HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի խոշոր հարկատուները. ոմանց թռիչքն ու ոմանց վայրէջքը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին երկու փոփոխությունները, որ աչքի են ընկնում, «Գրանդ Տոբակո» և «Թեղուտ» ընկերությունների թռիչքային աճն է։

Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 346,705 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 6,7%-ով։

Հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (տես ինֆոգրագիկան)։ Թռիչքային աճի արդյունքում երկրորդ տեղում է հայտնվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը։ Ծխախոտի արտադրությունը ներկայում Հայաստանի արդյունաբերության ոլորտում ամենաարագ տեմպերով զարգացող ճյուղն է։ Այս տարվա հունվար-մայիսի տվյալներով՝ ՀՀ մշակող արդյունաբերության շուրջ 16%-ը զբաղեցրել է ծխախոտի արտադրությունը։ Ավելի վաղ անդրադարձել ենք վերջին տարիներին ծխախոտի արտադրության ու արտահանման աճին:

Եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, որը 2015-ի առաջին կիսամյակում ևս երրորդ տեղում է եղել։ Զգալի է նաև «Թեղուտ»-ի աճը, որն այս անգամ չորրորդ տեղում է։ «Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի» մեկնարկը տրվել է 2014-ի տարեվերջից: Դրանով պայմանավորվախծ՝ վերջին մեկուկես տարում ընկերությունը բարելավել է դիրքերը խոշոր հարկատուների ցանկում։  

Հաջորդում է «Ալեքս Գրիգ»-ը, որն այս կիսամյակ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2015-ի նույն ժամանակահատվածում։

Վեցերորդ տեղում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է («Զվարթնոց» օդանավակայան)։Այս ընկերությունը ևս զգալիորեն բարելավել է դիրքերը, քանի որ 2015-ի առաջին կիսամյակում 25-րդ տեղում է եղել։ Խոշորների ցանկում ընկերության առաջընթացին նպաստել է տարվա առաջին երեք ամիսներին վճարած հարկերի ծավալը։ Առաջին եռամսյակում այն վճարել է 4,9 մլրդ դրամ ու հայտնվել երկրորդ տեղում, մինչդեռ նախորդ տարվա նույն ընթացքում մոտ 5 անգամ ավելի քիչ հարկ էր վճարել։ Իսկ երկրորդ եռամսյակում, փաստորեն, տեմպերը նվազել են. ընկերությունը վճարել է  ընդամենը 1,25 մլրդ դրամ։  

Տասնյակում գտնվող «ԱրմենՏել»-ը զիջել է դիրքերը։ Այս անգամ 7-րդ տեղում է, մինչդեռ 2015-ի առաջին կիսամյակում 5-րդում էր։

Հաջորդում է «Ֆլեշ»-ը՝ հարկերի որոշակի նվազմամբ։

Իսկ տասնյակի վերջին երկու տեղը զբաղեցրած ՀԱԷԿ-ը և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը ավելացրել են հարկերի չափը, ընդ որում՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի դեպքում աճն ավելի ակնառու է։


Create bar charts

Խոշոր հարկատուների ցանկից երևում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վիճակը չի բարելավվել։ Ընկերությունը տարիներ շարունակ եղել է հանրապետության 5 ամենախոշոր հարկատուների շարքում, սակայն այս տարի նահանջել է։ Որպես պատճառ ընկերությունից մատնանշում են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկումը, ինչի արդյունքում կոմբինատը լուրջ վնասներ է կրում։  Այս տարվա առաջին եռամսյակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտնվել էր 11-րդ տեղում, իսկ կիսամյակի կտրվածքով 17-րդ տեղում է։ Վճարել է մոտ 3,1 մլրդ դրամ։ Մինչդեռ 2015-ի առաջին կիսամյակի տվյալներով հանրապետության երկրորդ ամենախոշոր հարկատուն է եղել՝ ավելի քան 9,7 մլրդ դրամի հարկերով։

2015-ի առաջին կիսամյակում տասնյակում էր նաև «Ղ-Տելեկոմ» ընկերությունը  (Vivacell-MTS)՝ 9-րդ տեղում։ Թեև այս ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ 0,5 մլրդ դրամով, սակայն տասնյակում գտնվող ընկերությունների հարկերի փոփոխությունների արդյունքում այն հայտնվել է 13-րդ տեղում։

2015-ի առաջին կիսամյակի համեմատ հարկերի զգալի աճ է գրանցել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը։ Ընկերությունն այս կիսամյակ հայտնվել է 12-րդ տեղում (2015-ի առաջին կիսամյակում 29-րդում էր)։ Վճարել է 5,256 մլրդ դրամ՝ հարկերի չափն ավելացնելով  մոտ 3 անգամ։ Ընկերությունը 2015-ի տարեկան արդյունքերով խոշորների ցանկում 5-րդ տեղն է զբաղեցրել (16,9 մլրդ դրամով, 2014-ին՝ 43-րդ տեղ, 2,9 մլրդ դրամ)՝ շնորհիվ երրորդ եռամսյակում հարկերի ծավալի թռիչքային աճի, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի օտարմամբ։ Հիշեցնենք, որ 2014-ի տարեսկզբին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջև պայմանագիր ստորագրվեց Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի վերաբերյալ։ Իսկ այս տարվա առաջին եռամյակում ընկերությունը վճարել է ընդամենը 252 մլն դրամի հարկ։ Նշանակում է, որ կիսամյակի հարկերի աճը գրանցվել է երկրորդ եռամյսակում։ Չի բացառվում, որ այն ևս կապ ունի օտարման գործընթացի հետ։

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ երկրորդ տասնյակում են նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (5,448 մլրդ դրամ), (5,252 մլրդ դրամ), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն (4,51 մլրդ դրամ), «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը (4 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (3,878 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»-ը (2,98 մլրդ դրամ), «Ամերիաբանկ»-ն (2,661 մլրդ դրամ) ու «Սվերս»-ը (2,569 մլրդ դրամ)։

Խոշոր հարկատուների ցանկում գրանցված այլ փոփոխությունների կանդրադառնանք առաջիկայում, երբ հարկատուներին ներկայացնենք ըստ ոլորտների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter