Ճակատագրի զինվորը
Նաիրա Հայրապետյան
Անգլիացի լեգենդար կիթառահար և երգահան Ռիչի Բլեքմորին երաժշտասերները շատ լավ են ճանաչում. «Deep Purple», «Rainbow», «Blackmore’s Night». սրանք ամենահայտնի խմբերն ու նախագծերն են, որոնց գործունեությունն անմիջականորեն կապվում է այս երաժշտի հետ և առավելապես որոնցով նա հայտնի է ռոք երաժշտության պատմության մեջ:
Բլեքմորի անունը ավելի շատ հիշատակվում է «Deep Purple»-ի հետ: Նա այս խմբի հիմնադիրներից է, ինչպես նաև կենտրոնական դեմքերից մեկը: Ոմանք, սակայն, կիթառի վարպետին այստեղ հիշելիս, անպայման կանդրադառնան նաև նրա բարդ ու կոնֆլիկտային բնավորությանը, որն ի վերջո անդրադարձավ խմբի գործունեության ու մյուս երաժիշտների հետ ունեցած հարաբերություններին:
Այո, Ռիչի Բլեքմորի հետ «Deep Purple»-ը մշտապես խնդիրներ ուներ, հատկապես Իեն Գիլանի հետ համագործակցության տարիներին. ինքնակոչ հրամանատարի կեցվածքով նա էր հիմնականում որոշում ի՞նչ կատարել, ե՞րբ և ինչպե՞ս: Երբեմն նա էր որոշում երգի ճակատագիրը՝ անտեսելով մյուսների կարծիքներն ու զգացողությունները: Սակայն կատարողական առումով նրա մեծությունը անքննարկելի էր: Տարիներ անց, զրույցներից մեկում Ռիչին խոստովանել է, որ իր ամենասիրելի երգերից մեկը «Soldier of Fortune»-ն է և որ նրանում միջնադարյան երաժշտական որոշ ակորդներ կան: Ուրեմն ահա թե ինչու, չնայած այն հանգամանքին, որ խմբի անդամներն այս երգը առանձնապես չհավանեցին, Ռիչին գրեթե պարտադրեց այն ընդգրկել նոր ալբոմում: Բացի այդ, նա անդրադառնում էր այս երգին, ամեն հարմար առիթի ժամանակ: Հետագայում, երբ այլևս այս խմբի կազմում չէր, համառորեն շարունակեց ընդգրկել նաև անհատական նախագծերում՝ անգամ, երբ ինքն էլ էր զգում, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, զիջում է:
.. And the songs that I have sung
Echo in the distance
Like the sound
Of a windmill goin’ round
I guess I’ll always be
A soldier of fortune
«Soldier of Fortune» - ճակատագրի, հաջողության կամ բախտի զինվոր. սա հանրահայտ «Deep Purple»-ի 9-րդ ստուդիական՝ «Stormbringer» ալբոմի վերջին՝ 9-րդ երգն է: Սենտիմենտալ տեսակի մեջ բնութագրվող այս բլյուզ-ռոք բալլադը գրվեց Բլեքմորի և խմբի այն ժամանակվա երգիչ Դեյվիդ Քովերդեյլի համահեղինակությամբ: Երգը ալբոմի կազմում թողարկվեց 1974թ.: Չնայած մյուս երաժիշտների թերահավատությանը՝ «Soldier of Fortune»-ը մինչ օրս համարվում է խմբի ամենահայտնի գործերից մեկը: Եվ, այնուամենայնիվ, այս երգը՝ խմբի կատարմամբ, այդպես էլ առանձին սինգլով չթողարկվեց ու չներկայացվեց երաժշտական ճակատագրեր որոշող հիթ-շքերթներում: Մինչդեռ Ռիչին համառ էր և անզիջում իր մոտեցման մեջ, հավանաբար դա էլ «Ճակատագրի զինվոր»-ի հաջողության գրավականը եղավ:

«Soldier of Fortune»-ը թողարկվել է խմբի մի քանի ալբոմ-հավաքածուներում ևս՝ «Last Concert in Japan» (1977թ.), «This Time Around: Live in Tokyo» (2001թ),«The Platinum Collection» (2005թ.),«Deepest Purple: The Very Best of Deep Purple» (2010թ.): Այս երգի մասին հավելյալ տեղեկություններ շատ քիչ կան: Այն պարզապես սիրված և հանդիսատեսի կողմից մինչ օրս բարձր գնահատանքի արժանացող երգ է: «Soldier of Fortune»-ը աննկատ չի մնացել նաև երաժիշտների երկացանկերում: Նրա նոր մեկնաբանությունների մի քանի օրինակներ կան, որոնցից ամենահայտնի կամ հաջողված տարբերակները համարվում են «Whitesnake» (երգի հեղինակի՝ Քովերդեյլի խումբը), «Opeth», «Black Majesty», «Bosquito» խմբերի կատարումները: Դրանք ընդգրկվել են նրանց տարբեր ալբոմներում: Սակայն բոլոր այս մեկնաբանությունները, իրենց ստացված կամ շատ հաջողված իրականությամբ, այնուամենայնիվ, երաժշտասերների մի մեծ բանակի համար երբևէ չի կարող համեմատելի լինել Ռիչիի կատարման հետ: 1990-ականներից հետո, երբ նա արդեն լքել էր «Deep Purple»-ն ու հանդես էր գալիս սեփական նախագծերով, «Soldier of Fortune»-ն արդեն երևում է նրա «Blackmore’s Night» դուետի համերգներում, այս անգամ, սակայն, ավանդական, ժողովրդական ու փոփ «հանդերձանքով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել