Պայմանագրային զինծառայող․«Ինձ ասացին՝ որպեսզի երկրորդ կարգ տանք, պիտի մի ձեռքդ էլ կտրվեր, աչքդ էլ կուրանար»
2015 թվականի ապրիլի 23-ին տավուշցի Վիլհելմ Բաբայանի ու նրա ընտանիքի կյանքի ընթացքը շրջվել է: Պայմանագրային զինծառայող Բաբայանը այդ օրը «Խշուր» մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, հնարավոր դիվերսիոն գրոհը չեզոքացնելու նպատակով դուրս է եկել խրամատից ու պայթել ականի վրա: Դեպքից հետո նրա ընտանիքը զրկվել է ապրուստի բավարար միջոցներից, ինքը` Վիլհելմը կորցրել է լավատեսությունը, ութամյա որդին՝ ուսման նկատմամբ սերն ու հետաքրքրությունը:
Վիլհելմին պատահաբար հանդիպեցի Տավուշ գյուղի կենտրոնական փողոցներից մեկում, որդու հետ, մեծ ու ծանր տախտակներ տեղափոխելիս: Նկատելով, որ հենակով է, իսկ որդին դժվարությամբ է քարշ տալիս ծանր տախտակները, մոտեցա օգնելու: «Հիմա ո՞ր մեկիդ փոխարինեմ»,- հարցրի` մտածելով, որ երեւի ոտքի թեթեւ վնասվածք ունի: «Տղուս քյոմակ արա, ախպեր, թե կարաս»,-պատասխանեց քրտինքի մեջ կորած Վիլհելմը: Տախտակները հարեւանի տուն տեղափոխելիս պատմեց, որ ձախ ոտքի կեսը չկա՝ պրոթեզավորած է:
Վիլհելմը 90-ականներին մասնակցել է Բերդի տարածաշրջանի գյուղերի պաշտպանությանը, իսկ վերջին 8 տարիներին պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում: Մինչ բանակի շարքերն անցնելը, Ռուսաստանում է աշխատել եւ հորական տնից առանձնանալու նպատակով ծննդավայրում տուն գնել: Նպատակն է եղել վերանորոգման կարիք ունեցող տունը քիչ-քիչ բարեկարգել: 2015-ի ապրիլի 23-ից հետո փոփոխությունների ժամացույցը նրանց ընտանիքում կանգ է առել:
«Հրամանատարը դիրքապահներիս շարելով տեղեկացրեց, որ մեր առաջ դիվերսիոն խումբ կա: Խրամատում էի, լսեցի, որ խրամատի պատը փլվեց, շունն էլ հաչըմ էր: Մտածեցի՝ ուրեմն դիվերսիոն խումբը անցնելու փորձ ա անըմ: Ծին էր, մառախուղ, տեսանելիություն չկար: Փորձեցի առաջ քինամ: Խրամատից 5-6 մետր դուրս եկա՝ ականը պայթեց: Գիտեինք, որ դիրքի դեմը ականապատած ա, բայց գիտեի, թե մենակ փշալարից դեպի հակառակորդն ընկած հատվածը: Ես փշալարը չեմ անցել: Մի քիչ առաջ եմ անցել խրամատից ու ընկել ականի վրա: Լավ ա, վեր կարեցա ետ սողամ, ինձ գցեմ խրամատ: Տղերքը հասան…»,- պատմում է Վիլհելմը:
Հենակետում ծառայություն իրականացնող զինվորականները օգնության են հասել ընկերոջը եւ տեղափոխել Բերդի զինվորական հոսպիտալ: Վիլհելմի ձախ ոտքն անդամահատել են: Ըստ դատաբժշկական փորձաքննության տվյալների՝ նրա դեմքի աջ կեսին եղել են բազմաթիվ ծակած վերքեր:
Վիլհելմի աջ ոտքն էլ է վնասված: Կրկին դիրքերում, գիշերը բարձր քարից ընկել է, ոտքը կոտրել ու վիրահատվել: Մետաղյա ձողերը ոտքից հանել են երկու տարի առաջ: Ձախը պրոթեզավորած է, աջը՝ վիրահատած, սակայն 2015 թվականի սեպտեմբերի 10-ին 46-ամյա Վիլհելմ Բաբայանի վերաբերյալ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից կայացվել է որոշում եւ նրան տրվել 3-րդ կարգի հաշմանդամություն: Վիլհելմը սա համարում է անարդար որոշում. «Գիդե՞ս ինչն ա իմ նեղությունը: Շատ մարդիկ կան, որ ոտքը տեղը, ձեռքը տեղը, երկրորդ կարգ են ստացել: Հալալ ա իրենց, պյան չեմ ասըմ: Բայց իմ էս վիճակըմ գոնե ինձ էլ 2-րդ կարգ տային»:
Հաշմանդամության երրորդ կարգի համար Վիլհելմը ստանում է 58 հազար 200 դրամ: Ընտանիքը 28 հազար դրամ էլ աղքատության նպաստ է ստանում: Սա է նրանց ողջ եկամուտը: Իսկ հաշմանդամության երկրորդ կարգի դեպքում զուտ թոշակը կլիներ 87 հազար դրամ:
«Հույս ունեինք գոնե երկրորդ կարգ կտան, էն էլ պատասխանեցին, որ պիտի ոտքիս կեսի հետ աչքս էլ տյուս էկած ըլներ, թեւս՝ պոկված, որպեսզի երկրորդ կարգ ստանայի»,- պատմում է նախկին զինվորականը: Դեպքից հետո Վիլհելմը տեսողության կորուստ էլ ունի: «Չեմ չափել ինչքան ա վատացել… սիրտ չունեմ, հավես չկա: Էդ հոսպիտալներում էնքան քաշ տվին, էնքան քինացի-եկա»,-ասում է:
Ութամյա Վրույրը մոր հետ իրենց վրա են վերցրել տան ծանր ֆիզիկական գործերը: Նախորդ ձմեռվա ողջ փայտը Վրույրն է ջարդել: Հարցնում եմ երազանքների մասին: «Ուզում եմ զինվոր դառնամ, որ մեր հայրենիքը պաշտպանեմ, պապային էլ պահեմ»,-պատասխանում է ու չկարողանալով լացը զսպել, վազում է հարեւան սենյակ: «Էս դեպքը էրեխուս վրա շատ ա ազդել»,- ասում է հայրը: Մայրը՝ Գրետան էլ պատմում է, որ Վրույրը ուսման մեջ հետադիմել է, հոր հետ կատարվածից հետո իրեն ճնշված է զգում: «Էրեխուս վեչ մի պյան չի ոգեւորըմ»,- ասում է:
Գրետան աշխատանք չունի: Չի էլ կարող աշխատել: Ժամանակը գնում է ամուսնու եւ երեխաների խնամքի վրա, ծանր ֆիզիկական գործերին: «Ինչին կպչըմ ենք, դժվարություն ա: Ինչ կա՝ մնացել ա ինձ վրա: Էն օրը զուգարանի ճամփեն ենք սարքըմ, որ Վիլոյի համար հեշտ լի, ձմռանը կարենա զուգարան քինա... Ցեխ անել, ավազ կրել, քար կրել՝ ամեն ինչ իմ վրայա, սաղ ես եմ: Բաղնիք չկա, հարմարություն չկա, Վիլոն տանն ա լըղանըմ, ամբողջ տունը ջուր ա լցվըմ: Օր կա՝ չի կարըմ զուգարան քինա: Տանը, տաշտի մեջ է կարիքները հոգըմ: Գիտեք, գյուղի զուգարանը իր վիճակին հարմարեցված չի»,- պատմում է երկու երեխաների մայրը:
Նա ասում է, որ ստացած աղքատության նպաստով կոմունալ ծախսերն են վճարում, ամուսնու ստացած 58 հազար դրամով էլ՝ ամսվա անհրաժեշտ հագուստը, ուտելիքն ու դեղորայքը: «Մակարոնի փլավ ենք ուտըմ ու ձվածեղ»,- շաբաթվա ճաշացանկն է նշում որդին՝ Վրույրը: Գրետան լրացնում է որդուն. «Վերմիշել, կարտոշկա, եթե իհարկե կարտոշկեն հերիքում ա, ձեթ…»: Ամուսնու վիրավորվելուց հետո, ունեցած մի քանի հավը վաճառել են փորձաքննությունների գնալու ճանապարհածախսի համար:
Երեխաներին դպրոցի ու մանկապարտեզի համար նոր հագուստ ու պիտույքներ է անհրաժեշտ, ձմռան համար էլ՝ փայտ: «Մի ամսից Վրույրս դպրոց դի քինալ, նոր հագուստի ու պայուսակի խնդիրը չգիտենք վենց կլուծենք: Երեկ տանը էդ էինք խոսըմ: Մի հատ պայուսակը 6500 դրամ արժի: Եկել եմ տուն, ասում եմ՝ ո՞նց ենք անելու: Մի հատ գոճի ենք վերցրել պարտքով: Թոշակը վեր ստանանք, գոճու պարտքը պիտի փակե՞նք, թե մեր էրեխեքին պայուսակ ու շոր առնենք»,- ասում է Գրետան:
Մեծ խնդիրների առաջ կանգնած ամուսինները փորձում են ծանոթ-անծանոթից տեղեկություններ ճշտել տնաշինական կազմակերպությունների մասին, դիմել գոնե հրետակոծությունից վնասված տանիքը վերանորոգելու, կամ բաղնիք կառուցելու խնդրանքով, որպեսզի նախկին զինվորականը բնական կարիքները հոգալու համար տան սենյակներից մեկում տաշտով չառանձնանա:
Ընտանիքի պատմության մասին նշումներ կատարած` պատրաստվում եմ հրաժեշտ տալ, Վրույրը ականջիս փսփսում է. «Մի երազանք էլ ունեմ: Ծեր էդ սիրուն ժամացույցից եմ ուզըմ ունենամ, բայց էն որ ժամը թվերով է գրվըմ… Պապային չեմ ասել: Բայց հենց աշխատեմ, առնիլ դեմ»:
Մեկնաբանել