Կիրակի, 23 սեպտեմբերի

Լրագրողները ենթարկվել են հարձակման. նրանց թվում են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները



Մոտ մեկ ժամ առաջ «Սարի թաղում» հարձակման են ենթարկվել ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը: Հարձակման է ենթարկվել նաև ռադիոկայանի օպերատորը:

Կարլեն Ասլանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Սարի թաղից իջնելու պահին քաղաքացիական հագուստով, ամրակազմ մարդկանց մի խումբ հարձակվել է քաղաքացիների վրա: Լրագրողի խոսքերով՝ այդ խումբը բավականին կազմակերպված էր: Կարլենն ասաց, որ ակնհայտորեն տեսել են, որ լրագրող է, ձեռքին կա բարձրախոս, փորձել են քաշել, խոչընդոտել աշխատանքը: Կարլեն Ասլանյանի խոսքերով՝ խումբը գոռում էր՝ «կոտրել», «քաշել», «պոկել» և այլն:

Լրագրողի խոսքերով՝ թեթև մարմնական վնասվածք է ստացել: Կարլեն Ասլանյանը նշեց, որ ցուցարարների թիկունքից համազգեստով ոստիկաններն էին գալիս, իսկ առջևից՝ քաղաքացիական հագուստով կազմակերպված խումբը, իրենք այլընտրանք չեն ունեցել, քան առաջ գնալը:

Հենց ուղիղ եթերում ոստիկանները հարձակվեցին Հովհաննես Մովսիսյանի վրա: Նա չընդհատելով եթերը վազքով մտավ մոտակա խանութ: Նրա պատմելով՝ ճանապարհիին մի քանի լրագրողների ևս նկատել է, որոնց բռնության են ենթարկել: Քաղաքացիական հագուստով անձանց նպատակն է եղել առաջին հերթին կոտրել տեսախցիկները:

Մինչ խանութ հասնելը Հովհաննես Մովսիսյանին հարվածել են քաղաքացիական հագուստով անձինք: Նա ասել է, որ այդ պահին նկարահանում չի իրականացնում՝ փորձելով խուսափել հարվածներից, սակայն ապարդյուն. ծեծող խումբը հանգիստ է թողել միայն այն բանից հետո, երբ կրակոցի ձայներ են լսվել:

Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից լրագրողները նաև թեթև այրվածքներ են ստացել:

Լրացում: Տուժած լրագրողների շարքում են նաև «Ա1+»-ի օպերատոր Տիգրան Բադալյանն ու լրագրող Ռոբերտ Անանյանը, ով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը, օպերատոր Դավիթ Հարությունյանը, «Սիվիլնեթ»-ի լրագրողն ու օպերատորը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Աղվան Ասոյանն ու օպերատոր Ալբերտ Գալստյանը, Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը, ռուսական Life հեռուստաընկերության օպերատորը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ