HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում հուլիսի 29-ի խաղաղ հանրահավաքն ամեն գնով սադրելու հրահանգ է եղել

Հուլիս 17-ին եւ 29-ին Գյումրիում ոստիկանների կողմից ապօրինաբար բերման ենթարկված անձանց իրավունքների բարձրաձայնումը չպետք է սահմանափակվի միայն բանավոր քննարկումներով, հարկավոր են կոնկրետ քայլեր իրավական հարթությունում: Այդ նպատակով օգոստոսի 3-ին Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի  մարզի մասնաճյուղը հրավիրել էր քննարկման «Սասնա Ծռեր»-ին զորակցելու նպատակով խաղաղ ցույցերի եւ ակցիաների ակտիվ մասնակիցներին, իրավաբանների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Փաստաբան Հայկ Հարությունյանի կարծիքով` հատկապես հուլիսի 29-ին ոստիկանությունն աննախադեպ պահվածք ցուցաբերեց՝ խաղաղ ցույցի մասնակիցների անվտանգությունն ապահովելու փոխարեն անհետանալով եւ փոխարենը սադրիչ ուժեր ուղարկելով՝ ցույցը ցրելու համար: Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածում կոնկրետ նշված է, որ ոստիկանությունը պարատավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին եւ այդ մասին հայտնել կազմակերպչին եւ լիազոր մարմնին, պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին, հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն: Պարտավոր է ապահովել հավաքի վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների մուտքն ու ելքը:

Հուլիսի 29-ին Գյումրիում տեղի ունեցած խաղաղ հավաքի ժամանակ հայտնվել էին սադրիչների, ովքեր հայհոյել էին Թատերական հրապարակում գտնվողներին, քաշքշել՝ փորձելով բախում հրահրել:

Սեյրան Մարտիրոսյանը

«Հուլիսի 29-ին ոստիկանները տեղյակ էին ինքնաբուխ հավաքի մասին: Իրենք սկզբում կանգնած էին մեր կողքը, էնտեղ էին նաեւ ԱԱԾ-ի ներկայացուցիչները, շատ լավ տեսան նաեւ այն անձանց, ովքեր խանգարում էին հավաքի մասնակիցներին եւ փոխանակ կանխեն իրենց գործողություններով, որոշեցին այլ կերպ վարվել՝ անհետանալ:- ասում է իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը,- Պետք է պարզել, թե ոստիկանության ներկայացուցիչներից կոնկրետ ով էր պատասխանատու այդ օրը հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար, ով է հրաման տվել, որ ոստիկանությունը հեռանա, ովքեր պետք է ներկա լինեին այդտեղ եւ ինչու չկային, եւ իրավական պրոցեսներ սկսելով հնարավորինս բոլորին պատասխանատվության ենթարկել»:

Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ՝ հրամանը «վերեւից» է եղել, դրսեւորվել է անգործություն, պաշտոնական դիրքի չարաշահում է տեղի ունեցել եւ հանցավոր համաձայնություն քաղաքացիական այլ անձանց հետ, որը, իհարկե, դժվար կլինի ապացուցել:

«Վովա Գասպարյանը վաղուց ասել է՝ սա փոքր երկիր է , Գյումրին էլ փոքր քաղաք է եւ մեծ մասը իրար ճանաչում են, ով որտեղ է աշխատում՝ համազգեստով, թե առանց համազգեստի:- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը,- Ես կարող եմ վկայել, որ մեզ մոտեցան, ծառայություններ առաջարկեցին, թե եթե պիտի խաղաղ երթ սկսեք, անպայման զգուշացրեք, որ մենք ապահովենք անվտանգությունը, ու դրանից հետո հրեշտակի դեմքով հրեշտակապետ Մանվել Թոքմաջյանն անհետացավ՝ իր աշխատակիցներն էլ հետը: Հետո ասեցին, թե իբրեւ իրենք ուրիշ առաջադրանք էին ստացել»:

Ըստ Սեյրան Մարտիրոսյանի` այդ օրերին չէր կարող մեկ այլ մարդաշատ այդպիսի վայր լինել, որտեղ այդքան մարդ հավաքված լիներ, որքան Թատերական հրապարակում, եւ առաջնահերթությունը պետք է տրվեր խաղաղ հավաքի մասնակիցների անվտանգությանը: Քննարկման մասնակիցներից հայտնեցին, որ սադրիչների կողմից Թատրոնի շենքի հարեւանությամբ քարերի կույտ է եղել ձեւավորած, սակայն այն անմիջապես հեռացրել են եւ բարեբախտաբար հնարավոր չի եղել կիրառել: Կարծիք հայտնվեց, որ թե´ Երեւանում, թե´ Գյումրիում խաղաղ ցույցերն ամեն գնով սադրելու հրահանգ է եղել, որոնք հիմք կտային մասսայական ձերբակալությունների:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Եղիշե Շարյանը, ով հուլիսի 17-ից 29-ը ոստիկանության բաժանմունքում հայտնվելու ռեկորդակիր է, կատակում է, թե 3 անգամ էլ այնտեղ է գնացել իր կամքից անկախ:

Եղիշե Շարյանը

«Երեք անգամ են ինձ տարել ոստիկանություն՝ երեք անգամն էլ տարբեր պատճառներով:- պատմում է Եղիշե Շարյանը,- Առաջինը հուլիսի 17-ին էր, հենց դեպքի օրը, երբ «Սասնա Ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը: Ժամը 8:30 սահմաններում էր, ես քնած էի, եկան անկողնուցս հանեցին տարան: Ես էդ ժամանակ ընդհանրապես տեղեկություն էլ չունեի, թե Երեւանում ինչ է կատարավում: Իմանալով իմ կուսակցական պատկանելիությունը, գիտեք, որ «Ժառանգություն» կուսակցությունը մտնում է ընդհանուր «Նոր Հայաստան» ճակատի մեջ, երեւի հենց էդ հանգամանքը հաշվի առնելով` մինչեւ 100 տոկոս համոզվածություն ունեին ու ստուգում էին, թե հո Գյումրիում գործողություններ չեմ իրականացնելու՝ գնամ գրավեմ ոստիկանության Կումայրի կամ Մուշի բաժինը»:

Ոստիկանության Կումայրի բաժնում 4 ժամ պահելուց հետո Եղիշե Շարյանին հայտնել են, թե իրեն բերման են ենթարկել զենք-զինամթերք կրելու, պահելու կամ իրացնելու կասկածանքով: Ոստիկանական բաժանմունքից Շարյանը հեռացել է այնտեղ տարվելուց 13 ժամ հետո՝ հանրային ճնշման արդյունքում:

Երկրորդ անգամ նրան բերման են ենթարկվել հուլիսի 26-ին՝ մեկուսացնելու նպատակով: Եղիշե Շարյանն այս անգամ ոստիկանական բաժանմունքում պահվել է երեք ժամ: Հաջորդ «այցը» ոստիկանություն տեղի է ունեցել հուլիսի 29-ին՝ բացարձակապես անհասկանալի պահանջով՝ պարզապես հանգիստ կանգնելու համար:

«Հուլիսի 29-ի հանրահավաքն իր տեսակի մեջ նախադեպայինը չուներ, չեմ հիշում դեպք, որ գային ինչ-որ մարդիկ, քաշքշեին, հայհոյեին, մի խոսքով՝ սադրեին:- նկատում է Եղիշե Շարյանը,- Նախադեպային կարելի համարել Հիմնադիր խորհրդարանի Գյումրիում կազմակերպված հավաքներից մեկը, երբ դանակահարեցին Հրաչիկ Միրզոյանին, ու ոստիկանությունն էլ տեղում չէր: Ու կարծես թե նույն սցենարն էր գնում հուլիսի 29-ին, եւ եթե մենք տրվեինք սադրանքներին, չգիտեմ, թե ինչ կլիներ: Եթե մենք փողոցը փակելու ակցիան չիրականացնեինք, ինձ թվում է, որ շատ ավելի վատ վերջաբան կունենար մեր հավաքը: Կարծում եմ, որ կարողացանք ինչ-որ տեղ ողբերգությունը կանխել՝ չնայած էլի հայտնվեցինք ոստիկանությունում»:

Նախ առանց որեւէ պատճառի ոստիկանները տարել են Ղարիբ Հարությունյանին, հետո, երբ հավաքի մասնակիցները բողոքել են, նրանց հանգստացրել են՝ ասելով, թե դուք հավաքվեք Թատրոնի աստիճանների մոտ, մենք Ղարիբին մի քանի րոպեից ազատ կարձակենք: Դրանից հետո հանգիստ կանգնած մարդկանց խմբին է մոտեցել Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը եւ մատնացույց անելով Կարեն Ավագյանին՝ ոստիկաններին հրահանգել է նրան բերման ենթարկել: Այդպես մատնացույց անելով՝ ոստիկանական բաժանմունքում են հայտնվել նաեւ Եղիշե Շարյանն ու Սեյրան Մարտիրոսյանը:

«Ճանապարհին հարցրեցինք, թե հիմի ինչի եք տանում, ասին՝ կգնանք, հետո կիմանաք:- ասում Եղիշե Շարյանը,- Ոստիկանության Մուշի բաժանմունքում որոշեցին, որ վարչական զանցանք ենք կատարել, դա 182 հոդվածն է, այսինքն` ոստիկանության հրաման չկատարելը, որ սահմանում է տուգանք 50 հազար դրամի չափով: Սակայն ոչ մի օրինական հրաման չի եղել, որը մենք կատարեինք կամ չկատարեինք»:

Փաստաբան Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկանության կատարած ապօրինությունների դեմ պետք է պայքարել իրավական հարթությունում: Քննարկման մասնակիցները նշեցին, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոստիկանական համակարգի անպատասխանատու ներկայացուցիչներն անպայման պատժվեն օրենքի սահմաններում:

«Եթե մեզ որոշեն վարչական պատասխանատվության ենթարկել, մենք ունենք նախադեպ, երբ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ընդդեմ ոստիկանության հայց էր ներկայացրել ու պահանջել բարոյական վնասի փոխհատուցում 2 մլն դրամի չափով: Էնպես որ, մենք էլ կարող ենք գնալ այդ ճանապարհով»,- ասում է Եղիշե Շարյանը:

Գլխավոր լուսանկարը Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter