Կիրակի, 23 սեպտեմբերի

Արտակ Սարգսյանի բիզնես ճամփորդությունը Վրաստանից դեպի օֆշոր



Առաջին լուսանկարում ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ։

Թբիլիսիի կենտրոնում գործող հագուստի, կոշիկի, թանկարժեք ժամացույցների և զարդերի բրենդային խանութների զգալի մասը հայ պաշտոնյաներին են պատկանում։ «Հետքն» ուսումնասիրել է Վրաստանի պետական ռեգիստրում գրանցված մոտ 300 ընկերություն, որոնցից որոշներն ուղղակի կամ անուղղակի կապակցված են հայ պաշտոնյաներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի և նրա մերձավորների ընկերություններին:

Դեռևս 2012թ-ին ավելի քան 300 ընկերություն կար գրանցված հարևան երկրում՝ ՀՀ քաղաքացիների կողմից։ Այժմ, ըստ Վրաստանի պետական վիճակագրական ծառայության «Հետքին» տրամադրած տվյալների, այդ թիվն անցնում է 700-ը: Հայաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունները հիմնականում գործունեություն են ծավալում սննդի, հագուստի,  հյուրանոցային և այլ ծառայությունների ոլորտում։

Հայ և վրացի պաշտոնյաների համագործակցությունը՝ բիզնես շահերի նպատակով

Պատգամավոր Արտակ Սարգսյանի ընկերություններն արևմտյան հայտնի հագուստի և կոշիկի բրենդերի (Next, Debenhams, Baldi, Aldo) ներկայացուցչություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Թբիլիսիում այս խանութ-սրահները տեղակայված են կենտրոնական՝ Ռուսթավելի, Պեկինի և Ճավճավաձե փողոցների վրա։

Պեկինի 4 հասցեում գտնվող խանութ-սրահները

2012թ-ին Արտակ Սարգսյանի հագուստի խանութներից մեկի բացմանը ներկա է գտնվել նաև Թբիլիսիի այդ ժամանակ գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավան։ Երկու պաշտոնյաների լուսանկարները հրապարակվել էին «Սաս գրուպ» ՍՊԸ-ի կայքում, սակայն վրաստանյան բիզնեսի մասին Սարգյանին ուղղված «Հետքի» հարցումից հետո այդ լուսանկարները ջնջվեցին կայքից։

«Սաս գրուպի» կայքում հրապարակված լուսանկարները՝ վերականգնված ինտերնետ արխիվի միջոցով

Արտակ Սարգսյանը Վրաստանում իր բիզնես գործունեությունը սկսել է ծավալել 2009թ-ից: Պատգամավորի և նրան կապակցված անձանց անունով 9 ընկերություն կա գրանցված Վրաստանի պետռեգիստրում։

«Land Lord» ՍՊԸ. այս ընկերության հիմնադիրն ու սեփականատերը հենց ինքը՝ Արտակ Սարգսյանն է։ Սրա ներքո է գործում Թբիլիսիի Ճավճավաձե 34 հասցեում գտնվող «Next» մանկական հագուստի և կոշիկի սրահը։ Նույն խանութի մասնաճյուղերը գտնվում են նաև Ռուսթավելի 24 և Պեկինի 4 հասցեներում։ Ընկերությունն իրավաբանորեն գրանցված է Թբիլիսիի Ազատության հրապարակ 4 հասցեում՝ «GMT Plaza» բիզնես կենտրոնում։

Գրանցման պահին «Land Lord»-ի տնօրենը Գագիկ Բաղրամյանն է եղել, ով «Սաս գրուպ» ՍՊԸ-ի կայքում ներկայացված է որպես տարածաշրջանային մենեջեր։

2011թ-ից այս ընկերության տնօրեն է նշանակվել Հայաստանի քաղաքացի Արտակ Խաչատրյանը։ Վերջինս Վրաստանում գրանցված 6 ընկերությունների տնօրեն է և 3 ընկերությունների գրանցման հայտատու։

Արտակ Խաչատրյանը պատգամավոր Սարգսյանի բիզնես ներկայացուցիչն է Վրաստանում։

Արտակ Խաչատրյանը / լուսանկարը` ֆեյսբուքյան էջից

«Հետքը» դեռևս 2012-ին հանդիպել էր Խաչատրյանին, ով սկզբում համաձայնել էր պատասխանել մեր հարցերին, այնուհետեւ խուսափել`ասելով. «Ես խոսեցի Հայաստանում մեր սեփականատերերի հետ, ես իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու: Խոսեք սեփականատերերի հետ»: Օրեր առաջ մենք կրկին կապվեցինք նրա հետ, ով խնդրեց հեռախոսահամար թողնել՝ խոստանալով կապվել։ Արտակ Խաչատրյանը մինչ օրս չի զանգահարել։

Պատգամավոր Սարգսյանի մերձավորների ընկերությունները` Վրաստանից դեպի օֆշոր, Մեծ Բրիտանիա և Նիդեռլանդներ

Պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, Վրաստանում երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետեր է եղել։ Ավելի ուշ այդ ընկերությունները փոխվել են Սարգսյանների բիզնես շահերը ներկայացնող այլ անձանց անուններով։

Արամ Սարգսյանը

«Դեբեն» ՍՊԸ. 2011թ-ին գրանցվել է Վրաստանի ընկերությունների ռեգիստրում` Արտակ Խաչատրյանի կողմից: Երկու ամիս անց ընկերության 100 տոկոս բաժնեմասը գնել է պատգամավորի եղբայրը` Արամ Սարգսյանը, որից հետո նա «Դեբեն» ՍՊԸ-ն վաճառել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Դեբինվեսթ» օֆշորային ընկերությանը` 200 վրացական լարիով (մոտ 40 հազար ՀՀ դրամ)։

Օֆշորային գործարքներում պատգամավոր Սարգսյանի մերձավորների հետքը կորցնելու նպատակով` «Դեբեն» ՍՊԸ-ի տնօրենները մի քանի անգամ փոփոխվել են: Ներկայիս տնօրենը և բաժնետերը` Վահե Եգորյանը, սակայն, նույնպես կապեր ունի պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ: Ինչպես նշված է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի 2013թ-ի հաշվետվությունում` Վահե Եգորյանը հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Օֆշորում գրանցված ընկերության՝ «Դեբինվեսթի» էլեկտրոնային հասցեն Ռուբեն Մելիքյանի անունով է, ով 2010-2013 թթ-ին «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում աշխատել է որպես գլխավոր ֆինանսիստ: Ինչպես նշվում է Մելիքյանի Linkedin էջում` նա պատասխանատու է եղել ընկերության ֆինանսական ծրագրերի, բյուջեի պլանավորման և հարկային քաղաքականության մշակման համար: Ռուբեն Մելիքյանի օգնությամբ են գրանցվել նաև Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի երկու ընկերություններ, որոնք ներկայացված են ստորև:

«Ադելսոն Ջիորջիա» ՍՊԸ. սա Արտակ Սարգսյանի բիզնես ներկայացուցիչների ընկերություններից մեկն է, որի բաժնեմասերը հայտնվել են Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում և Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում: Ընկերությունն այս պահին չի գործում, սակայն 2012-2013 թթ-ին ակտիվ պայմանագրեր է կնքել օֆշորում գործող ընկերությունների հետ:

Վրաստանի ռեգիստրի տվյալներով` ընկերության տնօրենը 2012-ին եղել է Արտակ Խաչատրյանը, իսկ բաժնետերը «Adelson B.V.» ՍՊԸ-ն, որը գրանցված է Նիդեռլանդներում: «Սաս գրուպ» ՍՊԸ-ի ֆինանսիստ Ռուբեն Մելիքյանը հանդիսացել է Ամստերդամում գրանցված այս ընկերության տնօրեններից մեկը:

2013-ին «Ադելսոն Ջիորջիա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 100 լարիով (մոտ 20 հազար ՀՀ դրամ) ձեռք է բերել Մեծ Բրիտանիայում գրանցված «Adelson Investment» ՍՊԸ-ն, որի տնօրեններն Արտակ Սարգսյանի թիմակիցներն են` Ռուբեն Մելիքյան, Լեոնորա Հայրապետյան և Արթուր Հովսեփյան: Նրանք բոլորը տվյալ ժամանակահատվածում աշխատել են նաև «Սաս գրուպ» ՍՊԸ-ում:

2014թ-ին պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր ընկերությունը գնած «Դեբինվեսթ» օֆշորային ընկերությունը գնել է նաև «Ադելսոն Ջիորջիա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը:

Պատգամավոր Արտակ Սարգսյանին «Հետքը» հարցում էր ուղարկել` Վրաստանում կատարած բիզնես ներդրումների վերաբերյալ։ Մեր գրավոր հարցմանը պատգամավորը մինչ օրս չի պատասխանել։ Ազգային ժողովում Սարգսյանի օգնական Վարդուհի Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե ինքն իրավասու չէ պատգամավորի բիզնես գործունեության մասին հարցմանը պատասխանել։ Նա մինչ հուլիսի 13-ը ժամանակ էր խնդրել՝ հարցերին պատասխանելու իրավասություն ունեցողին գտնելու։ Մինչ օրս Վարդուհի Պետրոսյանը չի գտել նրան։

ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն առեւտրային կազմակերպություններում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012թ-ին ներկայացրած հայտարարագրի` Արտակ Սարգսյանը 50% բաժնեմաս ունի «Լանդֆռո», «Սաս-Գրուպ», «Գորտենզա», «Միրնա», «ՍԱՍ հոլդինգ», «Րիտոս», «Սաս Յու Էս Էյ» ընկերություններում, իսկ 100% բաժնեմաս` վրաստանյան «Լանդ Լորդ» ՍՊԸ-ում: Ավելին` հենց «Սաս Գրուպ»-ի պաշտոնական էջում, ինչպես նաեւ պատգամավորի Linkedin սոցիալական ցանցում նշված է, որ վերջինս հանդիսանում է «Սաս Գրուպի» հիմնադիր-նախագահը 1996-ից մինչ օրս:

Փողերի լվացում` Վրաստանից օֆշոր ճանապարհին

Արտակ Սարգսյանը միակ հայ պաշտոնյան չէ, ով Վրաստանում գրանցած ընկերությունների միջոցով հայտնվել է օֆշորում: «Հետքը» հետագայում կհրապարակի նաև այլ պաշտոնյաների անուններ: Հայ պաշտոնայները Վրաստանից ճամփորդում են դեպի օֆշոր` հարկերից խուսափելու, ֆինանսներ թաքցնելու և իրենց գաղտնիությունն ապահովելու նպատակով:  

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Բիզնես կուրիեր» հաղորդման լրագրող Նոնա Կվլիվիձեն ուսումնասիրել է հայ ներդրողների բիզնեսները Վրաստանում. «Հայ պաշտոնյաները կարծում եմ համագործակցում են վրացի պաշտոնյաների հետ՝ Վրաստանում բիզնես կազմակերպելու համար, բայց դա չափազանց փակ ճանապարհներով է արվում, հետեւաբար շատ դժվար է գտնել որեւէ տեղեկություն այդ մասին: Հայերը հիմնականում իրենց բիզնեսը կազմակերպում են տուրիստական եւ անշարժ գույքի ոլորտներում: Այս բիզնեսմենների մեծ մասը որեւէ տեսակի կապեր ունի Վրաստանում. նրանք կամ այստեղի քաղաքացիներ են, կամ ունեն տեղացի գործընկերներ։ Վրացական ընկերությունների միջոցով օֆշորային տարածքներում գրանցվելու բուն պատճառը իրական ֆինանսական եկամուտները թաքցնելն է: Ճիշտ է՝ ես շատ տեղեկություն չունեմ կոնկրետ հայ գործարարների մասին, բայց անցյալում էլ, նման ճանապարհները գործածվել են հիմնականում փողերի լվացման համար»,- նշում է Նոնա Կվլիվիձեն:

Վրաստանում բիզնես ներդրումներ կատարող հայերի թիվը հատկապես ավելացել է Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք: Չնայած նրան, որ բիզնես գործարքներն ավելի թափանցիկ են դարձել Վրաստանում, բայց ըստ Կվլիվիձեի` հատկապես հայ գործարարները շարունակում են փակ աշխատել: «Հայ գործարարները չեն սիրում լրագրողների հետ շփվել, նրանք հնարավորինս խուսափում են մեզնից: Եւ եթե համեմատության մեջ դնենք նրանց վրացի գործարարների հետ, հայերը երբեք չեն ցանկանում որեւէ տեղեկություն տրամադրել իրենց եկամուտների մասին, նրանք փորձում են ամեն ինչ հնարավորինս փակ պահել: Կարծում եմ՝ նրանք Հայաստանում էլ են շատ փակ եւ այստեղ նրանց գործելակերպը չի փոխվում»,- նշում է Կվլիվիձեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ