HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 25-26-ը ապրիլի

Մարդու հիշողության մեջ յուրաքանչյուր դեպք, մարդ, առարկա կամ վայր տպավորվում է հստակ պատկերներով: Այսօր արդեն մտածում եմ, որ հետագայում Ստամբուլի մարդկանց մասին հիշելիս նախ կմտաբերեմ շագանակավաճառ տղամարդկանց, որ բարձր ձայնով գովում են իրենց ապրանքը: Հետո երեւի հիշեմ պաղպաղակ պատրաստող երիտասարդներին, որ ձեռնածուի նման երկար ձողի վրա վարպետորեն պտտեցնում են խյուսն ու գրավում տուրիստների ուշադրությունը, վերջիններիցս հիացական արտահայտություններ ու ժպիտներ շահում, ապա եւ՝ պաղպաղակի արժեքը:

Թբիլիսցի երիտասարդներն, օրինակ, իմ մեջ տպավորվել են իրենց ազատականությամբ, տղաները հատկապես՝ գանգուր, շեկ, առատ մազերով ու երբեմն չսափրած դեմքով: Թուրքերը մի փոքր այլ են. տղաները մեծ ուշադրություն են դարձնում իրենց սափրվածքին. մազաշատ դեմքերից մինչեւ ստորին շրթունքի տակ փոքր մազափունջ ունեցող երիտասարդների կհանդիպես: Շատերն էլ ձախ ականջին ականջօղ են կրում (ասում են՝ աջին կրելը միասեռականության նշան է):

Պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե հայ տղերքը նման «ջահելի» տեսնեին իրենց շրջապատում: Նվազագույնը մի քանի «քաղցր» ռեպլիկներն ապահոված կլինեին: Դե, իսկ թուրք աղջիկներն ու կանայք տղամարդկանցից ոչ պակաս ծխող են: Համենայնդեպս, այս օրերի ընթացքում ծխող կանանց ու տղամարդկանց տեսել եմ հավասարաչափ: Թուրքիայում ծխելը որոշ մարդիկ նույնիսկ համեմատում են Ռուսաստանում օղի խմելու հետ: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս երկրի տղամարդկանց 50 եւ կանանց 20 տոկոսը ծխող են:

Թուրքիայից ինձ հուշ կմնան նաեւ վարորդները: Սկզբում մտածում էի, թե թուրքերն այս ոլորտում մերոնցից հետ չեն մնում, բայց շուտով հասկացա, որ մերոնք դեռ թուրքերին «հասնելու» տեղ ունեն: Ստամբուլի լայն, բայց նաեւ մեքենաներով լի փողոցներում դիմացովդ անցնող մարդատարի վարորդն այնպիսի ճարպկությամբ է բեռնատարի ու մեկ ուրիշ մարդատարի արանքով երրորդից երկրորդ գիծ մտնում, որ ապշում ես: Մեզ մոտ հաճախ դա կավարտվեր վթարով, բայց այստեղ դեռեւս նման բան չեմ տեսել:

Ստամբուլում հաճախ կհանդիպես ջութակ, թավջութակ, սազ, կիթառ կամ այլ գործիք նվագող մարդկանց՝ ծերունիներից մինչեւ երիտասարդներ: Սա փող աշխատելու ընդունված ձեւ է, ու ոչ ոք դրա համար թարս չի նայում այդ մարդկանց, ինչպես Երեւանում, որտեղ մտածում են, թե եթե մետրոյի կայարանի մոտ կամ փողոցում նվագում, երգում է, ուրեմն բոմժից մի աստիճան է բարձր: Թուրքիայում մարդիկ փող են աշխատում հազար ու մի ձեւով: Երիտասարդներից ոմանք աղբահավաք են, ուրիշները՝ մատուցող ու հավաքարար:

Քանի չեմ մոռացել, ասեմ, որ Ստամբուլն իր չափերի քաղաքի համար համեմատաբար մաքուր է: Մեծ ու փոքր փողոցներից շատերում պարբերաբար շրջում են երկու մեծ խոզանակով զինված մեքենաները, որոնք ներս են քաշում աղբը: Նրանց օգնում են հավաքարարները, որոնք հատկապես Իսթիկլալում անընդհատ շարժման մեջ են. ծխախոտի մի գլանակ, կոնֆետի մի թուղթ, այլ աղբ տեսան՝ անմիջապես ավլում են: Եվ ամենազարմանալին հայերի համար. հավաքարարներն ու ճաշարանների մատուցողները, աշխատակիցները տղամարդիկ են: Հատկապես սննդի օբյեկտներում ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են:

Թուրքիայում առ այսօր մեծ տարածում ունի «էստի համեցեքը»: Շագանակավաճառները, պաղպաղակավաճառները, թերթավաճառները, լոտո վաճառողները, տարբեր թռուցիկ բաժանողները իրենց բացականչություններով ու առաջարկներով աստիճանաբար հոգնեցնում են ականջներդ:

Գործընկերներով որոշեցինք ծով գնալ երեկոյան: Բեյօղլուից Ոսկեղջյուր ծովախորշի վրայով իջանք Ստամբուլի բյուզանդական մաս տանող Գալաթայի կամրջի տակ: Կամրջի վրա՝ երկու կողմում, շարվել են ձկնորսները, որոնք տեղում որսացած ձուկը վաճառում են մի քանի թուրքական լիրայով: Ամբողջ մայթը բուրում է ձկան հոտով: Կամրջի տակ ձգվում է սրճարանների շարքը:

Մերօրյա «Գիքորներին» տեսնելու համար հենց այստեղ պետք է գալ: Երիտասարդ, հաճելի արտաքինով տղամարդիկ, հատկապես երբ անցնող կին ու տղամարդ են տեսնում, անմիջապես կտրում են նրանց ճանապարհն ու սկսում իրենց սրճարանում տեղ առաջարկել, գովել օբյեկտի հնարավորությունները՝ երաժշտություն, լավ միջավայր, եւ այլն, եւ այլն: Մեզ հանդիպած երիտասարդն այնպես մեղրածոր ու թախանձագին էր առաջարկում նստել իրենց սեղանիկներից մեկի մոտ, որ ծիծաղներս չէինք կարողանում զսպել:

Նստեցինք սրճարանի ներսում. մի-մի հատ կոկտեյլ պատվիրեցինք: Քիչ անց մատուցողը սովորական նարինջի հյութ բերեց: Այ քեզ բան: Անգլերեն բացատրեցինք, որ հյութ չենք ուզել, այլ կոկտեյլ: Ասում է՝ այո, սա մրգի կոկտեյլ է` առանց ալկոհոլի: Ասում եմ՝ սա կոկտեյլ չէ, սովորական հյութ է, նա էլ թե՝ այո, հյութ է: Շնորհակալություն հայտնեցինք ու գլխով արեցինք:

Մինչ այդ մեր «Գիքորը» դրսում մի տղամարդու եւ երկու կնոջ առաջ գովում էր սրճարանի սննդացուցակը՝ մենյուն: Ծիծաղով հետեւում էինք նրա գործողություններին. «Գիքորի» «ուռկանն այս անգամ ծովից դատարկ դուրս եկավ»: Պետք էր տեսնել միայն նրա դեմքի արտահայտությունը: Չնայած սովորական նարնջի հյութի համար վճարված անհամաչափ գումարին՝ արժեր գալ այստեղ՝ թեկուզ միայն այս կոլորիտը զգալու եւ «Գիքորներին» տեսնելու համար:  

Ստամբուլ

Մեկնաբանություններ (1)

shaqar
ամենահամով, էժան, թարմ պատրաստած ձուկը այնտեղ եմ կերել: ոչ մի եվրոպական երկրում այդպիսի գեղեցիկ տեսարանով ռեստորանում այդպիսի զարմանալի գնով չես ճաշի, էն էլ թարմ ձուկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter