել քնել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա։
Մեկնաբանել