HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կենտրոնական բանկը ես եմ

(Տես` Սնանկացած բանկի պատմությունից)

«Պետությունը ես եմ»,- 17-րդ դարում ասում էր Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոս XIV- ը: 4 դար անց Հայաստանի պաշտոնյաները փորձում են նմանվել Լյուդովիկոսին:

«ՀՀ Կենտրոնական բանկ» հասկացությունը նշանակում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը...»: Ի՞նչ եք կարծում, որտեղից են այս տողերը: Իհարկե, ոչ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագծից: Բանկերից մեկի առողջացման ծրագրից է, որը ստեղծվել է Կնտրոնական բանկում: Ու քանի որ, ըստ այդ փաստաթղթի ՀՀ Կենտրոնական բանկ նշանակում է ԿԲ-ի նախագահ, այսինքն` Տիգրան Սարգսյան, ապա այս հոդվածում ԿԲ հասկացությանը հանդիպելիս պարզապես պետք է հասկանալ Տիգրան Սարգսյան: Բնականաբար, այս փաստաթուղթը նույնպես բանկային գաղտնիք է:

Մեր տրամադրության տակ կան բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային գաղտնիքներ: Եվ մենք պատրաստվում ենք անհրաժեշտություն դեպքում հրապարակել դրանք, պետական պաշտոնյանները, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, թույլ են տվել օրինախախտումներ: Ընդհանրապես բանկային համակարգում մի սովորություն կա ` ցանկացած փաստաթղթի վրա գրել բանկային գաղտնիք: Սակայն ինչպես ցույց են տալիս Հայաստանի բանկային համակարգում ընթացող գործընթացները, այդ ոլորտի պաշտոնյաները դրանով պարզապես ապահովագրում են իրենց չարաշահումները:

Հայաստանում բանկերը ոչ թե սնանկանում են, այլ սնանկացվում: Երբ Հայաստանում բանկը անվճարունակ է ճանաչվում, ԿԲ-ն, որպես կանոն, անմիջապես սկսում է խոսել նրա առողջացման մասին: Սակայն այս տարիների ընթացքում մեկ տասնյակից ավել անվճարունակ ճանաչված բանկերից ՀՀ ԿԲ-ի հաստատած առողջացման ծրագրով ոչ մի բանկ չի առողջացել:

Ուրեմն կամ այդ ծրագրերը փուչ են, կամ առողջացնողները չեն կարողանում իրականացնել դրանք, կամ էլ պարզապես չեն ցանկանում առողջացնել: Մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ բանկերը Հայաստանում ոչ թե սնանկանում են, այլ խլվում են սեփականատերերից: Բանկը սեփականատիրոջից խլելու եւ հարյուրավոր ավանդատուների դատարկաձեռն թողնելու պրակտիկան դիտարկենք «Կրեդիտ-Սերվիս բանկի» սնանկացման գործընթացով:

Հենց այս բանկում է գործի դրվել խլման դասական տարբերակը, սակայն «գործը» մնացել է կիսատ, չեն կարողանում այն մարսել` այս անգամ ի պատիվ ՀՀ Գլխավոր դատախազության: Մինչ 06.11.2001թ.-ին «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունումը, բանկերին անվճարունակ կամ սնանկ ճանաչելու հարցերը կարգավորվում էր 1996թ.համանանուն օրենքով:

Հենց այդ օրենքի բազմաթիվ հոդվածները խախտելով 2001 թ. ՀՀ ԿԲ վերահսկողության դեպարտամենտի պետ Արտաշես Դավթյանը Կրեդիտ-սերվիս բանկի նախնական խնամակալ էր նշանակել իր բարեկամին` Տիգրան Միրզոյանին: Նշանակումը կատարել էր գաղտնի, որպեսզի այդ որոշումը բանկի պարտատերերի (հիմնադիր, ավանդատու եւ այլ) կողմից չբողոքարկվեր դատարան: Որոշումը պետք է գաղտնի պահվեր այնքան ժամանակ, մինչեւ որ «օգնության հասներ» նոր Օրենքը, որի 2-րդ հոդվածով արդեն սահմանված էր, որ ՀՀ ԿԲ-ի` (այսինքն` Տիգրան Սարգսյանի) բանկին անվճարունակ ճանաչելու որոշումը դատական կարգով բողոքարկման ենթակա չէ:

Ժամանակավոր ադմինիստրացիա նշանակելու մասին որոշումը ՙմարսելուց՚ հետո ՀՀ ԿԲ-ն 09.01.2002թ. իր թիվ 050.0001.բգ գաղտնի որոշմամբ հաստատում է ՙԿրեդիտ-Սերվիս բանկ՚ ՍՊԸ-ի առողջացման ծրագիրը: ԿԲ-ի այս որոշումը եւս գաղտնի էր, որպեսզի բանկի ավանդատուները, հիմնադիրները եւ, առհասարակ, Հայաստանի ոչ մի քաղաքացի հանկարծ չիմանան, թե ԿԲ-ն բանկերը «առողջացնելու» ինչ նորագույն տեխնոլոգիաներ է կիրառում:

Կրեդիտ-Սերվիս բանկի առողջացման ծրագրի 1-ին գլխի առաջին պարբերությունում գրված է ՙ... սույն ծրագիրը նպատակ ունի ադմինիստրացիայի գործունեության ընթացքում ապահովել բանկի ֆինանսական կայունության եւ վճարունակության վերականգնումը, ... ծրագրի գործողության ժամկետը սահմանվում է 2 տարի՚:

ՕՐԵՆՔԻ 7-րդ հոդ-ի 2-րդ մասը սահմանում է «...ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո ԿԲ-ն կարող է այն երկարաձգել եւս երեք տարով»: Քանի որ ծրագրով խնդիր էր դրվել վերականգնել բանկի ֆինանսական կայունությունը եւ վճարունակությունը, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Տ. Միրզոյանը սկսեց ավանդատուների ավանդի հիմնական գումարից պահումներ անել, այդ գումարների դիմաց հաշվանցել Ա. Դավթյանի ծանոթների անունով դուրս գրված վարկերը, ստորագրել բանկի աշխատակիցների փոխարեն աշխատավարձի ցուցակներում, ստանալ այդ գումարները եւ տնօրինել դրանք: Եվ այս բոլորը` ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո, որովհետեւ ըստ առողջացման ծրագրի,  «ՀՀ ԿԲ-ն որպես բանկի առողջացման բնականոն ընթացքը վերահսկող միակ մարմինն...» է:

Այնուհանդերձ, Տ. Միրզոյանը հպարտանալու բան ունի. նրան անձամբ ճանաչում են «Արժույթի միջազգային հիմնադրամի» Տեխնիկական աջակցության եւ Եվրոպական երկրորդ դեպարտամենտի առաքելությունները: Այդ մասին իմանալ ծանոթանալ ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 050.129.բգ 30.07.02թ.-ի կրկին գաղտնի որոշումից: Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Քննարկելով ԱՄՀ Տեխնիկական աջակցության եւ Եվրոպական երկրորդ դեպարտամենտի առաքելությունների առաջարկները ... ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է. «Կրեդիտ-Սերվիս բանկ» ՍՊԸ ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Տիգրան Միրզոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից` նշանակելով նրան ժամանակավոր ադմինիստրացիայի անդամ»:

Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի առողջացման միջոցառումների ծրագիրը պարտադիր կարգով, ի թիվս այլ պահանջների, պետք է պարունակի նաեւ ընթացիկ իրացվելիության եւ հիմնական կապիտալի բավարար մակարդակի, այլ տնտեսական նորմատիվների վերականգնման հետ կապված միջոցառումները, սակայն Տ. Միրզոյանը Ծրագրի Է կետում միայն սահմանել է, իսկ ՀՀ ԿԲ-ն (այսինքն Տ.Սարգսյանը) հաստատել. «Սույն ծրագրի հաստատման պահից բանկը դուրս է գալիս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից»:

Սա է միջոցառումների այն ամբողջ փաթեթը, որ Տ. Միրզոյանը պատրաստվում էր 2 տարի անընդմեջ իրականացնել այդ ոլորտում, իսկ ՀՀ ԿԲ-ն (այսինքն Տ. Սարգսյանը) վերահսկել: Խոսքն այն տնտեսական նորմատիվների մասին է, որոնց «օգնությամբ» ՀՀ ԿԲ-ն (այսինքն Տ. Սարգսյանը) դրանք խախտելու դեպքում բանկերին կարող է անվճարունակ դարձնել: Կարծում եմ` սրանից կարելի է հետեւություն անել, որ ժամանակավոր ադմինիստրացիային միայն պետք էր, որ բանկը դուրս գար այդ դաշտից: Ըստ երեւույթին, ՀՀ ԿԲ խորհրդին էլ էր միայն դա պետք, երբ հաստատում էր այդ ծրագիրը:

Եթե ՀՀ Գլխավոր դատախազությունը «չխանգարեր» ԿԲ-ի վերահսկողության դեպարտամենտի պետ Արտաշես Դավթյանին, այսինքն` չկանխեր նրա հանցավոր գործունեությունը, «Կրեդիտ-Սերվիս» բանկը կառողջանար, ուղղակի այլ փայատեր կունենար: Այս պատմության մեջ եւս մեկ տարօրինակ փաստ. նախնական խնամակալության տակ գտնվող «Կրեդիտ-Սերվիս» բանկին ՀՀ ԿԲ-ն տվել է բանկային գործունեության լիցենզիա:

Նույն բանկի առողջացման ծրագրի օրինակով տեսնենք, թե ՀՀ ԿԲ-ն (այսինքն Տ. Սարգսյանը) ինչպիսի լիազորություններ է սահմանում իր համար` հաստատելով այդ ծրագրերը:

Ծրագրի 2-րդ բաժնի 2.1 կետում գրված է. «Ադմինիստրացիան իրավունք ունի, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջով պարտավոր է վաճառել բանկի բաժնեմասերը: ...Գործարքի պայմանները պետք է նախապես համաձայնեցվեն ՀՀ Կենտրոնական բանկի հետ»: Ստացվում է այսպես. Ադմինիստրացիան ինքնուրույն իրավունք ունի վաճառել այլ անձի սեփականությունը, իսկ եթե դա հանկարծ պահանջի ՀՀ Կենտրոնական բանկը, նա արդեն պարտավոր է վաճառել ուրիշի ունեցվածքը եւ այդ ամենը համաձայնեցնել ոչ թե այդ բաժնեմասերի սեփականատիրոջ, այլ ՀՀ Կենտրոնական բանկի հետ:

Ծրագրի 2.5 կետ«...«ՀՀ Կենտրոնական բանկ» հասկացությունը նշանակում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը...», այսինքն Տիգրան Սարգսյանը այդ ծրագրով իրավունք ունի ոչ միայն պահանջել վաճառել ուրիշի ունեցվածքը, այլեւ միանձնյա լրացումներ կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում: Ինչպես հայտնի է, Հայաստանում օրենքներն ընդունում է Ազգային ժողովը, որոնք վավերացվում են ՀՀ նախագահի կողմից: Եթե ոչ բոլորը, ապա գոնե ԿԲ-ի նախագահը պետք է տեղյակ լինի, որ առոչինչ գործարքների հասկացությունը կարող է սահմանվել օրենքով: ՀՀ-ում առոչինչ գործարքների հասկացությունը սահմանվում է 1999թ.- ին ընդունված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով: Իսկ ահա 09.01.2002թ ՀՀ ԿԲ խորհուրդը ընդունել է մի որոշում, որով ըստ էության լրացում է կատարել Քաղաքացիական օրենսգրքում: Մեջբերենք այդ կետերը. «2.2 Սույն բաժնի 2.1 կետի պահանջների խախտմամբ կնքված գործարքը առոչինչ է»: «2.7 Սույն ծրագրի 2-րդ գլխի առաջին բաժնի պահանջների խախտմամբ կնքված գործարքը առոչինչ է»: Ինչ որ բանկի ինչ որ ժամանակավոր ադմինիստրացիա զբաղվում է օրենքներ ստեղծելով, իսկ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է մի ծրագիր, որը փորձում է փոխարինել օրենքին:

Ծրագրի 2.6 կետում կարդում ենք. «Անկախ սույն ծրագրի դրույթներից` ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է կատարել ՀՀ Կենտրոնական բանկի ցանկացած հանձնարարական եւ կնքել սույն ծրագրով ուղղակիորեն չնախատեսված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից առաջարկվող ցանկացած գործարքը»: Քանի որ ՀՀ Կենտրոնական բանկ ասելով հասկանում ենք դրա նախագահին, այսինքն պարոն Տիգրան Սարգսյանին, ստացվում է, որ նա կարող է նաեւ ցուցում տալ, որ ադմինիստրացիան, օրինակ 10.000 դրամով իրեն կամ Արտաշես Դավթյանին, կամ էլ ցանկացած անձի բանկը վաճառի:

ՀՀ նախագահի ընտրություններից առաջ իրար հետեւից մի քանի բանկեր անվճարունակ դարձվեցին եւ հարյուրավոր ավանդատուներ դուրս եկան փողոց:

Հանրապետության նախագահը դեռեւս մեկ տարի առաջ իր հրապարակային ելույթների ժամանակ առնվազն երկու անգամ կոչ էր արել, որ բանկերը պայքարեն իրենց իրավունքների համար: Իսկ բանկերի իրավունքների հիմնական ոտնահարողը այս դեպքում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է, քանի որ նա ցանակցած պահի կարող է ցուցում տալ, ցանկացած գնով վաճառել ցանկացած անվճարունակ բանկ, դրա բաժնեմասերը, շենք-շինությունները...

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter