HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծուռ հայելու առաջ. ՀՀ նախագահի (հետ)ճգնաժամային ելույթի ուղերձները

Ի՞նչ ասաց նախագահը հուլիսյան երկշաբաթյա աննախադեպ լարվածության առիթով: Խոսք (նախագահի նստավայրում հանդիպում  հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, օգոստոսի 1), որին այդքան սպասում էին բոլորը, քանի որ երկու շաբաթ շարունակ հարթակում երեք դերակատարներ կային`«Սասնա ծռերը», փողոց դուրս եկած հանրությունը եւ այս երկուսի դեմ գործող ուժայինները:

-  Իրադրությունը հանգուցալուծվեց, շնորհիվ Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Ներքին զորքերի հետևողական և համադրված գործողությունների:  Կեցցեն ՀՀ ուժային կառույցները: Ուղերձ` չեն լինելու նրանց անհամարժեք գործողությունների հետեւանքով բազմաթիվ օրինախախտումների քննություններն ու պատիժները: Չսպասեք:

- Ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը: Ուղերձ`եթե հասարակությունը դեռ չգիտի, թող իմանա, որ  արմատական փոփոխությունների գործընթաց գոյություն ունի, բայց այն հասարակության համար տեսանելի չէ, ու որպեսզի տեսանելի դառնա, այն պետք է արագացնել:  

- Այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում: Ուղերձ` մինչեւ հիմա հանդուրժել ենք, այսուհետ այդպես չի լինի: Միայն թե չի մանրամասնվում, ահաբեկչության բոլո՞ր դրսեւորումներն են անթուլյատրելի լինելու, թե՞ միայն քաղաքական առումով անհարմարները: Ասենք օլիգարխների ու նրանց մերձավոր հարազատների զենքով հարցեր լուծելու միջադեպերն էլի՞ ջրվելու են իրավապահ ու պետական միջանցքներում, թե՞ չեն ջրվելու:  Իսկ քաղաքական հիմքով մարդկանց ձերբակալություններն ու կալանքը  պետական ահաբեկչություն է՞, թե՞ չէ:

Էլի ուղերձ` «Սասնա ծռերը» միանշանակ ահաբեկիչներ են գնահատվում, եւ սա այլեւս նրանց առաջադրվող մեղադրանքների հիմքում է ընկած լինելու:

- Լրագրողների նկատմամբ բռնությունները ամենամեծ բացթողումն է եղել: Կարծես բացի լրագրողներից այլեւս ոչ մեկի հանդեպ բռնություն չի կիրառվել, կարծես չեն ահաբեկվել Երեւանի մի ամողջ թաղամասի բնակիչները,  կարծես նրանց բնակարաններ զանգվածաար չեն ներխուժել ուժայիններ ու չեն փչացրել նրանց գույքը:  Եւ իբրեւ ամեն ինչ, բացի լրագրողների հետ միջադեպերից, իրականացվել է օրենքի շրջանակներում: Ուղերձ`լրագրողների ծեծուջարդը հետեւություններ անելու, բայց ոչ քրգործեր բացելու հիմք են լինելու: Թող լրագրողները կատարվածը սարսափ երազի պես մոռանան,  քանի որ առաջիկայում նրանց հետ այդպես այլեւս չեն վարվի (ազնիվ խոսք):

-Ուղերձ` հիմա ոչ մի հրաժարական կառավարությունում կամ այլ ատյանում, ուժայինների շարքերում չեն լինելու: Սպասեք մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ու այսպես կոչված ազգային համաձայնության իշխանությունը կձեւավորվի միայն այդ ժամանակ:

- Ուղերձ` (պարզվում է) Հայաստանը հարուստ է քաղաքական գործիչներով: Միայն թե հասկանալի չէ, թե ինչու էին այդ քաղգործիչները հետեւում իրադարձությունների ընթացքին սոցցանցերի սովորական օգտատերերի նման` «հեռվից հեռու»: Բայց այն տարբերությամբ, որ սովորական օգտատերերն ակտիվորեն քննարկում էին Հայաստանի համար այսօր հույժ կարեւոր խնդիրները`հեղեղելով ինտերնետն իրենց կարծիքներով ու գնահատականներով, իսկ քաղգործիչները ձկան դեր էին ստանձնել`ամեն ինչ տեսնում ու լսում եմ, բայց խոսել չեմ կարող:  Իսկ փողոցներ դուրս եկած զանգվածները գրեթե երկու շաբաթ շարունակ փորձում էին ինքնակազմակերպվել առանց քաղուժերի ու քաղգործիչների առաջնորդության: Անառաջնորդ մի հանրություն երեւանյան ռեալ, ոչ վիրտուալ փողոցներում, որտեղ բոլորը եւ խոսողներ էին եւ լսողներ: Ինչպես սոցցանցերում:  

- Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Ուղերձ` լինելու են երկկողմանի զիջումներ: Իսկ ի՞նչ ունի Հայաստանը զիջելու:  Ճիշտ է, տարածքներ: Ի՞նչ ունի Ադրբեջանը զիջելու: Ճիշտ է, կամ չպատերազմելու խոստում, ամրագրված փաստաթղթով, կամ` եթե շատ երեւակայենք մեզ` Ղարաբաղի ոչ թե անկախության, այլ միջանկյալ կարգավիճակի ընդունում:

- Ուղերձ` նախագահը հանուն ժողովրդի համար ընդունելի կարգավիճակի պատրաստ է զոհաբերել ոչ միայն պաշտոնը, այլեւ կյանքը: Բայց գիտի՞ արդյոք նա, թե որն է այժմ ժողովրդի համար ընդունելի տարբերակը: Միակ բանը, որ Հայաստանում արմատապես ու արագ փոխվել է, դա «ժողովրդի համար ընդունելի տարբերակն է»:  Ապրիլից հետո «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը այլեւս ընդունելի չէ:

Ի՞նչ չասվեց; Թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ կատարվեց այդ ամենը, ինչը՞ դրդեց պատերազմով անցած մարդկանց դիմելու ծայրահեղ գործողության, վտանգելու այն Հայրենիքին, որին նրանք էլ էին պատրաստ զոհաբերել իրենց կյանքը: Երկրորդ անգամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter