HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք». վարչապետի ելույթը կառավարության նիստում

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստում  անդրադարձել է 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներին: Նա նշել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է:

Հովիկ Աբրահամյանը ասել է. «Ես արդեն առիթ եմ ունեցել ընդհանուր առմամբ անդրադառնալ 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի խնդիրներին: Սակայն կարծում եմ, որ արդյունքներին և մարտահրավերներին հարկ է կրկին անդրադառնալ: 
Այս տարի մեր առջև ծառացել էին թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: 2015թ.-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը: 
Սակայն, առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով»: 
Ըստ վարչապետի՝ ուրվագծվում են կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները:

«Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016 թվականի առաջին 6 ամսվա արդյունքներով կազմել է 8.9 տոկոս:
Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ևս շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: 
Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր՝ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին: 
Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության և մենք պետք է ամեն ինչ անենք այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար:
Միաժամանակ, կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում: Այդ փոփոխություններն իրողություն դարձնելու համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերները և հետևողականորեն ու համակարգված չեզոքացնենք դրանք: 
Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև իրենց տարեկան և հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները: Միայն թափանցիկ և մասնակցային գործընթացն է, որ մեզ հնարավորություն կտա ստեղծել արդյունավետ և մրցակցային գործարար միջավայր, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և կենսունակությունը»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter