HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք էսօր կորցնում ենք մարդուն». Հովիկ Չարխչյան

Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

-Պարոն Չարխչյան, մի հարցի մասին եմ ուզում խոսենք. սովորաբար հասարակական-քաղաքական լարված իրավիճակներում մտավորականների մի խումբ է հանդես գալիս՝ դատապարտող հայտարարություններով կամ բաց նամակներով: Շատերի համար հեգնանք են առաջացնում ոչ միայն այդպիսի տեքստերը, այլև հենց մտավորական ասվածը: Մեր օրերում ո՞վ է մտավորականը:

-Մեր հասարակության ճնշող մեծամասնության մոտ տպավորություն է, որ մտավորականը մշակութային գործիչն է: Դու կարող ես շատ լավ գրող, նկարիչ, դերասան լինել, բայց մտավորական չլինել, նույնկերպ կարող ես առնչություն չունենալ հոգևոր ոլորտի հետ, բայց շատ լավ մտավորական լինել: Օրինակ՝ անցյալ դարասկզբին հայկական սպայակազմը համարվում էր մտավորական սերուցք:

Մտավորականը մի անհատ է, որն իր մեջ ամփոփում է ոգեղեն և քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսևորումները: Մարդ, ով ոչ թե ուղղորդիչի դեր է կատարում, ցուցումներ է տալիս, այլ սթափեցնում, արթուն է պահում: Պատահական չէ, որ մտավորականներին ասում են ազգի խիղճ:

-Հիմա ազգի խիղճ ունե՞նք:

-Անպայման կան մարդիկ, ովքեր այս բոլոր հատկանիշները ներառում են իրենց մեջ, այլ խնդիր է, թե հասարակությունն ինչպես է ընկալում դա: Մարդիկ մտավորականությանը դիմելու կարիք կամ պահանջ են զգում, որովհետև ոչ թե չգիտեն՝ ինչ են անելու, դրա համար են դիմում, այլ որովհետև ուզում են լսել ևս մեկ կարծիք նրանցից, ում նկատմամբ հարգանք ու վստահություն ունեն: Այսինքն՝ երբ քաղաքացին ասում է՝ որտե՞ղ է մեր մտավորականը, այլ կարծիք լսելու անհրաժեշտություն ունի, որպեսզի այն համադրի իր տեսակետներին՝ համոզվելու կամ կասկածելու նկատառումներով տվյալ իրավիճակից կախված:

Նրանք, ովքեր իրենց համարում են մեր մտավորականներ, պատկերացում չունեն, թե որն է իրենց կոչումը: Նրանց թվում է, որ եթե որևէ նամակի տակ ստորագրում են, ուրեմն մտավորական են: Դա անլուրջ մոտեցում է, առավելևս այնպիսի նամակ, որն ընթերցեցինք վերջերս: Ի՞նչ էր դա՝ ինչ-որ անհետաքրքիր, տափակ ձևակերպումներ, որոնց կարիքը հասարակությունը չունի: Հասարակությունը հո մանկամիտ չէ՞, մարդիկ հրաշալի հասկանում են այնտեղ գրված մտքերը, դրանք կրկնելու անհրաժեշտություն չկա: Ունե՞ս ավելի էական, ավելի լուրջ բան ասելու, և հետո տեքստը պիտի հասցեական լինի, ո՞ւմ ես դիմում, ո՞ւմ ես հորդորում, ո՞ր կողմին ես հորդորում զուսպ լինել, հավասարակշռված լինել, անհավասարակշիռ քայլեր չանել: Ո՞րն է այն խումբը, որին հասցեագրում ես դա: Հստակեցնո՞ւմ ենք, թե ում են ասում, հասկանո՞ւմ ենք, թե ում դիրքերից է ասում: Այդ ժամանակ մտավորականն արդեն դադարում է լինել մտավորական, վերածվում է հասարակության մի խմբի պահանջները բավարարող մարդկանց հավաքականության: Ո՞նց կարող է հասարակությունը նման մարդկանց լուրջ վերաբերվել, առավելևս նրանց մտավորականներ անվանել և կարիք ունենալ լսելու նրանց կարծիքը:

Երբեմն պետք է նաև լռել, դա էլ մեծ արվեստ է, պետք չէ անընդհատ խոսել, ո՞վ է ասել, որ եթե իրավիճակներ են թեժանում, պետք է ինչ-որ բան ասես: Երբեմն լռությունը շատ ավելի օգուտ է տալիս ժողովրդին, քան, կներեք արտահայտության համար, ամբաղ-զամբաղ մտքեր եթեր նետելը:

Մտավորականն այն մարդն է, ով կարողանում է հասարակության տրամադրությունները սինթեզել անցյալի ու ներկայի փորձի հետ, ստանալ մի արդյունք, որը նման է ճանապարհին դրված ուղենշաններին: Դրա համար մեր մտավորականները պետք է առավելագույնս քիչ խոսեն և առավելագույնս շատ դիտեն, զննեն, կուտակեն այդ ինֆորմացիոն պաշարը, որպեսզի ճիշտ պահին ճիշտ մտքերով հանդես գան, այլ ոչ թե թղթի տակ ստորագրեն, ցրեն աջ ու ձախ և իրենց գործը համարեն ավարտված:

-Պատմության մեջ եղել են, չէ՞, այնպիսի մտավորականներ, որոնք կողմոնորոշիչ դեր են կատարել:

-Երբ Րաֆֆին գրում էր «Խենթը», «Կայծերը», կամավորական ջոկատներ էին ձևավորվում էն մարդկանցից, ովքեր կարդացել էին այդ վեպերը: Նա չէր անցնում տնետուն, հավաքագրում կամավորականներին: Նա վեպ էր գրում, մարդիկ կարդում էին, կամավորագրվում և գնում պաշտպանելու հայրենիքը: Մարդն իր գործն անում է, որն այնպիսի ներգործություն պիտի ունենա հասարակության վրա, որ արդեն առանց նամակների, առանց կոչերի, առանց ելույթների հասարակությունն իմանա այդ մասին:

Երբ մտավորականները գնում-կանգնում են երկու ուժերի միջև, դրանից ավելի վատ չկա: Դու միավորողը պիտի լինես, դու բաժանողը չես: Երկուսին պիտի բերես, մերձեցնես, երբ կանգնում ես, ակամա սահման ես գծում մի բանի, որը գոյություն ունենալու իրավունք չունի: Երբ որևէ քայլ, գործողություն ես անում, գործողությանդ ներքին իմաստներն էլ մի քիչ պիտի հասկանաս:

Կամ գլորվում ես անդունդը, կամ պիտի առաջ քայլ անես փրկվելու համար

-Հուլիսի 17-ից հետո իրավիճակ փոխվե՞լ է, պարոն Չարխչյան:

-Իրավիճակի գնահատական չեմ տա, կասեմ, որ հոգեբանություն է փոխվել՝ և՛ դրական, և՛ բացասական իմաստով: Շատերը հուսահատվեցին, կոտրվեցին, ջարդվեցին, մյուսներն էլ ավելի թրծվեցին, էլ ավելի պինդ դարձան, իրենց համար սահմանեցին այն, որ պրոցեսը շրջելի է, կանգ առնելու խնդիր չկա, և որտե՞ղ կանգ առնես՝ արդեն եզերքին ես՝ կամ գլորվում ես անդունդը, կամ պիտի առաջ քայլ անես փրկվելու համար: Երբ ասում են կանգ առ և չգիտեմ ինչ, նաև պետք է ասեն՝ որտե՞ղ կանգ առնել: Էսօր երկրում երկիմաստ վիճակ է այդ իմաստով: Երբեմն տպավորություն կա, որ իրադրություններն են որոշում երկրի ընթացքը, բայց այլ կերպ պիտի ասեմ, որ իրադարձությունների դադարներն են որոշում հաջորդ իրադարձություների տրամաբանությունը: Դադարները թույլ են տալիս, չեմ ուզում օգտագործել այդ ապուշագույն արտահայտությունը, դասեր քաղել: Ինչքա՞ն կարելի է դպրոցական մնալ և դասեր քաղել:

Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, շատ լավ հասկանում ենք՝ ինչ է կատարվում, ինչու, ում մեղքով է կատարվում, էլ ինչի՞ց դասեր քաղենք: Պարզապես մի կողմն ազնիվ է խաղում, մյուս կողմն՝ անազնիվ: Երբ նստեք խաղասեղանին և դիմացինն անազնիվ խաղա, պարզ չէ՞, որ անընդհատ պարտվելու եք: Ուրեմն, ի՞նչ հետևություն պիտի անենք. մենք էլ սկսենք անազնիվ խաղա՞լ: Մենք չենք ուզում անազնիվ խաղալ: Ուրեմն, ի՞նչ պետք է անել. պարզապես պետք է չխաղալ, այլ հարաբերություն սկսել, որովհետև էս մարդիկ չեն ցանկանում ազնիվ հարաբերվել քեզ հետ: Նրանք սովոր չեն ազնվության դաշտում խաղալ քեզ հետ:

Ժողովուրդը թքած ունի այն պայծառ ապագայի վրա, որ դու պիտի բերես, ինքն այլ կերպ է տեսնում այդ ապագան՝ առանց քեզ

-Էնպիսի տպավորություն է, պարոն Չարխչյան, որ իշխանությունը կտրվել է իրականությունից կամ այլ իրականություն է ստեղծել իր համար:

-Էդպես չեմ կարծում: Էն մարդիկ, ովքեր իշխանություն են ներկայացնում, հրաշալի պատկերացնում են իրավիճակը կամ տեսնում են՝ ինչ է կատարվում, պարզապես այդ մարդիկ ընդունակ չեն շտկելու իրավիճակը: Էդպես լինում է, չէ՞, լինում է խելացի մարդ ու հիմար մարդ: Հիմա եթե մարդը մի բան չի կարողանում անել, ի՞նչ ես պահանջում նրանից: Ենթադրենք, էսինչ մարդը, որ կոչված է տնտեսությունը ոտքի հանելու, ի վիճակի չէ տնտեսությունը ոտքի հանելու, ի՞նչ ես ուզում էդ մարդուց: Դե արի բացատրի նրան, որ ինքը չի կարողանում և պետք է փոխել իրեն, բերել ավելի խելացի մարդու, կսպանի քեզ, կուտի քեզ: Դա էր պակաս, իր համար ամենակարևորը իշխանությունն է, այլ ոչ թե իր անգետ լինելու հանգամանքը:

Օրը հազար անգամ իշխանություններին մատնանշում են իրենց թույլ տված բացթողումները, սխալ քայլերը, Ձեր կարծիքով՝ չի՞ լսում, շատ լավ լսում է, չի՞ հասկանում, հրաշալի հասկանում է, բայց չունի իր քայլերի շղթան, մարդու ուղեղը չի աշխատում, էլ ի՞նչ ես ուզում էդ մարդուց՝ չկա ստեղծագործ միտք, չկա երևակայություն: Էլ չեմ ասում, որ էսօր մեր իշխանությունը կառավարվում է մեկ կենտրոնից՝ մեկն ասում է, մնացածը կատարում է: Կատարողները ո՞նց կարող են մտածել: Եթե քո ֆունկցիան համարում ես ընդամենը կատարելը, էլ ի՞նչ ասեմ՝ մեր տան ավելն էլ է կատարող. վերցնում ենք, շարժում ենք, իր ֆունկցիան կատարում է… Եթե իշխանության մյուս օղակներն իրենց վերածել են ավելի, էլ ո՞նց կարող են ուրիշ բան անել:

-Բա ո՞նց պիտի շտկվի իրավիճակը, անդունդի եզրին կանգնած պիտի մնա՞նք:

-Շտկելու մի տարբերակ գոյություն ունի. եթե ձեր տանը մի առարկան անպետք է, ի՞նչ եք անում՝ շպրտում, նորն եք բերում: Սա պարզագույն բանաձև է, այստեղ երրորդ-չորրորդ-հինգերորդ կրածիք չի կարող լինել:

-Բայց եթե էդ նույն կատարողը զենքի վերածվի՞:

-Եթե մենք խոսենք ուժի դիրքերից, ապա չկա մի ուժ, որ չունենա իրեն հակազդող ուժը: Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են խոսել ուժի դիրքերից,պետք է հասկանան, որ գոյություն ունի նաև հակազդող ուժ, դրա համար ուժի դիրքերից խոսելն անիմաստ, անպտուղ խոսակցություն է: Ուժի դիրքերից խոսողները երբեք շահած դիրքերից դուրս չեն գալիս այդ հարաբերություններում: Էդ պահին կարող է շահեն, բայց ընդհանուր իրավիճակում իրենք կորցրած են, որովհետև չեն կարողացել այլ դիրքերից խոսել: Իսկ դա նշանակում է, որ թույլ են, որովհետև միայն թույլ մարդն է դիմում բռնի ուժի: Ինչի՞ նման էր՝ սովորական քաղաքացիներին ծեծել, ջարդել, թևերն ոլորել, տանել բաժիններ, հետո՞: Թուլության բացառիկ ցուցադրություն՝ թուլության, ոչ թե ուժի: Ուժեղն անպայման գտնում է այլընտրանք: Իսկ երբ քո գիտակցական մակարդակը չի կարողանում գտնել այդ այլընտրանքը, դու դիմում ես պրիմիտիվ եղանակների. համարյա նախնադար, բարբարոսություն, որ ի՞նչ: Բռնություն կիրառում ես ո՞ւմ նկատմամբ՝ քո ժողովրդի: Ու հետո ելույթներ ես ունենում հանուն այդ ժողովրդի, հանուն նրա պայծառ ապագայի: Ժողովուրդը թքած ունի այն պայծառ ապագայի վրա, որ դու պիտի բերես, ինքն այլ կերպ է տեսնում այդ ապագան՝ առանց քեզ:

Երկիր ասվածը քարտեզը չէ, երկիր ասվածը մարդն է, որ ապրում է այդ երկրի վրա

-Բարդ իրադրություն է

- Չէի ասի փակուղային, բայց շատ բարդ, խճճված, տարաբևեռ իրադրություն է: Ուր է, թե միայն ներքին խնդիրներ լինեն, կան նաև արտաքին խնդիրներ (պատերազմի վտանգ, հազար ու մի այլ խնդիր): Մարդիկ հրաշալի հասկանում են այդ ամենը:

Սարսափելի արտագաղթ գոյություն ունի: Արտագաղթ ասվածը արյուն թողնելու նման է՝ ինչքան արյունը շատ ես թողնում,, այնքան օրգանիզմդ թուլանում է, այնքան հյուծվում է, դառնում հիվանդ, անուժ: Հետո էլ ասում են՝ ինչի՞ է մեր երկիրը թույլ: Բա էդքան մարդ գնաց, ո՞նց եք պատկերացնում ուժեղ լինի, երբ մի վիրակապ չբերեցիք, որ արյան հոսքը դադարեցնեիք: Բացարձակապես չարեցիք:

Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ վիճակն ինչքան բարդանում է, մարդիկ այնքան արգեսիվ ու ծայրահեղ են դառնում: Սրա մեջ շատ-շատ մեծ վտանգներ կան: Այդ ագրեսիվության և ծայրահեղության պատճառով անդառնալիորեն կարող ենք կորցնել էնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային պարզագույն հարաբերությունները՝ վստահություն, համերաշխություն, լեզու գտնելու կարողություն: Այդ ամենը շատ կարևոր է, ցանկացած իրավիճակում հաշտության եզրերը ձևավորվում են դրանց շնորհիվ: Իսկ եթե հասարակության ներսում կորցնենք հաշտության հնարավորությունը, կկորցնենք ամեն ինչ՝ և՛ երկիրը, և ապագան… ամեն ինչ:

Երկիր ասվածը քարտեզը չէ, երկիր ասվածը մարդն է, որ ապրում է այդ երկրի վրա, անկախ աշխարհագրության դասագրքերի սահմանումներից և գրված անուններից: Մենք էսօր կորցնում ենք մարդուն և՛ փոխաբերական, և՛ շատ ուղղակի իմաստներով: Վաղը կարող է հասարակությանը հաջողվի հաղթել, իր պատկերացրած հաղթանակը տանի, բայց հետո՞, ինչի՞ վրա է կառուցելու այդ հաղթանակը, երբ կորցրել է այս ընթացքում ամեն ինչ, ավերակների վրա ինչպե՞ս է թագավորելու: Երբեմն տեսնում ենք արտաքին էֆեկտը, չենք տեսնում ներքին, արտաքին տեղաշարժերը և մոռացության ենք տալիս այն կարևորը, որ կատարվում է մարդկային մտքի խորքում, պատկերացումներում, զգացմունքներում: Այդ ամենը մի տեսակ երկրորդ պլան է մղվում, որովհետև մտածում ենք՝ է~, ծեծեցին՝ ծեծեցին, իր ցավը իմ ցավը չի դառնա, դեռ ինձ չեն ծեծել, այ հենց ինձ ծեծեն, կաղմկեմ, ինչքան պետք է: Եվ ասում ենք՝ ծեծեցին էսքան հոգու: Թիվը կարևոր է դարձել: Եթե ոչ թե 64, այլ 164 հոգու են ծեծել, ուրեմն, արդեն լավ չի: Մինչդեռ կար ժամանակ, երբ նույնիսկ մի մարդու մատը փուշ մտնելիս բոլորս անհանգստանում, վրդովվում էինք:

-Անտարբե՞ր ենք դարձել:

-Իմ էս երկար-բարակ խոսակցությունը դրա մասին է: Մենք գնալով դառնում ենք վատը: Մենք կարող ենք հաղթել, բայց ինչի՞ գնով: Սա է ամբողջ խնդիրը: Մենք դա էլ պիտի հաշվի առնենք: Ի՞նչ ենք զոհաբերում: Պիտի ճիշտ հաշվարկ կատարվի: Ես կարող եմ նկարագրել պայծառագույն ապագան մեր երկրի համար, բայց ես չեմ կարող ստեղծել այն: Հո նկարագրելով չի՞:

Մարդկային որակ պետք է ստեղծել, որը հասկանա, թե ինչ ասել է լավ երկիր և ինչ ասել է վատ երկիր: Վատ երկիրն այն երկիրը չէ, որտեղ հացը քիչ է, վատ երկիրն այն երկիրն է, որտեղ լավ մարդիկ են քիչ: Այս տարբերությունը պետք է հասկանալ: Սոված կարելի է մնալ, մի կերպ կդիմանանք, շատ ենք դիմացել, բայց վատ հասարակություն ունենալն աղետ է: Մենք պիտի պահպանենք մարդկային որակները, չգիտեմ, ոնց որ արգելոց սարքես, բերես, պահես, հետևես ամեն ժամ: Այդ արգելոցը պետք է պահել, խնայել, փայփայել ու ժառանգել: Մեզ տվել են, մենք էլ պիտի փոխանցնենք, միայն երկիրը փոխանցելով չէ: Արժեքներ պիտի փոխանցվեն: Այ, երբ խոսում ենք մտավորակաի մասին, նրա խնդիրը հենց դա է՝ արժեքներ, ավանդույթներ պահպանել և փոխանցել, այլ ոչ թե նամակներ ստորագրել:

-Մի անգամ մեր զրույցներից մեկում ասացիք՝ մեր երկրի թոնիրը հանգել է: Հիմա՞ էլ է հանգած:

-Գիտեք ինչ, ցանկացած թոնիր էնքան ժամանակ հանգած վիճակում կմնա, քանի դեռ չկա մարդը, ով ցանկություն կունենա վառել այն: Բայց հենց էնպես չեն վառում թոնիրը: Նպատակով են վառում՝ տաքանալու, ինչ-որ բան թխելու համար: Պիտի հստակեցնես նպատակը, նոր մտածես թոնիրը վառելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter