HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մեղավորն ու հանցանք գործողը իրավապահներն են եղել»,-դատարանում հայտարարել է Արթուր Սարգսյանը

Հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացվել:

Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը: Նրան առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամներին.«Մեղադրանքի էությունը նշում է՝ Արթուր Սարգսյանը խմբի կազմում հուլիսի 17-ին գրավվել է ՊՊԾ գունդը, այն դեպքում, երբ նա միայն հուլիսի 26-ին է տղաներին սնունդ հասցրել: Առաջադրված մեղադրանքը իրականության հետ աղերս չունի: Չորս պաշտպաններով մոտ 2 ժամ փորձում էինք հասկանալ, թե այդ դեպքում ինչպես է եղել, որ հուլիսի 17-ին մտել, հետո դուրս է եկել՝ սնունդ հասցնելու նպատակով: Քննիչին ասացինք՝ ներկայացրեք գոնե մեկ ապացույց, որը կհաստատի այդ մեղադրանքը, սակայն նա որևէ պատասխան չտվեց: Եթե իրենց առաջադրած հանգամանքը համապատասխանում է իրականությանը, ապա տարածքը հսկող ուժային կառույցները պարզապես քնած են եղել»,-նշում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Ըստ Պապիկյանի՝ դատավարության ընթացքում Սարգսյանի պաշտպանները, դատավորի միջոցով, մի քանի անգամ քննիչին հարց են հղել, այնինչ նա հրաժարվել է պատասխանելուց: Պապիկյանը քննիչի նման վերաբերմունքը գնահատում է որպես արհամարհանք: Ասում է՝ այնպիսի տպավորություն էր, թե փոքր երեխաներով խաղում ենք, նա էլ մեզնից նեղացել է:

Առաջադրված մեղադրանքում Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում հայտարարել է, որ մեղավորն ու հանցանք գործողը իրավապահներն են եղել, ովքեր, հետ վերադարձի դեպքում, իրեն կսպանեին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գունդ մուտք գործելիս իր  մեքենայի վրա դիպուկահարներն ու ոստիկանները 40 կրակ են արձակել:

Պապիկյանի փոխանցմամբ՝ Սարգսյանը ոտքի վիրավորում ունի, անհրաժեշտ է բուժօգնություն: Դատավորը ևս հաշվի է առել նրա ֆիզիկական վիճակը՝ թույլ տալով դատարանի հարցերին նստած պատասխանել և անհրաժեշտության դեպքում ոտքի չկանգնել:

Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել ձերբակալման որոշումն ու առաջադրված մեղադրանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter