HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լևոն Բարսեղյան. «Իմ ազատությունների համար ինչքան պետք կլինի, ես նստող եմ»

Արդեն տեղեկացրել ենք՝ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը: Ըստ դրա՝ Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, ուստի քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին:

Քիչ առաջ ազատ արձակված Բարսեղյանը հանդես եկավ ասուլիսով` հայտարարելով, որ իշխանությունը այս անգամ որոշեց նահանջել։ Իրեն ազատազրկելու նպատակը ինչ-որ ժամանակով իրեն մեկուսացնելն էր, և եթե հուլիսի 17-ին իրեն ազատազրկեցին մի քանի ժամով, հուլիսի 26-ին մի քանի օրով, ապա համոզված է՝ մյուս անգամ առավել երկար ժամանակ կզրկվի ազատությունից։

Բարսեղյանին Խորենացի փողոցից բերման են ենթարկել հուլիսի 26-ին` 02։45-ի սահմաններում։ Սկզբում տարել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք, խուզարկել իր մոտ գտնվող իրերը և հայտնաբերել դանակը։ Ոստիկանական բաժանմունքում Բարսեղյանը հայտնել է, որ «Սերժ Սարգսյանի ոստիկանների» հարցերին չի պատասխանում, ոչինչ չի գրելու և ստորագրելու։

Առավոտյան՝ 08։15 սահմաններում, Շենգավիթի ոստիկանական բաժին են ժամանել Կումայրիի ոստիկանական բաժանմունքից քաղաքացիական հագուստով անձիք և Բարսեղյանին հրամայել նստել իրենց ավտոմեքենան։ Այդ ընթացքում Բարսեղյանի հարազատներին տեղեկացրել են, թե նրան ազատ են արձակել, եթե լուր չունեն, հնարավոր է՝ ընդհատակ է այցել։ Այնինչ նա այդ ընթացքում գտնվել է Կումայրիի ոստիկանական բաժանմունքում։ Այնտեղ Բարսեղյանին պահել են 10։30-14։00-ի սահմանները, այնուհետև ներկայացրել ծանուցագիր, ըստ որի` 17։00-ին կրկին պետք է գնա Շենգավիթի ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության նպատակով։ Սակայն ոստիկանները Բարսեղյանին զգուշացրել են, որ Գյումրիից իրենք պետք է նրան տեղափոխեն Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։ 

Ժամը 17։00-ին Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում կրկին խուզարկել են Բարսեղյանին, մեղադրանք առաջադրել 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ սառը զենք պահելու կասկածանքով։ Այնուհետև, արդեն 20։00-ին, Բարսեղյանին տեղափոխել են էրեբունու ՁՊՎ և մոտ մեկ ժամ անց ազատ արձակել։

Բարսեղյանն այս գործով նաև կարողացել է ձեռք բերել փաստաթուղթ, որով դանակ կրելը, իր մոտ եղածի չափով, այլևս անօրինական չէ։ Բարսեղյանը հիշում է, որ անցած տարի ևս` Բաղրամյան պողոտայում կայացած ցույցերի ժամանակ Նոր Նորքի ոստիկանական բաժին բերման ենթարկելուց հետո խուզարկել են իր դանակը, չափել և գծել այն, այնուհետև վերադարձրել` ասելով, որ ունի նման դանակ կրելու իրավունք։

Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը ևս հաստատում է՝ այս դեպքի յուրաքանչյուր դրվագ խախատում է, մասնավորապես` ազատազրկման տևողությունը, ձևը, պայմանները, իրավական աջակցություն չունենալու և չտրամադրելու հնարավորությունները։ Սակայն իրավունքի ամենամեծ խախատում է համարում խոսքի ազատության և հավաքներին մասնակցելու հանգամանքով Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը։ Փաստաբանը ասում է, որ Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում իրենց անհարգալից վերաբերմունք են ցուցաբարել։ Ոստիկանական բաժանմունքում գտնվելու 14 ժամերի ընթացքում Բարսեղյանին ո´չ սնունդ, ո´չ ջուր, ո´չ կարիքները հոգալու հնարավորություն են տվել։

Ճնշման և լարված մթնոլորտում Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է, փաստաբանը զանգահարել է շտապ օգնություն, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանական բաժանմունք, այնուհետև, երբ բժիշկները զանագահարել են փաստաբանին` հայտնելով, որ իրենց արգելում են մոտենալ հիվանդին, ոստիկանները նոր թույլատրել են։ Մինչ այդ Բարսեղյանը խնդրել է ջուր տրամադրել՝ դեղահաբ ընդունելու համար, սակայն պատասխանել են՝ «մենք ստեղ ջուր չունենք, կներեք, երրորդ  հարկում ենք»։

Բարսեղյանը իր խախտված իրավունքները վերկանգնելու է ոստիկանության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելով: «Շարունակելու եմ մասնակցել հանրահավաքների: Իմ ազատությունների համար ինչքան պետք կլինի, ես նստող եմ»,- ասում է Բարսեղյանը։

լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter