HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Զենքը, որով սպանել են Տիգրան Նաղդալյանին

2002թ. մարտի 5-ի ուշ երեկոյան «Հայլուր» լրատվական թողարկամամբ հայտարարվեց, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Ցուցադրվող կադրերի շարքում էր ՏՏ ատրճանակը, որի վրա կային հետեւյալ տառերը եւ թվերը` ՏՏ 265 50գ: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Տիգրանը սպանվել է հենց այս ատրճանակով:

Սկզբում իրավապահ մարմինների գործողությունները միտված էին նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած ատրճանակը հայտնաբերելուն: Իրավապահ մարմիններում տվյալ զենքի օգտագործման վերաբերյալ որեւէ տեղեկություն չկար: Այսինքն այդ զենքով կատարված որեւէ հանցագործություն Հայաստանի իրավապահ մարմինները չեն գրանցել: Այդ զենքով Հայաստանում առաջին անգամ են մարդու վրա կրակել: Համենայնդեպս իրավապահների տեղեկությունների բազայում այն գրանցված չէր:

Մենք փորձեցինք պարզել, թե ընդհանարպես ՏՏ ատրճանակով քանի՞ հանցագործություն է կատարվել Հայաստանում: Նման տեղեկություններ Ոստիկանությունը չուներ: Ոստիկանության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մատինյանը հայտնեց, որ իրենք նման հաշվառում չեն կատարել եւ չեն կարող ասել, թե հրազենով կատարված հանծագործությունների քանի տոկոսն է կատարվել ՏՏ ատրճանակով: Իսկ թե ինչու նման վերլուծություններ չեն կատարվում ոստիկանությունում` անհասկանալի է: Փոխարենը ստացանք հետեւյալ տեղեկությունները` 1993-2002 թ.թ. հրազենով կատարված հանցագործությունների թիվը 828 է:

«Մաուզեր» մակնիշի ատրճանակի 7,63 մմ փամփուշտի հիման վրա 1930 թ. Խորհրդային Միությունում ստեղծվեց 7,62 մմ փամփուշտով ատրճանակը, որը 1931-ից արդեն արտադրվում էր: «Մաուզերով» կարելի է կրակել նաեւ ՏՏ-ի 7,62 մմ փամփուշտները: Բանակում այն անվանվեց «7,62 մմ ՏՏ ատրճանակ»: ՏՏ-ն նշանակում է Տուլա, Տոկարեւ: Խորհրդային Միությունը արտադրել է 1 մլն. 700 հազար ՏՏ ատրճանակ: Այն նաեւ արտահանվել է մի շարք երկրներ: Այդ ատրճանակը Եվրոպայի եւ Ասիայի 30 երկրների բանակներում սպառազինության մեջ էր: Արտադրելու լիցենզիա ստացան նաեւ Հարավսլավիան, Հունգարիան, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան, Լեհաստանը: Այսօր էլ Չինաստանը եւ Լեհաստանը արտադրում եւ արտահանում են այդ ատրճանակը: 1951 թ., երբ խորհրդային բանակ մտավ 9 մմ Մակարով ատրճանակը ՏՏ-ն հանվեց սպառազինությունից: Սակայն երկար տարիներ, Խորհրդային զորքերի որոշ ստորաբաժանումներում դրանք դեռ մնում էին: ԱՊՀ երկրներում այն մնացել է Խորհրդային Միությունից: ՏՏ-ի էժան եւ հզոր լինելու պատճառներով լայնորեն օգտագործում է հանցագործ աշխարհը: ԱՊՀ-ի երկրներում ատրճանակների օգտագործմամբ գրանցված հանցագործությունների 30-35 տոկոսի դեպքում գործի են դրվել հենց ՏՏ ատրճանակները:

Ինչպես ցանկացած երկրում այնպես էլ Հայաստանում կա զենքի սեւ շուկա: Մեր ունեցած տվյալներով ՏՏ ատրճանակը կարելի է ձեռք բերել 500 դոլարով: Դրանք բերվում են դրսից մաքսանենգ ճանապարհներով: Բավականին մեծ թվով ատրճանականեր մարդկանց մոտ հայտնվել են նաեւ ղարաբաղյան պատերազմից:

Տ. Նաղդալյանի սպանության համար գործածված զենքի համարը ցուցադրվեց «Հայլուր» ծրագրով` մարտի հինգին: Դատախազության տարածած մի հաղորդագրութամբ զենքը Տիգրանին սպանությունն իրականացրած æոն Հարությունյանին եւ Ֆելիքս Առուստամյանին է հանձնել Գագիկ Շաբազյանը: ՏՏ-ի հետ եղել է նաեւ Մակարով մակնիշի ատրճանակ եւ 8 փամփուշտ: Իսկ որտեղից Շահբազյանին ՏՏ զենքը: Մեզ առայժմ հայտնի չեն քննության արդյունքները: Ինչ է պատասխանել Շահբազյանը քննիչների հարցերին` չգիտենք: Իսկ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված հայտնի տեսաժապավենում Ապերը` Հովհաննես Հարությունյանը ասած, որ զենքը ինքն է տվել: Իսկ քննիչի հարցին` որտեղից պատասխանել է` դրսից:

Զենքի պատկանելության հարցը կարեւոր է եղել գործի քննության ընթացքում: Ու՞մ էր պատկանում զենքը: Կիլերներն առանց զենքի են եղել, զենքը նրանց տվել են գործողությունից առաջ: Սա էլ անհասկանալի է, երբ մարդասպանը գործողության է գնացել, առանց զենքը ստուգելու: Համանայնդեպս «նորմալ» կիլերներն այդպես չեն գնում մարդ սպանելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter