HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Միքայելյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվեց

Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանի կինը՝ Լիանա Եդիգարյանը, պատմում է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Խորենացի փողոցում կայացած հավաքից հետո Արմենի ծնողներին տուն ճանապարհելիս Տիգրան Մեծ փողոցի դալաններից մեկում անհայտ անձինք հարձակվել են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով՝ նստեցրել ավտոմեքենան։

«Երկու մեքենայով, մեզ վրա արագ քշելով եկան, մեր ճանապարահը կտրեցին։ Քաղաքացիական հագուստով 8-10 ոստիկաններ դուրս եկան մեքենայից ու, Արմենին առևանգելով, բռնի ուժով տարան անհայտ ուղությամբ։ Այդ անձինք ոչ մի բառ չեն խոսել։ Ես գոռում էի, միայն ինձ ասում էին՝ սուս մնա, սուս մնա։ Երբ Արմենին տարան, երկրորդ մեքենայի տղամարդկանցից մեկը ասաց՝ տանում ենք Կենտրոն ոստիկանություն»,- մանրամասնում է կինը։  

Ընտանիքը Արմենից տեղեկություն չի ունեցել մինչև առավոտյան 06։00, երբ Մալաթիայի ոստիկանական բաժանմունքից զանգահարել են Լիանային եւ հայտնել՝ Արմենը գտնվում է ոստիկանական բաժանմունքում, ձերբակալված է և փաստաբանի կարիք ունի։

Լիանան Արմենին տեսակցել է դեպքի հաջորդ օրը, և Արմենը պատմել է, որ ավտոմեքենայում, իրեն ձեռնաշղթաներ հագցրած վիճակում, այդ անձինք ստիպողաբար ատրճանակ են դրել տաբատի և գոտիի միջև։

Ալեք Ենիգոմշյանը դեռևս օրեր առաջ բացառել էր այն փաստը, որ Արմենը կարող էր ատրճանակ կրել։ Կինը ևս անտրամաբանական է համարում ատրճանակ կրելու մեղադրանքը, քանի որ Արմենը ողջ օրը եղել է Ենիգոմշյանի հետ և չէր կարող ատրճանակ կրել՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատրճանակ կրելու որևէ պատճառ չուներ։

Գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն  է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։

Արմենը փաստաբանին ևս նկարագրել է, թե ինչպես են ոստիկաններն ատրճանակը դրել գոտկատեղին, այնուհետ՝«հայտնաբերել»։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Միքայելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Այս պարագայում, ինձ համար, առնվազն, ակնհայտ է՝ տեղի ունեցողը, բացառապես, քաղաքական հետապնդում է, ապօրինի որոշում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Արմենը հանդիսանում է Հիմնադիր խորհրդարանի անդամ։ Խնդիր է դրված՝ նրան անազատության մեջ պահել»,- մեկնաբանում է փաստաբանը։

Վարոսյանը ընդգծում է՝ պատրաստվում են իրավական բոլոր միջոցներով պաշտպանվել ապօրինի մեղադրանքից և մոտ օրերին բողոք կներկայացնի վճռաբեկ դատարան։

Լուսանկարը` Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter