HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնին խմելու ջուր չունի. գյուղի խմելաջրի կեսը յուրացվում է ապօրինի ջրագծերով

Գառնի գյուղում ամռան ամիսներին երեք տարբեր աղբյուրներից մոտ 70 լ/վրկ խմելաջուր է շրջանառվում, բայց բնակչության կեսից ավելին օրական 2-4 ժամ է ջուր ունենում, որոշ փողոցներում ամռան ամիսներին ընդհանրապես ջուր չեն ունենում։

«Գյուղի 30%-ը ողջ օրը ջուր ունի, բնակչության 55%-ն օրական 2-4 ժամ է ջուր ունենում, 10-15%-ն օրվա մեջ ընդամենը 2 ժամ է ունենում,- սա «Գառնի կոմունալ-տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահան Գեղամյանի վիճակագրությունն է։  

Որքա՞ն ջուր է պետք Գառնիին շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար,- հարցնում եմ խմելաջրի սպասարկումն իրականացնող կազմակերպության ղեկավարին: «Մեր ունեցած ջուրը շատ-շատ է, մեր խնդիրը ջրի ոչ նպատակային օգտագործումն է։ Գառնիին տրված ջրաքանակը պետք է բավարարի ե՛ւ ոռոգման, ե՛ւ խմելու ջրի համար։ Այն տարածքները, որոնք պոմպերով պետք է ոռոգման ջուր ստանային ու չեն ստանում՝ խմելաջրով են այգիները ոռոգում, հետեւաբար, մենք օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ) չենք կարողանում լցնել։ Եթե բնակչությունը ոռոգման ջուր ունենա, մենք խմելաջրի խնդիր չենք ունենա: Գառնիի խմելու ջրի բարելավումը ոռոգումով է պայմանավորված»,- պնդում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Մյուս պատճառը, նրա ասելով, գյուղացիների անբարեխիղճ վերաբերմունքն է, նրանք անխնա շռայլում են ջուրը, քանի որ տնային տնտեսություններում ջրաչափեր չեն տեղադրվել:

Ոռոգման ջրի պատասխանատուն «Գառնի-Գեղարդ» ՋՕ ընկերությունն է: ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Խաչատուր Հայրապետյանն ասում է, որ իրենք պոմպերը գործարկում են, բայց քանի որ հունիսի վերջից աղբյուրների ջուրը պակասում է, չեն կարողանում բավարարել պահանջարկը։ Խ· Հայրապետյանը բնակվում է գյուղի կենտրոնում եւ ասում է, որ իրենց փողոցը խմելաջուր չունի արդեն 25 տարի: Նրա կարծիքով՝ պետք է խմելաջրի ցանցը բարելավել, որպեսզի կորուստները նվազեն, ջրաքանակը չբավարարելու դեպքում պոմպերը գործարկեն այլ աղբյուրներից մղելու համար, իսկ ՀՈԱԿ-ը չի ցանկանում պոմպերը գործարկել:

Գառնիում խմելաջուրն ու ոռոգման ջուրը վերցվում է «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարարից: Ինքնահոս ջրատարի նախագծի ճարտարագետ Ալբերտ Հարությունյանի ասելով՝ ջուր չունենալու իրական պատճառն այն է, որ «Յոթնաղբյուրից» եկող ջուրը փոխանակ լցնեն օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) եւ այնտեղից ջուրը հավասարաչափ բաշխեն թաղամասերին, ջրամբարը շրջանցելով՝ ուղիղ գծով տալիս են որոշ թաղամասերի:

«Հէկ-ից մինչեւ օրվա կարգավորման ջրամբար ընկած հատվածում, 2 կմ երկարությամբ խողովակին մոտ 40 կետ է միացված: Դրանք ջրի առյուծի բաժինը՝ 40-ից 20 լ/վրկ ջուրը, վերցնում են եւ ջրամբարում լցվում է 20 լիտրը։ Այդ բոլոր միացումներն արվել են 2011թ.՝ համայնքապետ Աշոտ Վարդանյանի թույլտվությամբ։ Մոտ 50 տուն այդպես է լուծել հարցը։ Նման միացումներ կան նաեւ օրվա կարգավորիչ ջրավազանից: Փաստորեն, տակը ինչ մնում է, այն էլ լցվում է ջրամբար»,- ասում է Ա. Հարությունյանը։

ՀԷԿ-ից մինչեւ ջրամբար ընկած 2կմ հատվածում 40 ապօրինի ջրագիծ է միացված

«Գառնի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահան Գեղամյանը չի հերքում այդ փաստը։ «Ջրագծից՝ հէկ-ից մինչեւ ջրավազան, մեծ խողովակներով բազմաթիվ միացումներ կան եւ դրանց վրա ազդել չենք կարող։ ՕԿՋ-ից նույնպես լիքը խաչաձեւ ջրագծեր են անցկացվել: Ժամանակին, ովքեր հնարավորություն են ունեցել, հին ու նոր խողովակներով միացումներ են տվել հիմնական ջրագծից, նաեւ՝ մի քանի ջրագիծ են անցկացրել իրենց տան շրջակայքով անցնող ջրագծերից։ Հայտնաբերելու դեպքում ինչ-որ բան փոխում ենք»,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Մեր զրույցի պահին, սակայն, նա այդպիսի մի ջրագիծ էր անցկացնում՝ քանդելով Գեղարդ տանող ավտոճանապարհը, քանի որ հրահանգը տվել եւ աշխատանքն էլ հսկում էր համայնքապետը: Հասկանալի է՝ մեկ ամսից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են մեկնարկում։ 

Նախկին վարչապետի կանխատեսումերը չարդարացան

Գառնիի խմելաջրի հիմնական՝ «Աղբրի աչք» կոչվող աղբյուրից վայրկյանում 50 լիտր ջուր է թափվում: Այս աղբյուրից ներկայումս ինքնահոս եղանակով ընդամենը 5 լ/վրկ ջուր է վերցվում, որովհետեւ նիշերի տարբերության պատճառով խողովակով շատ ջուր չի անցնում: Քանի որ այս աղբյուրը գտնվում է գյուղի ցածրադիր մասում, միայն պոմպերով է հնարավոր ջուր մատակարարել: Վ. Գեղամյանի ասելով՝ առավոտյան ու երեկոյան 4-ական ժամ ջուրը մղում են ջրամբար, մնացածը, միանալով դրանից ներքեւ գտնվող այլ աղբյուրների, Ազատ գետն է թափվում։

«Աղբրի աչք»

Խորհրդային շրջանում պոմպերը գործարկելով՝ այս աղբյուրից ապահովել են Գառնիի շուրջօրյա ջրամատակարարումը։ Վերջին 30 տարիներին, երբ գյուղը կրկնակի մեծացավ, մասնագետների ասելով՝ շահագործվող պոմպերի հզորությունն արդեն չէր բավականացնում ջուրը վերեւի թաղամասեր հասցնելու եւ 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու համար։ Համայնքապետարանը, որի ենթակայությամբ էր գտնվում խմելաջրի համակարգը, չէր կարողանում վճարել հոսանքի համար, ուստի դադարեցրեց պոմպերի աշխատանքը։ Մոտ քսան տարի գյուղի կեսը զրկված էր ջրից: Հարկավոր էր ինքնահոս ջրամատակարարում ապահովելու տարբերակ գտնել, եւ լուծումը գտնվեց։

Կառավարությունը 2005թ․բավարարեց Գառնի համայնքի խնդրանքը՝ «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարի թույլտվություն տվեց խմելաջրի եւ ոռոգման ջրի համար։ Գտնվեց նաեւ ներդրողը՝ գառնեցի, ռուսաստանաբնակ գործարար Յուրիկ Ալեքյանը համաձայնեց սարերից՝ 22 կմ հեռավորությունից ջուրը հասցնել գյուղ: Նա 3,5 մլն դոլար է ներդրել ջրագծի կառուցման համար: Փոխարենը Գառնիի համայնքապետարանը 2008թ. ինքնահոս ջրատարի շահագործման իրավունքը հանձնեց նրան պատկանող «Հով-Խաչ» ՍՊԸ-ին՝ էներգետիկ նպատակով օգտագործելու, իսկ 6 գյուղերին՝ ինքնահոս խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու նպատակով։

Կառավարության 2010թ. նոյեմբերի 5-ի մամուլի հաղորդագրությունը

«Գործադիրի նիստում այսօր որոշում է կայացվել կառավարության սահմանած կարգով ընտրված «Հով-Խաչ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով կառուցել և 2010թ. շահագործման հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու և ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերին։

Այժմ ՍՊԸ-ն նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան։ ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012թ. 3-րդ եռամսյակում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` ծրագրով արդեն իսկ բավական լուրջ և արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։  

2010թ․ նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ջրատարի բացումը կատարեց։ Վարչապետը համոզմունք էր հայտնել, որ ջրագիծն էապես ավելացնելու է ոռոգվող հողերի ծավալը: Ինքնահոս ջրատարը շահագործելուց մեկ տարի հետո, սակայն, բնակիչները կրկին ահազանգեցին ջուր չունենալու մասին: Մարդիկ բացատրություններ են որոնում, որովհետեւ, ինչպես պարզվեց, ջրի քանակությունն ավելացնելով՝ խմելաջրի հարցը չկարգավորվեց։ Որոշ թաղամասերում նաեւ ոռոգման ջուրն է պոմպերով մղվում, իսկ դա նշանակում է, որ «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը լիովին չծառայեց իր նպատակին: Այն ամբողջությամբ չլուծեց Գառնի գյուղին ինքնահոս եղանակով խմելաջրով եւ ոռոգման ջրով ապահովելու հարցը:

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Խ. Հայրապետյանն ասում է, որ «Յոթնաղբյուր»-ում, երբ այն տվեցին գյուղին, օրական 300 լ/վրկ-ից ավել ջուր կար, որից 150 լ/վրկ-ը Գառնին էր ստանում։ Հիմա պակասել է աղբյուրների ջուրը։ Հունիսի վերջին սարից ընդամենը 120-130 լ/վրկ ջուր ենք ունենում։ Դրանից 70 լ/վրկ-ը Գեղարդ գյուղին է տրվում, մնացած 50 լ/վրկ ջուրը, որից ամռանը 35-40 լ/վրկ ջուր է մնում, Գառնիին չի բավարարում։ «Գառնի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ համաձայնության են եկել, որպեսզի ջուրը ցերեկը ոռոգմանը տրվի, իսկ գիշերվա ժամը 10։00-ից մինչեւ առավոտյան 10։00-ն լցնեն ջրամբարը՝ խմելու համար։

«Գեղարդի ոռոգման ջուրը, երբ ոռոգման սեզոնն ավարտվելուց հետո վերցնում ենք ու լցնում ջրամբարը, գյուղին լրիվ հերիքում է: Ամռանը աղբյուրներում ջրի քանակը նվազում է, եւ օրվա կարգավորման ջրամբարը չի լցվում։ Սարից ողջ օրը, եթե 50 լ/վրկ ջուր ունենանք, խնդիր չենք ունենա»,- պնդում է նաեւ Վահան Գեղամյանը։

«Հով-Խաչ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Ալբերտ Հարությունյանը նշում է, որ ջրաքանակի մասնագիտական հաշվարկը կատարվում է բնակչության քանակի եւ անասնագլխաքանակի հաշվարկով: Ըստ այդ հաշվարկի՝ Գառնիին տրամադրված  ջուրը լիուլի բավարար է։ Նրա ասելով՝ Գառնիի ջուր չունենալու պատճառն այն է, որ խմելաջրի ցանցը ինժեներական լուծում չունի։ Այն մշտապես, նաեւ՝ խորհրդային տարիներին, եղել է համայնքային ենթակայության, բացառությամբ 2 տարվա, երբ համակարգը լիովին կազմալուծելուց հետո համայնքապետարանն այն հանձնեց «Երեւան-ջուր» ընկերությանը:

Ապօրինի ջրագծեր

2010թ․ համայնքապետարանը ջրային ցանցը կրկին վերցրեց ընկերությունից, քանի որ չցանկացան «Յոթնաղբյուրի» ինքնահոս ջրատարը հանձնել «Երեւան ջրին»։ Միաժամանակ, «Երեւան-ջուր» ընկերությունը չցանկացավ պատասխանատվություն կրել Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանի արկածախնդրության համար· վերջինս «Յոթնաղբյուրի» ինքնահոս ջրատարից խմելաջրի ցանցավորումը կատարել էր օգտագործված գազատար խողովականերով: Ցանցը վերադարձվեց համայնքին՝  «Աղբրի աչք» կոչվող վայրում «Երեւան-ջրի» տեղադրած նոր պոմպակայաններով:

«Հիմա մենք ունենք լավ վիճակում գտնվող ենթակայաններ ու օրվա կարգավորման ջրամբար (այն կառուցվել է 1993թ. եւ մեկ տարի առաջ գործարար Յուրիկ Ալեքյանի ֆինանսավորումով վերանորոգվել է), բայց չունենք ներքին ջրագիծ»,- ասում է Ալբերտ Հարությունյանը։

Ճարտարագետն ասում է, որ ներքին ցանցը խորհրդային շրջանում արդեն լիովին մաշված էր, 90-ական թվականներից սկսած՝ պոմպերն աշխատեցնելու հնարավորություն չկար, քանի որ հոսանք չկար, իսկ դրանից հետո հոսանքի համար վճարող չկար։ Երբ մարդիկ սկսեցին բնակություն հաստատել նոր թաղամասերում, իրենք էին ցանցավորում կատարում՝ ինչպես նպատակահարմար էին համարում, երբեմն՝ հնարավոր բոլոր տարբերակներով, իրենց նախընտրած տրամաչափի խողովակներով, ում ձեռքն ինչ կընկներ։

Նշենք, որ Գառնիի համայնքապետարանն անցնող 30 տարիներին ընդամենը 2,5 կմ խողովակ է փոխել «Աղբրի աչք»-ի ջրից մի թաղամասի շուրջօրյա ինքնահոս ջուր տալու համար: Ինքնահոս եղանակով եւս 10-15 լ/վրկ ջուր վերցվում է մեկ այլ աղբյուրից՝ մի թաղամասի համար։ ՀՈԱԿ-ի տնօրենի ասելով՝ ընդհանուր առմամբ, երեք աղբյուրներից գյուղի բնակչության 30%-ն է ողջ օրը ինքնահոս ջուր ունենում, այն էլ՝ ոչ բավարար չափով։

ՀՈԱԿ-ի տնօրեն Վահան Գեղամյանը գյուղում խմելաջրի բարելավման երեք ուղի է տեսնում·

  • Հէկ-ից մինչեւ ջրամբար զուգահեռ խողովակ պետք է անցկացնել եւ անօրինական միացումներն անջատել ջրամբարից, որպեսզի բոլորը ջուրն ստանան մի կետից:
  • «Աղբրի աչքի» ջուրը  միայն պոմպով է հնարավոր մղել, եւ որպեսզի 50 լ/վրկ ջուրը հենց այնպես գետը չթափվի, պետք է բյուջե ունենալ պոմպերը գործարկելու համար։  
  • Ջրամատակարար կազմակերպությունը համայնքային ենթակայության չպետք է լինի, այն անկախ, ինքնաֆինանսավորվող կառույց պետք է լինի, որպեսզի կտրուկ միջոցներ գործադրելով՝ կանխի ապօրինությունները:

«Ես կարծում եմ՝ լավ կլինի, եթե համայնքապետարանը խմելաջրի ցանցը հանձնի կառավարությանը»,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրենը՝ նկատի ունենալով ներկայումս հանրապետությունում ընթացող այդ գործընթացը: Կառավարությունը համայնքներից վերցնում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը՝ ՀՈԱԿ-ի տնօրենն իր աշխատանքային փորձառության արդյունքում եկել է այն համոզման, որ համակարգը կկայանա, եթե շահագործողը մասնագիտացված կազմակերպություն լինի: «Ներդրումներ կարվեն՝ հաշվիչներ պետք է տեղադրվեն, քլորակայաններ պետք է կառուցվեն երեք ինքնահոս ջրատարների համար, խողովակները պետք է փոխվեն»,- իր տեսակետն այսպես է հիմնավորում Վ. Գրիգորյանը: 

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter