HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ օրս օպերատոր Մարութ Վանյանը չի կարողանում տեղաշարժվել

Մարութ Վանյանը lragir.am կայքի օպերատորն է: Հուլիսի 29-ին տեսանկարահանել է Օպերայից շարժվող երթի ընթացքը դեպի Սարի թաղ: Վանյանն այն օպերատորներից մեկն է, որը հուլիսի 29-ին բռնության է ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Նա ստացել է ոտքերի և ուսերի սալջարդեր, նաև բեկորային վնասված այդ օրը գործածված պայթուցիկներից: Քաղաքացիական հագուստով անձինք կոտրել են նաև Վանյանի երկու տեսախցիկները:

Վանյանն արդեն երկու օր է՝ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Պատմում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք դուրս եկել վահաններով ոստիկանների պատնեշի հետևի կողմիցու թիրախավորված հարձակվել հենց լրագրողների վրա:

Մինչ օրս օպերատոր Մարութ Վանյանը չի կարողանում տեղաշարժվել. «Ինչ բերել են՝ մեջքի վրա պառկած եմ»:

«Հետքի» հետ զրույցում Մարութն ասաց, որ իրեն, նաև մյուս լրագրողներին ու օպերատորներին ծեծողների ձեռքին կային մոտ  2,5 մետր երկարությամբ փայտե հաստ ձողեր:

«Մի 10 հոգով ինձ գցեցին գետնին, առաջինը ձեռքիցս կամեռան վերցրեցին, հարցնում էին, թե ինչ եմ նկարել, վզիցս բեյջս հանեցի, ցույց էի տալիս, ասում էի, որ լրագրող եմ, բայց չէին լսում, անընդհատ քֆուր էին տալիս ու ձողերով խփում: Մեջքիս պայուսակով պահում էի մեկ փորս, մեկ՝ դեմքս: Հարվածների մեծ մասը ստացել եմ ձեռքերիս, ուսերիս: Ամենաուժեղ հարվածը ծնկներիս մոտ եմ զգացել, ահավոր ցավ զգացի, ոտքս սկսեց դողալ: Խնդրեցի, որ շտապօգնություն կանչեն, չարեցին: Ծեծելուց հետո ասեցին՝ հելի գնա: Հետո ձեռքերիցս երկու հոգի բռնել են, ճանապարհը անցկացրել, մի տեղ գցել, ես եմ հազիվ հեռախոսը հանել, զանգել շտապօգնություն, մի 5 րոպեից եկել ինձ տարել է շտապօգնությունը»,-պատմեց օպերատորը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Լրագրողներին՝ որպես տուժող ճանաչելու մասին որևէ խոսք չկա: Ընդհակառակը՝ «Ա1+»-ի տեղեկություններով, տուժած լրագրողներին ստիպում են ցուցմունք տալ որպես վկաներ:

Քրեական գործի շրջանակներում որպես տուժող ներգրավված չէ նաև Մարութ Վանյանը: Երեկ հիվանդանոցում նրան այցելել է քննիչ, առգրավել է հագուստը, ասել, որ փորձաքննության համար է: «Ուզում էին հարցաքննել, բայց գրեցի ու ստորագրեցի, որ հիմա ի վիճակի չեմ և ուզում եմ փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ»,-ասաց Մարութը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter