HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչը Պավել Մանուկյանին տեսակցելու արգելք է դրել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Ասպրամ Մանուկյանն այսօր ասաց, որ հիվանդանոց տեղափոխելու առաջին օրվանից չի կարողացել տեսակցել հորը:

«Փաստաբանը մեզ ասաց, որ քանի դեռ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք չեն նշանակել, մենք իրավունք ունենք տեսակցելու, բայց հետո քննիչն ասաց, որ տեսակցության արգելք է դրել, դրա համար չթողեցին մեզ ներս»,- պատմեց Ասպրամը: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հարազատներին փոխանցել է, որ Պավել Մանուկյանը կարողանում է խոսել, բայց հրաժարվում է սնվելուց, քանի որ հացադուլ է հայտարարել: Ասպրամը տեղեկացրեց, որ չի կարողացել խոսել ոչ միայն հոր, այլև բժիշկների հետ: Ասաց, որ երեկ մոտ երկու ժամ հիվանդանոցում սպասել են, բայց չի հաջողվել խոսել որևէ բժշկի հետ:

«Փաստաբանն է խոսել, ու ասել են, որ դրական փոփոխություն կա, օրգանիզմը ուժեղ է, կարողանում է արագ ապաքինվել: էս վերջերս բայց շատ լուրջ են, որովհետև մի ոտքի մեջ երկու փամփուշտ է անցել, ու մեծ տրամաչափի փամփուշտներ են եղել, վերևի հատվածները ամբողջովին կոտրված են, երկաթներով հավաքել են: Երկու ոտքն է վիրավոր, մի ոտքին մի փամփուշտ է կպել, մյուս ոտքին` երկու, վերևի հատվածը: Ոնց որ ասացին, որ նաև ներքևի հատվածն էլ է վնասված»,- ասաց Ասպրամը:

Բժշկական ինչ գործողություններ են կատարվում այս փուլում, առողջական ինչ վիճակում է Պավել Մանուկյանը` արդեն երկու օր է` չենք կարողանում մանրամասներ ճշտել հենց «Էրեբունի» բժշակական կենտրոնից: Բժիշկները, համաձայնում են խոսել միայն այն դեպքում, երբ պայմանավորվածություն ձեռք կբերվի մամուլի բաժնի հետ, իսկ այս բաժնի պատասխանատուն չի պատասխանում բազմաթիվ հեռախոսազանգերին: Հիվանդանոցի մուտքը հսկում են զինված ոստիկանները, վերակենդանացման բաժանմունքում ևս ոստիկաններ են հավաքված` նախկինում անվտանգության մեկ աշխատակցի փոխարեն:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում էր ստանում նաև Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, ով դուրս գրվեց և տեղափոխվեց «Դատապարտայլների հիվանդանոց» ՔԿՀ: Ասպրամն ասում է, որ եղբորն այսօր տեղափոխել են այլ պալատ, որտեղ պայմաններն ավելի լավ են: «Մյուս պալատում ընդհանրապես հնարավոր չէր հիվանդ պահել, խավարասերներ կային, վերքի վրա էին հավաքվում, խոնավ, պատերը բորբոսնած, ընդհանրապես ոչ մի հարմարություն չկար, բայց ասացին, որ այսօր արդեն տեղափոխել են»,- ասաց Ասպրամը: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ինեսսա Պետրոսյանը ասել էր, երեկ ու այսօր տեսակցել է Արամին` նրա պահման պայմանները գնահատելով անտանելի, «ծայրից ծայր խոշտանգում»:

Հիշեցնենք, որ Պավել և Արամ Մանուկյանները վիրավորվել են հուլիսի 28-ի լույս 27-ի գիշերը: «Սասնա Ծռեր» խումբը հայտարարել էր, որ ոստիկանությունը հարձակում է գործել, ինչին ոստիկանությունը պատասխանեց, թե Մանուկյանները վիրավորվել են փոխհրաձգության հետևանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter