HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանի տպավորությամբ՝ մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ՝ բանասերները

Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «Սասնա Ծռեր» խմբի և այս օրերին նրանց աջակցելու կամ զանգվածային անկարգությունների մեղադրանքներով ձերբակալված անձանց արհեստական մեղադրանքներ են առաջադրել ու մեկուսացրել են հանրությունից:

Տիգրան Հայրապետյանը մեղադրանքներից ավելի շատ այն տպավորությունն է ստանում, որ դրանք գրել են ոչ թե իրավաբանները, այլ՝ բանասերները. «Իրավաբանությունը վաղուց հրաժեշտ է տվել այս գործի շրջանակներում... ԱԱԾ-ն բանասերի նման մեղադրանք է առաջադրում», - ասում է փաստաբանը:

Նա ներկայացնում է «Հիմնադիր խորհրարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի շահերը, որը հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը իր բնակարանից բերման է ենթարկվել ԱԱԾ, մինչ օրս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Պայմաններից փաստաբանը չդժգոհեց, ընդհակառակը՝ ասաց, որ լավ պայմաններում է Եղնուկյանը:  

Փաստաբանը նշեց, որ Կարո Եղնուկնյանին մեղադրում են չորս դրվագով: Առաջին երկու դրվագները վերաբերում են տեղեկություններ տարածելուն, որը մարդու իրավունքն է. «Իբր` Եղնուկյանը տեղեկություն է ունեցել, որ զինված տեխնիկան շարժվում է դեպի գունդը, դա հրապարակել է և խափանել է իրավապահ մարմինների զինված հարձակումը: Համացանցով տարածել է տեղեկատվություն, որ խմբի անդամները թունավորվել են»: Երրորդ դրվագով, միջոցներ է ձեռնարկել Օպերայում հավաքվածներին Խորենացի փողոց բերելու համար և չորրորդով՝ ձգտել է, որպեսզի  ռադիոկապ ապահովվի «Սասնա Ծռերի» համար: «Սակայն գիտենք, որ մարդուն իր ցանկությունների, ձգտումների համար չեն ազատազրկում: Բացի այդ, մեր օրենսդրությամբ մարդուն աջակցելը հանցագործություն չէ, այլ հանցագործությանն աջակցելն է հանցագործություն», - նկատեց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը նկատեց, որ ծանր սանկցիաներ ունեցող հոդվածներ են, որոնք գումարային հաշվարկով մինչև 20 տարվա ազատազրկում կարող են արժենալ:

«Կարո Եղնուկյանը մոտ 60 տարեկան մարդ է, ավելի շատ ներդրում է արել բանակի կայացման գործում, քան բոլոր օլիգարխները միասին», - նկատեց Հայրապետյանը:

Գալով կալանքի որոշումներին, որոնք համատարած են այս օրերին, փաստաբանը նշեց, որ որևէ նյութ դատավորները չեն էլ ցանկանում պահանջել. «Մենք ունենք լավ դատավորներ, բայց այս գործերը նրանց չեն մակագրվում, այսինքն՝ գիտեն, թե որ դատավորի վրա մակագրեն, ով է պատվեր կատարող»:

Փաստաբանը պատմեց, որ օրեր առաջ այս գործերից մեկով կալանքի միջնորդության քննություն է եղել, դատավորը 40 րոպե գործի նյութերը ուսումնասիրելուց հետո հրաժարվել է գործը քննել, այլ դատավորի տնից են կանչել: «Պարոն Արմեն Բեկթաշյանը եկավ և առանց գործի նյութերին ծանոթանալու կալանքի որոշումը կայացրեց», - ասաց փաստաբան Հայրապետյանը: 

Ինչ վերաբերում է տեսակցություններ, ապա դրանց վրա արգելանք է դրված, անգամ թերթեր չի ստանում Եղնուկյանը, չի կարող կատարել նաև զանգեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter