ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Կառավարությունը յուրաքանչյուր անվանի մարդու հուղարկավորության ծախսից 342 հազար 110 դրամ կխնայի



Հայաստանի կառավարությունը մտադիր է հրաժարվել հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած հանգուցյալների հուշատախտակների տեղադրման պարտավորությունից:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից, գործադիրը այդ քայլին է գնում պետական բյուջեի ծախսային մասում խնայողություններ անելու նպատակով: Համապատասխան նախագիծը կառավարության վաղվա նիստի օրակարգ է մտցրել Մշակույթի նախարարությունը:

2006 թվականի նոյեմբերի 23-ի 1910-Ն որոշման համաձայն՝ հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած հանգուցյալների հուղարկավորությունների համար հատկացվում է առավելագույնը 1,7 միլիոն դրամ, մահարձանի համար եւ գերեզմանի բարեկարգման նպատակով՝ առավելագույնը 2 միլիոն 277 հազար դրամ, հուշատախտակի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների համար՝ 342 հազար 110 դրամ:

Հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար հաստատագրված 342 հազար 110 դրամը հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում էր հանգուցյալի հարազատներին։

Եթե վաղվա նիստում երկրի գործադիր մարմինը հաստատի նախագիծը, ապա յուրաքանչյուր հասարակական գործչի հուղարկավորության ծախսերից պետությունը կխնայի հենց այդքան՝ 342 հազար 110 դրամ գումար: 

Սույն փոփոխությունը, ըստ Մշակույթի նախարարության, «կնպաստի ՀՀ պետական բյուջեից կատարվող ծախսերի կրճատման ապահովման արդիական խնդիրների լուծմանը»:

Դատելով նախարարության կայքում հրապարակված տեղեկատվությունից՝ մեկ տարվա ընթացքում պետությունը ստանձնում է միջինը 10 գործչի հուշատախտակի պատրաստման եւ տեղադրման ծախս: Ստացվում է, որ խոսքը տարեկան ընդամենը 3,5 միլիոն դրամ խնայողության մասին է:

Կոլաժը՝ imyerevan.com կայքի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ