HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բնակարանի խուզարկության ժամանակ Ալեք Ենիգոմշյանը խնդրել է խնամքով վերաբերվել Մոնթե Մելքոնյանին վերաբերող նյութերին

«Հետքի» տեղեկություններով՝ այս գիշեր խուզարկել են Ալեք Ենիգոմշյանի բնակարանը: Լուրը ճշտելու նպատակով զրուցեցինք նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Վերջինս հաստատեց, որ նման բան եղել է, սակայն նշեց, որ ստորագրություն է տվել փաստերի չհրապարակման վերաբերյալ: Փաստաբանն ասաց, որ կարող է տեղեկություններ հաղորդել միայն այն մասով, որը չի վերաբերում նախաքննական գաղտնիքին, այդ փուլում ձեռք բերված ապացույցներին:

«Որևէ արտառոց բան հայտնաբերելու կամ չհայտնաբերելու հարց  չի եղել, ինձ թվում է՝ ընթացիկ քննչական գործողություն է կատարվել: Հաստատ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այս պահին մարտավարական խնդիր են լուծում: ԱԱԾ-ն որևէ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտություն չունի, և սա ուղղակի այն ստանդարտ, դասական  գործողություններից է, որ ԱԱԾ-ն կատարում է դատարան դիմելու համար, թե անհրաժեշտություն կա ինչ-որ փաստ ստուգելու: Իրականում որևէ փաստ ստուգելու անհրաժեշտություն չկա, նոր ապացույց ձեռք բերել հնարավոր չէ»,-ասաց փաստաբանը:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ Ալեք Ենիգոմշյանի միակ խնդրանքը եղել է այն, որ խուզարկության ժամանակ զգուշորեն վերաբերվեն Մոնթե Մելքոնյանին վերաբերող փաստաթղթերի արխիվին, նյութերին, ինչը ոստիկանության ներկայացուցիչներն իրականացրել են խնամքով, շատ զգուշորեն:

Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը: Նիկոլայ Բաղդասարյանը դժվարացավ ասել՝ կալանքի որոշում կլինի՞, թե՞ ոչ: «Ես մի շարք անձանց պաշտպանում եմ այս գործերով, և դատարանները որևէ դերակատարում չեն ունենում: Դատական համակարգը ոնց որ անջատված լինի, չի աշխատում ընդհանրապես»,-ասաց Ն. Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Ալեք Ենիգոմշյանի առողջական վիճակը բարվոք չէ: Այն պայմանները, որոնցում պահվում է, չեն համապատասխանում նման հաշմանդամություն ունեցող մարդուն անհրաժեշտ պայմաններին:

«Ցավոք, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամները դա տեսնելով՝ չեն արձանագրել, որ տեղի է ունենում խոշտանգում: Որովհետև, եթե պայմանները չեն բավարարում անձին կալանավայրում պահելու և իր համար չեն կարող այդ պայմանները ստեղծել, ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ համարվում է խոշտանգում: Բայց, ցավոք սրտի, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն անելու համար փորձեց այլ ձևակերպում անել, որ իրենք գործողություններ են կատարում պայմաններն ապահովելու ուղղությամբ: Բայց չի ասում, որ տեսել են, որ պայմաններն ապահովված չեն, և դա խոշտանգում է, փոխարենը փորձում է հաճոյանալ իշխանություններին այն առումով, որ ձեռնարկում ենք միջոցներ մարդուն այնտեղ պահելու համար»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ մեկուսարանում հաշմանդամություն ունեցող անձանց պահելու պայմաններ ընդհանրապես չկան:

Ալեք Ենիգոմշյանը ՁՊՎ-ում մնալու է 72 ժամ, եւ փաստաբանը կարծում է՝ կարճ ժամանակում չեն հասցնի ապահովել անհրաժեշտ պայմանները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter