Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ոստիկանները լրագրողներին հրահանգել են հավաքվել մի տեղ և պայթուցիկներ են նետել նրանց ուղղությամբ



«Ա1+» լրատվամիջոցի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ երեկոյան քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելու ժամանակ «Սարի թաղում» լրագրողը վնասվածքներ է ստացել: Ոստիկանների նետած պայթուցիկներից վնասվել են Ռոբերտի երկու ոտքերը: Աջ ոտքին ստացել է երկու բեկորային պատռվածք, ձախ ոտքին՝ մեկ նմանատիպ վնասվածք, ձեռքը նույնպես վնասվել է: Իսկ գլխավերևում պայթող նյութերից, ձայներից ուժեղ գլխացավ ունի:

Ռոբերտը նշեց, որ ոստիկանական գործողությունից առաջ ոստիկանները լրագրողներին զգուշացրել են հեռանալ տարածքից և առանձնանալ: Լրագրողները հիմնականում կատարել են պահանջը, սակայն ոստիկանների կողմից նետված առաջին պայթուցիկները նետվել են հենց լրագրողների ուղղությամբ:

«Իմ տպավորությամբ, թիրախավորված էին լրագրողները, հատկապես տեսախցիկ ունեցողները: Կարծում եմ՝ ոստիկանները գործողություններից առաջ միտումնավոր էին լրագրողներին առանձնացնում մեկ վայրում, որպեսզի ավելի հեշտ նրանց չեզոքացնեն»,-ասում է լրագրողը:

Ռոբերտը պատմեց, որ երեկ, ժամը 22.30-ից սկսած, անընդհատ լսվել են պայթյունի ձայներ, կրակոցներ, և ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ քաղաքացիների շրջանում շփոթմունք կար, քանի որ նրանք ընդհանրապես քար չեն նետել, ոչ մի միջոց չեն կրառել ոստիկանների դեմ, պարզապես պաշտպանվողի դերում էին:

Ռոբերտ Անանյանն ասաց, որ ինքն ու օպերատոր Տիգրան Բադալյանը ևս թիրախում են հայտնվել: Տիգրանը թեթև մարմնական վնասվածք է ստացել և, Ռոբերտի տեղեկություններով, չի դիմել հիվանդանոց:

«Լուսաձայնային նռնակներ էին նետում: Պայթում էին մեր գլխավերևում, ոտքերի տակ և չէինք կարողանում հաշվել, թե ինչքան նռնակ պայթեց մեր կողքին:  Այնուամենայնիվ, շարունակում էինք մեր աշխատանքը, զգում էինք, որ վնասվածքներ ունենք, բայց ապահովում էինք ուղիղ եթերը»,-պատմում է լրագրողը:

Ռոբերտին առաջին բուժօգնությունը ցուցաբերել են «Սարի թաղի» բնակիչները, մշակել են վերքերը: Իսկ նրանցից մեկն առաջարկել է իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին՝ դեռ «Սարի թաղից» դուրս չեկած, համազգեստով ոստիկանները, Ռոբերտի հիշելով՝ «կարմիր բերետավորներ», կանգնացրել են ավտոմեքենան: Հարցրել են, թե ովքեր են և լրագրողները ներկայանալով ցույց են տվել լրագրողական վկայականները: Ոստիկանները քաշելով պոկել են «Ա1+»-ի օպերատորի «բեյջը»:

«Մեզ ուղղակի դուրս շպրտեցին ավտոմեքենայից: Մահակների ձայներ էր լսվում: Չգիտեմ Տիգրանը դրանից հարվածներ ստացել է, թե ոչ, ես էլ արդեն չէի հասկանում, ինձ խփում են, թե ընկնում եմ գետնին: Շատ շոկային իրավիճակ էր: Տեղաշարժման այլ միջոց չունեինք, ստիված այդ վիճակով սկսեցինք ոտքով քայլել»,-ասում է Ռոբերտ Անանյանը:

Դրանից հետո ճանապարհին հանդիպել են «Առաջին լրատվականի» խմբագրին, ով փնտրել է իր լրագրողներին: Ռոբերտի խոսքերով՝ մոտ 40 րոպե այդ վնասվածքներով քայլել է «Սարի թաղի» փողոցներով, մինչև ճանապարհին հանդիպել են շտապօգնության ավտոմեքենայի:

Բժիշկները օգնություն են ցույց տվել Ռոբերտին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ռոբերտն ասում է, որ չի կարողանում ոտքի վրա կանգնել, վերքերը ոտքի ծալվող հատվածում են:

Լրագրողը նշեց, որ դեռ չի խորհրդակցել իր լրատվամիջոցի ղեկավարության հետ, սակայն մտադրված է պաշտպանել իր իրավունքները:

«Ես ուզում եմ ստանալ իրավական գնահատական, թե ինչու նման իրավիճակում հայտնվեցինք, ինչու թիրախավորվեցինք, ինչու նման վնասվածքներ ստացանք, ինչու ես ստիպված պետք է չաշխատեմ նաև նյութական վնասներ կրեմ և այլն»,-ավելացրեց Ռ. Անանյանը:

Լուսանկարը և տեսանյութը «Ա1+»-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ