HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրօք՝ Դաշնակցութիւնը Այլեւս Ընելիք Չունի

Յարութ Էքմանեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը շատոնց է ընելիք չունի: Նորութիւն չէ:

126 տարեկան այս կուսակցութիւնը դեռ «տաճկահայաստանի» ազատագրման համար հռչակած մանիֆեստով կ'առաջնորդուի: Այդպէս է՝ գոնէ տեսականօրէն: Իսկ գործնականօրէն այսօր այդ ինչով կ'առաջնորդուի, աւելի լայն անդրադարձի կը կարօտի:

Այս յօդուածին նպատակը Դաշնակցութիւնը քարկոծելը չէ, ոչ ալ բարեփոխման առաջարկներ ներկայացնելը: Նման քայլերը անհեթեթութիւններ են: Այս յօդուածին նպատակը Հայաստանի քաղաքացիներուն համար 2017-ի ընտրութիւններէն առաջ բացառապէս Յուլիսեան 14-օրեայ դէպքերու առնչուող փաստերու սեւ-սպիտակի-վրայ արձանագրութիւնն է: Միաժամանակ սփիւռքահայ ընթերցողն ալ կրնայ անկէ բխած հետեւութիւնները վերլուծել՝ իր համայնքին, գաղութին ու միջավայրին համապատասխան:

Յուլիս 17-էն մինչեւ 31, Հայաստանի նորանկախ պատմութեան ամէնէն ցնցիչ դէպքերէն մէկը տեղի ունեցաւ: Խօսքը անշուշտ «Սասնա Ծռեր» խումբի կատարած գործողութեան ու անոր միջոցով բարձրացած ժողովրդային ցասման ալիքին մասին է: Դէպքի սկիզբի օրերուն իշխանութիւններու խուճապը բացայայտ էր: Անոնցմէ ոչ ոք չէր երեւեր հորիզոնին վրայ: Հինգ օր անց՝ Վարչապետ Յովիկ Աբրահամեանն ու Հանրապետական կուսակցութեան խօսնակ Էտուարտ Շարմազանովը նոր հանդէս եկան յայտարարութիւններով: Վեցերրորդ օրը՝ Հանրապետութեան նախագահը նոր երեւաց, այդ ալ ոչ թէ ժողովուրդին ուղերձով, այլ իրաւապահ մարմիններու պետերուն հետ ժողովի մը ընթացքին իր ընթերցած յայտարարութեամբ:

Դէպքերու յետագայլ ընթացքը բոլոր հետեւողներուն համար յայտնի է, սակայն այս բոլոր իրադարձութիւններու ընթացքին շարք մը քաղաքական, հասարակական եւ նախկին բանակային դէմքեր տարբեր դերերով փորձեցին ձեռնամուխ ըլլալ իրավիճակի վերահսկողութեան եւ խաղաղ ճանապարհով հանգուցալուծման: Զարմանալիօրէն ինքզինք ազգային աւանդական կուսակցութիւն կոչող եւ իշխանութեան մաս կազմող Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան դէմքերէն ոչ ոք կար անոնց մէջ:

Մինչ խաղաղ քաղաքացիներ փողոցներու մէջ եւ հրապարակներու վրայ առանց պատճառի կը ձերբակալուէին, ցուցարարները բռնութիւններու կ'ենթարկուէին, դաշնակցական նախարարները լեզուները պապանձած վարչապետ Յովիկ Արահամեանի մեկնաբանութիւնները կ'ունկնդրէին: Այդտեղ անոնցմէ ոչ մէկ բան չլսուեցաւ իրավիճակին մասին: Աւելին՝ նիստէն ետք դաշնակցական նախարար Արծուիկ Մինասեանը բարձր գնահատեց ոստիկանութեան «հանդուրժողականութիւնը»:

Դէպքի առաջին օրին «յեղափոխական» կուսակցութեան Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Աղուան Վարդանեանը յայտարարեց թէ «ահաբեկչութեամբ հարցեր չեն լուծուիր»: Անկախ անկէ որ կատարուած արարքը քրէականօրէն պատժելի է, սակայն նման պիտակաւորմամբ յայտարարութիւն մը ծիծաղ չէր առաջացներ եթէ աղբիւրը չըլլար անցեալին ահաբեկչութեան ապաւինած եւ այսօր անորմով հպարտացող կուսակցութեան բարձրաստիճան ներկայացուցիչը: Ընկեր Աղուանին պէտք է հարցնել, թէ կուսակցութեան շարքերը ընդունուելու ժամանակ ինչի վրայ երթում կատարած է, եթէ ոչ զէնքի: Ան աւելի ճիշդ ըրած կ'ըլլար, եթէ պիտակաւորելէ խուսափելով փորձեր իրեն պարտականութիւն ինկած քլիշէ յայտարարութիւնը կատարեր ու աչքերէ հեռանալ:

Ապա Դաշնակցութեան ղեկավարները սկսան բողոքելու թէ «Աշխարհի ուշադրութիւնը Թուրքիայէն շեղուեցաւ դէպի Հայաստան»: Ժողովրդական թարգմանութեամբ՝ խելօք նստէ՛ք քանի որ «թուրքը նայում ու ուրախանում է»: Ցաւալի է երկրի կառավարման մաս կազմող կուսակցութեան կողմէ նման ֆոլկլորիկ մտածելակերպի դրսեւորումը: Նախ, հակառակ այդ մտահոգութիւններուն, Աշխարհի ուշադրութիւնը Թուրքիայէն բնաւ չէ շեղած:

Հայաստանը դեռ այդքան կարեւոր չէ որ Թուրքիոյ տեղը գրաւէ թերթերու առաջին տեղերուն վրայ: Իսկ միւս կողմէ, շատ ողջունելի է որ համաշխարհային մամուլը չէ անտեսած Հայաստանի քաղաքացիին եւ լրագրողներուն վրայ իրագործուած ճնշումներն ու վայրագութիւնները: Ապա թէ ոչ որո՞ւ խղճին պէտք էր թողել այդ անիրաւութիւններու բացայայտումը, մանաւանդ որ հայ լրագրողները անխնայ ծեծ ու ջարդի ենթարկուեցան ու իրենց մասնագիտական գործիքներ գրաւուեցան ոստիկանութեան կողմէ: Ժողովուրդի տառապանքը փորձ ունի:

Յուլիս 22-ին ՀՅԴ Գերագոյն Մարմինը վերջապէս պաշտօնական յայտարարութեամբ մը հանդէս եկաւ, ուր նշուած էր թէ «ՀՅԴ-ն ձգտում է իրավիճակի բացառապէս խաղաղ հանգուցալուծման», սակայն յետագայ օրերուն ոեւէ դաշնակցական դէմք այդ ուղղութեամբ  քայլ մ՛ը չձեռնարկեց, բացի աջ ու ձախ առատաձեռնութեամբ բաշխուած հարցազրոյցներէն ու խրատականներէն: Այս առումով 14 օրուայ ՀՅԴ գործելաոճը շատ նման էր Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյ կղերականներու պահուածքին:

Այնուհանդերձ, կային այլ կուսակցութիւններէ քաղաքական դէմքեր, որոնցմէ ամէնէն յիշարժաններէն մէկը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ Նիկոլ Փաշինեանն էր: Փաշինեանը սթափ քաղաքական ղեկավարի յատուկ պատասխանատուութեամբ առաջին օրէն ժամանեց դէպքի վայր, տէր կանգնեցաւ այդ ժողովուրդին որ ընդվզած էր ոստիկանութեան անհամաչափ գործողութիւններուն եւ քաղաքացիներու արժանապատուութիւնը ոտնահարող ղեկավարութեան դէմ: Քանի Նիկոլ Փաշինեանը կար հարթակի վրայ՝ ժողովուրդի խաղաղ կամքի արտայատման եղանակը երաշխաւորուած էր: Ապա ան հեռացաւ հարթակէն զինեալ խումբի անհեռատես պահանջով:

Յուլիս 28-ին Փաշինեանը «Սասնա Ծռեր» խումբի կողմէ ՀՀ Ոստիկանութեան Պարեկապահակային ծառայութեան գունդի տարածքի գրաւման ու անոր շուրջ ստեղծուած իրավիճակի մասին քաղաքական քննարկումներ վարելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու պահանջով պատգամաւորներու ստորագրահաւաք սկսաւ: Պահանջի ընդունման համար պէտք էր ԱԺ-ի մէկ երրորդի ստորագրութիւնները, սակայն միայն 19 պատգամաւոր ստորագրեցին այդ, իսկ ութ այլ պատգամաւոր խոստացան ստորագրել: Անոնց շարքին չկար մէկ դաշնակցական պատգամաւոր: Այսինքն՝ երբ երկիրը քաոսի շեմին կանգնած էր, դաշնակցական պատգամաւորները ամէն կերպ հեռու էին իրենց քաղաքական պատասխանատուութիւններէն: Այս առանձին փաստը Հայաստանի քաղաքացիին համար լաւ առիթ է մտածելու թէ յաջորդին իրեն պէ՞տք են այսպիսի պատգամաւորներ թէ ոչ:

Այս բոլորէն ետք, Յուլիս 30-ին ՀՅԴ Գերագոյն Մարմինը տարածեց երկրորդ յայտարարութիւն մը, որուն մէջ տեղ գտած է հետեւեալը. «Մէկ անգամ եւս հաստատում ենք. գործընթացները պէտք է տեղափոխուեն բացառապէս իրաւական, օրինական դաշտ»: Գերագոյն մարմինը կամ կը ծաղրէ ժողովուրդի բանականութեան ու յիշողութեան մակարդակը, կամ ալ փաստացի ընդունած է որ ՀՅԴ-ի խօսքն ու գործը իրար հետ բնաւ կապ չունին:

Սոյն յայտարարութեան մէջ կէտեր կան որ նաեւ անյարիր են ՀՅԴ պատմութեանը: Այնտեղ գրուած է «Պէտք է հրաժարուել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց»: Փաստօրէն ՀՅԴ-ն այլեւս ոչ թէ միայն ընելիք չունի այլեւ իր անցեալի ըրածները ճիշդ չէ ընկալած: Կամ ալ, կ'արժէ հարցնել թէ կրնա՞յ ըլլալ որ ՀՅԴ-ն անցեալին ըրածները առանց հասկնալու ըրած է, այսինքն պարզապէս պատեհապաշտութեամբ:

Կրկին նոյն յայտարարութեան մէջ՝ «անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապէս վերափոխելու ուղղութեամբ»: Այստեղ ի՞նչ կը նշանակէ արմատապէս: Իրենք ի՞նչ կ'ընեն իրավիճակը արմատապէս փոխելու համար:

Կ'արժէ յիշել նաեւ այլ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ժառանգութենէն Արմէն Մարտիրոսեանը, Յովսէփ Խուրշուդեանը, Դաւիթ Սանասարեանը, եւ ուրիշներ, որոնք կրկին մեծ դերակատարութիւն ունեցան ընդվզած ժողովուրդին սադրանքներէ հեռու պահելուն եւ անոնց տիրութիւն ընելուն մէջ: Դժբախտաբար այսօր դէպքերու աւարտէն ետք, անոնք դարձած են Հայաստանի նորագոյն քաղաքական բանտարկեալները, իսկ դաշնակցական տոհմիկ-ֆոլկլորիկ մտաւորականութիւնը կրկին գործի լծուած է «եզրակացութիւններով» եւ «վնասի վերահսկողութեան» կոչերով:

Սա հակիրճ ամփոփում մըն է 126 ամեայ կուսակցութեան մը 14 օրուայ պատմութեանը: Յաջորդ ընտրութիւններուն, երբ Հայաստանի քաղաքացին քուէներու տուփին առջեւ կանգնի, կ'արժէ իր յիշողութիւնը վերակենդանացնէ ու այս ամէնը յիշէ:

Այս ընթացքով շատ հաւանական է որ յաջորդ ընտրութիւնները եւս կրնան կեղծուիլ, սակայն ՀՀ քաղաքացին թող մտածէ, արդեօ՞ք կ'արժէ ՀՅԴ-ի նման Բաղրամեան 26-ի յաճախորդ մը եւս աւելցնել Ազգային Ժողովին մէջ, թէ արդէն ժամանակն է զայն ուղարկելու երրորդ հանրապետութեան պատմութեան անբարունակ մէկ անկիւնը:

Յարութ Էքմանեանը կը թղթակցի Հետքին մարդու իրաւունքներու, միջազգային օրէնքի, քաղաքականութեան, եւ այլ թէմաներու մասին:

Մեկնաբանություններ (9)

ov-vor-a-em
փորձ 1
ov-vor-a-em
Հարգելի պրն, Ւքմանեան, -թ1 Ճիշտ եք որ այս Հայաստանում անցյալ 2 շաբաթվա քաղաքական թոհ ու բոհի ընթացքում Հայաստանի Հ.Յ.Դաշնակցության միայն իշխանության կամ կառավարության նեղ օղակում իրավասություն ունեցող Գերաքուն մարմինը քուն էր մտել մի վեց օր մինչև կլիներ Սերժի հայտարարությունը: Ճիշտ եք ձեր նկատառումներով մյուս իրադարձություների առումով, սակայն այն որ Հ.Յ. Դաշնակցությունը այլևս անելիք չունի շատ եք սխալվում և չարաչար:
ov-vor-a-em
Հարգելի պրն, Ւքմանեան, թ-2 Նախ թույլ տվեք ասելու որ ոչ բոլոր աշխարհացրիվ դաշնակցականներն են կիսում այն դիրքորոշումը որը բռնեց գերագույն մարմինը այն 3 տխրահրչակ հայտարարություններով մանավանդ երբ առկա էր Հայաստանի ժողովրդի ընդվզումը Աղվան Վարդանյանի այս գործողությանը անվանակոչելուվ ոչ դաշնակցականավայել կերպով, դա ակնհայտ էր բոլոր ԶԼՄ-ներում, գիտէք: Սա գալիս է ապացուցելու որ Հայաստանում ներկայումս այն նրանք որոնք որոշ չափով աչքի են ընկնում այսպես ասած իրիէնց որոշ չափի ճարտար լեզվով մտէլ էն այս կամ այն կուսակցության շարքերը միայն մի քանի կոպեկի համար, սա պարզ երևացել է նախկինում ու երևում է այսօր, ոչ միայն Դաշնակցության շարքերում այլև բոլոր մյուս կուսակցություններում, այստեղից այնտեղ ցատկելով: Սա գալիս է այն բանից որ սրանցից ոչ մեկն էլ նվիրյալ կուսակցականներ չեն, հավատարիմ իրենց երդմանը որը դուք էլ եք նկատառել:
ov-vor-a-em
Հարգելի պրն, Ւքմանեան,-թ3 Վերադառնալով իմ վերը պնդած այն կետին որ Հ.Յ.Դաշնակցությունը դեռ անելիքներ և շատ ու շատ անելիքներ ունի ինչպես ապացուցեց մեկ դար առաջ, ինչպէս ամբողջ սփյուրքում, ինչպէս Արցախյան ազատագրական պայքարի առաջին օրերից, լավ հասկացեք առաջին օրերից և մինչ օրս, ու դեռ անելիքներ ունի Հայաստանի բարգավաճման փայլուն ապագաի Ճանապարհում, քանզի դեռ չենք մեռել մենք: Դեռ կան Հ.Յ.Դաշնակցության երդմանն հավատարիմ ու ամենագլխավորը ազնիվ, արդար շարքայիննէր: Թույլ չի տրվելու երեկվա Ռուբեն Հակոբյաններին, Ռոլանդ Շառոյաններին այսորվա Արծվիկնէրին, Աղվաններին կամ Ռուստամյաններին արատավորեն դարավոր, ալեհեր բայց միշտ 18 ամյա երիտասարդի սրտի զարկով Հայաստանին ու Հայ ժողովրդի հավատրիմ ծառա Հ..Յ. Դաշնակցություն կուսակցությանը քանզի կանք մենք:
Թորքոմ
Խելացի մարդը արդէն շատոնց իվեր գետէ որ ՀՅԴ քաղաքականապէս մեռած եւ ժամանակավրէպ կազմակերպութիւն է։ Հեղինակին արծածած կէտերը շատ տեղին են
Սարգիս
Նախկան ՀՅԴ-ի և մյուս քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների մասին կարծիք հայտնելը ,,Սասնա ծռերի՛՛կողմից կատարվածի վերաբերյալ,հարկավոր է հստակություն մտցնել հարցի մեջ:,,Հիմնադիր խորհրդարան ՛՛կոչվածը ինչ նպատակ է հետապնդում Հայաստանում և ովքեր են կանգնած այդ քաղաքական ուժի հետևում:Սա այն ուժն է,որ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին և նրանց ղեկավարներին քննադատում,հողին է հավասարեցնում,ակնկալելով,որ դրանավ կարող է ժողովրդին իրեն գրավել և նվաճել իշխանությունը:Շահարկելով ,,Սասնա Ծռերի՛՛ տղաների անմնացորդ հայրենասիրությունը,դրսից ղեկավարվող այդ ուժը նրանց դրդեց նրան,ինչին ականատես եղանք:Քաղաքականություն հասկացողի համար մի բան պարզ է՝ փորձվում էր ստեղծել հայմայդան՝ իշխանության զավթում և երկիրը դուրս բերել Ուկրաինայի անցած ճանապարհը:Ներկա իրենց կոչերով նրանք ժողովրդին շեղում են պայքարի ճիշտ ուղուց,որից օգտվելով իշխող ՀՀԿ դիկտատորական կուսակցությունը առաջիկայում ևս կպահպանի իր իշխանությունը:
Արմեն
Դաշնակցությունը ոչ թե այլևս անելիք չունի, այլ երբևիցե Հայաստանում անելիք չի ունեցել և չի էլ ունենալու, քանի֊որ մաս կազմելով անօրինակարգ իշխանությանը նա իրեն դրել է օրենքից դուրս։ Ես տեղյակ չեմ , թե ինչով է զբաղված դաշնակցությունը սփյուռքում, սակայ Հայաստանյան խմբի գործունեությունը առաջացրել է հայաստանաբնակ հայերի արդարացի զզվանքն ու ատելությունը։ Նրանք ինչքան շուտ մաքրվեն Հայաստանից, այնքան լավ իրենց կուսակցության ապագաի համար։
Artak
Дашнакцутюн в Армение и в спюрке это разные партии. Судите сами
Gevorg
Հակադաշնակցական էժանություն․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter