HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի» հիվանդանոցից պիտի թույլ չտային ծանր հիվանդին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմում է ներկայացրել ուղղված է Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` պահանջով, որ իր պաշտպանյալ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը շտապ տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:

«ՔԿՎ-ն մեկ գրությամբ կարող է անձին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին վերակենդանացման բաժանմունքից են տարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մեկուսարան: Փաստաբանը երեկ ու այսօր տեսակցել է Արամին: Նրա պահման պայմանները գնահատում է անտանելի` «ծայրից ծայր խոշտանգում է»:

Փաստաբանի փոխանցմամբ, Արամ Մանուկյանին երեկ վիրակապել են «Էրեբունի» ԲԿ բժիշկները: Ինեսսա Պետրոսյանի դիտարկմամբ, «Էրեբունի» ԲԿ-ից պիտի թույլ չտային իրենց հիվանդին այդպիսի ծանր վիճակում տեղափոխել ու գցել նման անմարդկային պայմաններում:

«Առաջին տպավորությունն այն է, որ այդ հիմնարկը ինչ-որ ձևով պիտի հիշեցնի հիվանդանոց: Բայց այն վայրը, որտեղ ինձ ուղեկցեցին, մեկուսարան է, 17 տարվա փորձիս ընթացքում, նման վայրում չէի էլ եղել: Ինձ թվաց տեղ էր, որտեղ վաղուց մարդ չէր եղել: Մի խայտառակ վայր, պատերը բորբոնած»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը կոչ արեց լրագրողներին գնալ ու տեղում տեսանկարահանել այն պայմանները, որտեղ պառկած է Արամ Մանուկյանը, քանի որ Պետրոսյանին թույլ չեն տվել անգամ բջջայինը ներս տանել: Փաստաբանը նշեց, որ եթե լրագրողներին թույլ տան այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ապա ինքը ևս ներկա կլինի, որպեսզի խորամանկ քայլով չորոշեն Արամ Մանուկյանին համեմատաբար բարվոք պայմաններով տարածք տեղափոխել և լրագրողներին ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է:

Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մեկուսարանի անմարդկային պայմանները տեսել են նաև ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները և ՔԿՎ պետի երկու տեղակալները: Վերջինները նշել են, որ կապահովեն բժշկի շուրջօրյա ներկայություն: «Բայց 140 հոգի կա այդ հիվանդանոցում, մի քանի բաժին, ամեն բաժնում մեկ բուժակ կա հերթապահ»,- նշեց փաստաբան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter