HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրելու բանաձև՝ ուրախության և տխրության միջև

Նաիրա Հայրապետյան

«Երբ ես հանդիպում եմ իմ հայ ընկերներին, եթե ոչ միշտ, ապա շատ հաճախ, տեսնում եմ, որ նրանց մեջ ուրախությունն ու տխրությունը ապրում են միաժամանակ», - ասում է Սթիվեն Փաունդը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդի այս խոսքերն ասես ճիշտ այս օրերի համար լինեին: Այն, ինչ նա նկատել է, երևի ճակատագրական դրոշմ է, որն իր ուժը երբևէ չի կորցրել հազարավոր մղոն հաղթահարող հեռավորություններից անգամ: Այն պահին, երբ Լոնդոնի արքայական թաղամասերից մեկում հայտարարվում էր հայկական ուրախ ու ամենասպասված տոնակատարության` «Armenian Street Festival»-ի  բացումը, ճիշտ այդ պահին Երևանը շվարած նայում էր ինքն իրեն` ի՞նչ է լինելու քիչ անց և ու՞ր է տանելու մեզ այս նոր փորձությունը:

  Հեռու և մոտ ճակատագրեր

Լոնդոնահայ համայնքն իմ տպավորությամբ ամենաբազմազանն է, աշխարհի բոլոր անկյուններից եկած հայեր կան այստեղ` հիմնական համայնքի բնակիչներից բացի: Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Սուդանից, Եթովպիայից...  Դատելով երիտասարդներից` վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի տարածքն այստեղ գնալով ընդարձակվում է: Նրանցից շատերը նույնիսկ մի քանի բարձրագույն կրթություն ունեին, բայց մի օր, հավանաբար, վերջին անգամ խնամքով բացել-փակել ու ինչ-որ դարակում իրար հետ շարել են ձգտումներ ու երազանքներ ամփոփող դիպլոմները: Հետո կյանքը ցույց է տվել դրանց հետ ամենևին կապ չունեցող ուղղություններ: Երբ ծանոթանում ես նրանց պատմություններին, ավելի ու ավելի է խորանում երկրիդ ինքնամաքրման հանդեպ ունեցախ հավատը: Նրանցից ոմանք այստեղ հայտնվել են խելագարեցնող ճանապարհներով, սահմաններ հատելով, գիշեր-ցերեկ վտանգավոր դժվարություններ հաղթահարելով, որպեսզի կյանքը շարունակվի օտար երկրում «գոնե մի բան անել ու ընտանիքին օգնել»-ու ձևաչափով: Որ տանը հարազատները հացի խնդիր չունենան:  Ոմանք էլ արդեն հաղթահարել ու ինչ-որ առումով ամրացել են, բայց, ինչպես նրանցից մեկը նշեց, հոգին մշտապես ցավոտ ու մեղավոր:

«Ես արդեն տասը տարի էստեղ եմ,- ասում է Արմենը,- իսկ մինչ այդ եղել եմ ուրիշ երկրում: Աշխատել եմ, ամեն ինչ արել եմ, որ օգնեմ Հայաստանում գտնվող իմ ընտանիքին: Իսկ երբ գիշեր-ցերեկ դու ստիպված օրվա հաց ես հոգում, էն էլ շատ վաղ տարիքից, էն էլ վաղվա հանդեպ անհայտ զգացողությունով, արդեն ոչ ժամանակ, ոչ էլ ուժ ես մեջդ ունենում` մտածելու կրթություն ստանալու, կյանքդ քո երազած ձևով կառուցելու համար: Ու էդպես հաշտվում ես տարիների հետ»:

Երիտասարդներից ոմանք էլ այստեղ են հայտվում ուսման նպատակով ու այդպես էլ չեն վերադառնում: Սակայն Հայաստանից եկած ամեն այցելուի մեջ փնտրում են հայրենիքի մասին իրական տեղեկություններ, քանի որ այն, ինչ կարդում են սոցիալական ցանցերում կամ տեսնում լուրերի թողարկումներում, մեղմ ասած, հավատ չի ներշնչում: Վերջին իրադարձություններից լարված՝ նրանք անվերջ փորձում են ելք գտնել՝ ինչ-որ կերպ միանալու, աջակցելու, հայրենի երկրի խնդիրների լուծմանը հեռվից մասնակից դառնալու  նպատակով:

Համայնքի երիտասարդները` աշխարհի տարբեր անկյուններից Լոնդոն տեղափոխված, միմյանց ավելի հաճախ հանդիպում են Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում: Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ջանքերով նրանք ներգրավվում են տարբեր միջոցառումների մեջ` որպեսզի կապը եկեղեցու, մշակույթի և միմյանց հետ առավել ամուր լինի: «Սրբազանն ինքը գտավ մեզ ու միանգամից հոգատարություն դրսևորեց. նա փորձում է ամեն կերպ կապ պահել ու տեղեկանալ մեր նիստ ու կացից, օրվա խնդիրներից»,- ասում է Արմենը:

 Համայնքի միջև կապն աշխուժացնելու և ամրապնդելու ամենամեծ ծրագրերից մեկն էլ ամենամյա հայկական բացօթյա փառատոնն է, որն, իսկապես, կարևոր և սպասված իրադարձություն է ոչ միայն Լոնդոնի, այլև բրիտանաբնակ հայերի շրջանում: 

Armenian Street Festival. Լոնդոն

Օրերս Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցու բակում կայացավ Հայկական բացօթյա փառատոնը՝արդեն 6-րդ անգամ: Քենսինգթոն վարչական շրջանում գտնվող  « Iverna Gardens»-ը վերածվել էր հայկական փոքրիկ  թաղամասի՝ ավանդական երգ ու պարով, հայկական զարդանախշերի մասին հիշեցնող մշակութային տարբեր գործերի ներկայությամբ, հայկական անսպառ հյուրասիրությամբ`  անտարբեր չթողնելով նաև հարակից փողոցներում զբոսնող օտարերկրացիներին։ Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի ջանքերով ու մասնակցությամբ։ Վաղ առավոտից եկեղեցու բակը լի էր նաև օտարերկրացի հյուրերով, ներկա էին բրիտանացի պաշտոնատար անձինք և հոգևորականներ՝ Քենսինգթոն և Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, Լոնդոնի լորդ եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսը, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ և այլք:

 « Հայկական բացօթյա փառատոնի գլխավոր նպատակն է  բրիտանահայ համայնքին, թեկուզ մեկ օրով, երկրի տարբեր ծայրերից հավաքել ու համախմբել իրենց ինքնության շուրջ՝ մեր մշակույթի, պատմության, մեր հոգևոր ժառանգության,- ասում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,- ինձ համար անչափ կարևոր է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը այս ամենին. նրանց մեջ է մեր ամրության և հզորացման  հույսը, նրանցից է կախված ամեն ինչ: Այս տարվա խորհուրդը մեզ համար կարևորվում է ևս մեկ հանգամանքով. Մենք տոնում ենք Հայաստանի անկախության 25 ամյակը»: 

Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս փառատոնը համահայկական ամենամեծ իրադարձությունն է  Միացյալ Թագավորությունում, որին մասնակցելու համար  ժամանում են հայեր երկրի տարբեր անկյուններից` Բիրմինգհեմից, Մանչեստրից, Դուբլինից, Քարդիֆից և այլն: Այս տարի կային նաև հրավիրյալ հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Բելգիայից: Փառատոնը համախմբել էր հայկական տարբեր կազմակերպությունների և անհատների, ովքեր առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ արվեստի, կրթական- մշակութային և հասարակական տարբեր ոլորտներում՝ երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, գրքերի հրատարակչություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրություն, հայկական խոհանոց և այլն։  Տաղավարներից մեկի մոտ առավել հաճախ կանգնում և ներկայացված գրակաությունը հետաքրքրությամբ ուսումնասիրում են առավելապես օտարերկրացիները:

«Մեր կազմակերպությունը զբաղվում է գրահրատարակչությամբ,- ասում է «Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը,- գրքերը, որոնք պատրաստում ենք տպագրության, բազմազան են՝ գեղարվեստական, պատմական գրականությունից մինչև վավերագրություններ: Դրանք անգլերեն և թուրքերեն են, հրատարակում ենք առավելապես օտարերկրացիների համար, սակայն, ցավոք սրտի, այսօր քիչ չեն նաև այն հայերը, որոնք չեն կարդում, առավել ևս չեն խոսում հայերեն:

Փառատոնը մեզ հնարավորություն է տալիս մեր գրքերը ներկայացնելու ավելի մեծ շրջանակում»:

Փառատոնի ընթացում ելույթ ունեցան ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, «Կոմիտաս» երգչախումբը,  «Ախթամար» ժողովրդական պարի համույթը, Շաքե Չիլինգիրյանը՝ « The Circle of Life» խորեոգրաֆիկ ներկայացմամբ և ուրիշներ: Այս տարվա ծրագրի Հայաստանից հատուկ հյուրերն էին դուդուկահար Գևորգ Կարապետյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը:

 Աղմուկի, երաժշտության, բարձր տրամադության մեջ, այնուամենայնիվ, նրանցիցց մոտ ակնհայտ մտահոգություն կա:

«Ես առաջին անգամ եմ ներկա այս փառատոնին, եկել եմ ԱՄՆ-ից,- ասում է Ջորջ Հակոբյանը, ով այսօր Լաս Վեգասում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետն է ,- ինձ համար հստակորեն հասկանալի է արդեն այս ծրագրի կարևորությունն ու գաղափարը՝ միասնական լինել և ճանաչել միմյանց: Մեկտեղ տեսնել էսքան հայություն՝ անշուշտ, ուրախալի է: Բայց մի կարևոր բան էլ կա. ես այս համախմբումը Լոնդոնում տեսնելով՝ պիտի խոստովանեմ, որ միաժամանակ խորը ցավ եմ ապրում: Այսքան հայություն ինչու՞ պիտի լիներ երկրից դուրս և ոչ թե Հայաստանում, մինչդեռ յուրաքանչյուր ազգ իր պետության մեջ է կառուցում իր ապագան: Երևի մեր ճակատագիրն է՝ անվերջ գաղթական լինել: Ափսոսում եմ, որ մեր երազած անկախությունը չկարողացանք ճիշտ պահել և ինչ-որ տեղ արժեզրկեցինք:

Ես հուսով եմ, որ մի օր մեր իշխանավորները կհասկանան, որ այդպես մենք թուլացնում ենք մեր երկիրը, դատարկում ենք, հուսով եմ նաև որ նրանք կկարողանան այնպես անել, որ հայությունը տուն վերադառնա: Իսկ դա կախված է Հայաստանում տիրող մթնոլորտից, մարդկանց հանդեպ վերաբերմունքից, ժողովրդավարության և ապագայի տեսիլքից: Իսկ առայժմ մեր երկիրը կարծես թե միայն որոշ մարդկանց համար է և հասարակ մարդն արժեզրկված է:

Ես կուզենայի իմ հայրենիքը տեսնել որպես օրենքի երկիր»:

 

Փոքր, բայց մեծ երկրի հմայքը

Ուելսի Սենթ Դևիս մայր տաճարի դիվանապետ, գրող, թարգմանիչ հայր Թոմաս Պատրիկը թեև առաջին անգամ այս տարի էր մասնակցում փառատոնին, սակայն Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապերն արդեն երկար տարիների պատմություն ունեն: Իր հանդիպումը Հայաստանի հետ նա համարում է իր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը:

« Հայաստանի հետ իմ կապը սկսվել է 11 տարի առաջ,- ասում է հայր Թոմաս Պատրիկը,-  Դա իմ կյանքի ամենագեղեցիկ և հարուստ էջերից մեկն է: Հայաստան այցելել եմ հինգ անգամ: Տպավորիչ էր հատկապես առաջին այցս, ես եղել եմ նաև Ղարաբաղում: Ամեն անգամ իմ զգացողությունները աննկարագրելի են. ես ինձ զգում եմ երկու երկրների մեջտեղում՝ այնքան նման և այնքան տարբեր: Հայաստանյան պատկերն ամբողջովին ցնցեց ինձ: Փոքր երկիր, սակայն այդքան մեծ ու հզոր մշակութային ավանդույթով: Այդպիսին է նաև իմ Ուելսը` փոքր և հնագույն երկիր՝ իրեն հատուկ լեզվով և ավանդույթներով: Իսկ ես անցել էի հազարավոր կիլոմետրեր, որպեսզի կայանար իմ այդ անմոռանալի հանդիպումը առաջին քրիստոնյա երկրի հետ, որն ունի չափազանց ինքնատիպ այբուբեն, հարուստ և աննկարագրելի ժառանգություն, հիանալի ժողովուրդ և երկիր, որը, սակայն, մասնատվել է դարերի ընթացքում: Ես հիանում եմ հայկական պարերով, որոնք խրոխտություն և միևնույն ժամանակ հոգևոր ամրություն են ներշնչում: Այնպես որ, ինձ համար մեծ պատիվ է հայ ժողովրդի հետ ծանոթանալն ու, առավել ևս, հնարավորություն ունենալ տեսնել, ճանաչել նրա դարավոր մշակույթը»:

Հայր Թոմաս Պատրիկը նաև մի քիչ խոսում է հայերեն: Հրաժեշտին նա նույնիսկ  մեկ-երկու տող արտասանում է Պարույր Սևակից՝ «Քիչ ենք, բայց հայ ենք»:

Հայերի ներկայությունը Մեծ Բրիտանիայի տարածքում շատ հին պատմություն ունի, սակայն որպես համայնք ձևավորվել է 19-րդ դարասկզբին:  Այսօր այստեղ ապրում է ավելի քան 20 հազար հայ:

Բրիտանական համայնքը, ինչպես սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախները, ինչ խոսք, ունի մի շարք խնդիրներ: Դրանք և՛ ընդհանուր են, և՛ առանձնահատուկ տարբեր: Հին ու նոր, ավանդական և ժամանակին  անխուսափելիորեն հետևող խնդիրներին կանդրադառնանք հաջորդիվ:

 Լուսանկարները` Սոնա Գևորգյանի և Վահագն Գուլակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter