HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞ւ են տարբերվում ավագանու անդամի ստորագրությունները

Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի ավագանու որոշումներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ ավագանու անդամներից մի քանիսը յուրաքանչյուր նիստի ժամանակ ստորագրություն են փոխել: Որոշումների տակ դրված նույն անդամի ստորագրությունները անզեն աչքով էլ տարբերվում են իրարից: Սա նշանակում է՝ կա'մ ավագանու անդամը չի մասնակցել նիստերին և նրա փոխարեն որևէ շահագրգիռ անձ է ստորագրել, կա'մ՝ պարբերաբար փոխել է ստորագրությունը, ինչը քիչ հավանական է: Երբեմն էլ փորձ է արվել նմանակել ավագանու անդամի ստորագրությունը:

Հոդված 121. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի:

Այս դրույթը նախատեսված է Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով: Սակայն, համայնքի բնակչությանը ոչ միայն հայտնի չի լինում ավագանու նիստի օրվա մասին, երբեմն չեն էլ իմանում, թե համայնքի ներկայացուցչական մարմինը ինչ որոշումներ է ընդունել, դրանցից որոնք են բխում համայնքի, որոնք` ավագանու անդամների ու համայնքապետի անձնական շահերից: Վերջերս գյուղերից մեկի ավագանու անդամն անձամբ խոստովանեց, որ տեղյակ չի լինում, թե երբ է ավագանու նիստ հրավիրվում, սակայն իր անվան դիմաց միշտ ստորագրվում է:

Հանրային հսկողության բացակայության պայմաններում, օգտվելով առիթից  հատկապես գյուղերում ավագանու անդամները չեն մասնակցում նիստերին: Նրանց փոխարեն ստորագրում են համայնքապետարանի աշխատակիցները:

Ավագանու անդամ Զավեն Եղիազարյանի ստորագրությունները

Ուսումնասիրելով Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված Բամբակաշատ համայնքի 2014-2016թթ. ավագանու որոշումների օրինակները` պարզեցինք, որ անդամների մի մասի ստորագրություններն ակնհայտ տարբերվում են իրարից: Մասնավորապես՝ հաճախ տարբերվող ստորագրություններ են նկատվել ավագանու անդամներ Զավեն Եղիազարյանի, Գրիգոր Ջրաղացպանյանի, Նորայր Մկրտչյանի, Նարտիկ և Գոռ Սարիբեկյանների անվան դիմաց:

Մեզ չհաջողվեց զրուցել ավագանու նշված անդամների հետ: Նրանց հեռախոսը կամ անհասանելի էր, կամ նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Ավագանու անդամ Նորայր Մկրտչյանի ստորագրությունները

Ավագանու անդամների որոշումների մեկ օրինակը պարտադիր ուղարկվում է մարզպետարան, և վերջինիս պաշտոնական կայքէջում հիմնականում հրապարակվում են ավագանու որոշումները: Արմավիրի մարզպետարանը այդպես էլ չի «նկատում» ավագանու ստորագրությունների տարբերությունը, մինչդեռ ակնհայտ տարբերությունը կասկած է առաջացնում դրանց կեղծ լինելու մասին:  

Ավագանու անդամ Գրիգոր Ջրաղացպանյանի ստորագրությունները

Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի առնչվել նման դեպքերի, քանի որ իրավական տեսանկյունից իր լիազորությունների շրջանակից դուրս է:

«Կան համապատասխան իրավապահ մարմիններ, եթե նմանատիպ փաստեր են նրանք տեսնում, պետք է իրենց համապատասխան արձագանքը ցույց տան»,-ասում է Յու. Մանվելյանը:

Ավագանու անդամ Մարտիկ Սարիբեկյանի ստորագրությունները

Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու բոլոր անդամները գյուղում են և մասնակցում են նիստերին: «Մի հատ կճշտեմ, հլը տեսնեմ էդ ինչի է տարբերվում», - ասաց Արբակ Եղիազարյանը և րոպեներ անց «ճշտելուց» հետո պատասխանեց, որ թեև անձամ չի տեսել որոշումները, սակայն ավագանու անդամներն իրենք են ստորագրել իրենց անվան դիմաց:

Նշենք, որ համայնքապետը ստորագրել է ավագանու բոլոր որոշումները: Հարցին, թե արդյոք չի նկատել տարբերությունները, Ա. Եղիազարյանը պատասխանեց, որ չի նկատել, սակայն ասաց, որ ավագանու անդամները հենց տեղում են ստորագրել: Ըստ Եղիազարյանի՝ չի եղել մի դեպք, որ ավագանու փոխարեն այլ անձ ստորագրի:

Ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանի ստորագրությունները

Տեղեկացնենք, որ օրենքով ավագանին ունի լայն լիազորություններ: Մասնավորապես՝ հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը, համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը, վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ, որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը և այլն:

Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Բամբակաշատ համայնքն ունի ավագանու թվով 9 անդամ: Եթե առնվազն 5 անդամ չներկայանա նիստի, նիստը կհամարվի չկայացած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանին աշխատում է հասարակական հիմունքներով և չի վարձատրվում, երբեմն շահագրգռված չի լինում մասնակցել նիստերին: Իսկ քվորումի բացակայությունը և նիստի տապալումը ուղիղ հարված է համայնքապետին:

Գլխավոր լուսանկարը՝ Ա1+

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter