
Թամարն ասում է՝ եղբայրը քաջ գիտակցում էր, թե ուր է գնում և ինչի համար
«Կներեք, որ արագ-արագ եմ խոսում, ուղղակի աղբորս համար հաց եմ սարքում, պիտի Երևան հասցնեմ»,- ասում է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից 29-ամյա Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարը, ով եղբորը չի տեսել հուլիսի 15-ից:
Հովհաննեսը և «Սասնա Ծռեր»-ի ևս երեք անդամներ՝ Պավլիկ ու Արամ Մանուկյանները, Աշոտ Պետրոսյանը, գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում»: Հարազատների հետ տեսակցությունները քննիչի որոշմամբ արգելված են: Փոխարենը՝ Թամարը հանձնուքներ է պատրաստում ու Բյուրավան գյուղից բերում Երևան: «Գոնե տնական ճաշ ուտի՝ մեր ձեռքով սարքած, մանավանդ, որ մի քանի օր սոված են մնացել գնդում»,-ասում է Թամարը:
Հովհաննեսի քույրը պատմում է, որ եղբոր հետ հեռախոսային կապ ունեցել է մինչև հուլիսի 21-ը. «Հիշում եմ՝ հուլիսի 17-ին առավոտը 6-ին զանգեց ու ասեց՝ քո՛ւր, մենք մերը արեցինք, մնացածը դուք պիտի անեք, հիմա ձեր հերթն ա»:
Հովհաննեսը տան միակ տղամարդն է, 20 տարի առաջ ընտանիքի հայրը մահացել է ծանր հիվանդությունից: Ավագ քույրերն ու մայրը միայնակ են մեծացրել Հովհաննեսին: Զինվորական ծառայությունից գալով ու ծրագրավորման կուրսեր անցնելով՝ Հովհաննեսը որոշել է գնալ արտագնա աշխատանքի: Երկար ժամանակ աշխատել է դրսում, որ օգնի քույրերին ու մորը:
Թամարան հիշում է, թե ինչպես են ամիսներ առաջ եղբոր հետ Եռաբլուր գնացել. «Մոտեցավ Մոնթեի գերեզմանին, համբուրեց ճակատը ու ասեց՝ ես քո կենացը չեմ խմելու, քո գործն եմ շարունակելու»: Այդ օրը Մոնթեի գերեզմանի մոտ նա նկարել է եղբորը:
Նույն օրը գնացել են Ազատության հրապարակ, ծանոթացել քաղբանտարկյալների գործերին: «Տեսավ Շանթ Հարությունյանի նկարը, խոսեց հավաքվածների հետ, ասաց, որ Մոնթեի ընկերներին է փնտրում»,-ասաց քույրը:
Թամարի փոխանցմամբ՝ իր եղբայրը քաջ գիտակցում էր՝ ուր է գնում և ինչի համար: «Էն մարդիկ, ովքեր գտնվում էին ՊՊԾ գնդում, իրենք իրենց մատաղ արեցին ժողովրդին»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել