HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հասարակությունն ինքնազսպման շապիկն այլևս պատռել է»

Հարցազրույց հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի հետ

-Զառա, երկշաբաթյա դեպքերից հետո քաղաքական իրավիճակ փոխվե՞լ է երկրում:

-Ավելի շատ փոխվել է հոգեբանական վիճակը, որը հնարավոր է բերի նոր տիպի պոռթկումների: Քաղաքական իրավիճակն այսուհետ ընթանալու է մեծ ցնցումներով, որովհետև չենք տեսնում երկրում արմատական փոփոխություններ անելու քաղաքական կամք, որը կարող էր կասեցնել այն, ինչին ականատես եղանք այս երկշաբաթյա ժամանակահատվածում: Դա քաղաքական բռնության երևույթի ընդունելի և ընկալելի լինելու փաստն է:

Ինչո՞ւ տեղի ունեցավ: Պատճառները շատ են, եթե միջազգային ուսումնասիրությունները կարդանք, քաղաքական բռնության ցուցանիշն աճում է: Տեղի է ունենում սոցիալական բեռի ավելացում, այսինքն՝ պետությունը չի կիսում մարդու սոցիալական բեռը, և միևնույն ժամանակ քաղաքական իրավունքների նվազեցում: Դա տեսել ենք պետականության ստեղծման գրեթե սկզբից՝ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման կամ իշխանափոխության անհնարինություն, որովհետև ընտրությունները միշտ կեղծվել են, երբեք հավատ ու հույս չի եղել, որ քաղաքական մեխանիզմով, խաղաղ պայմաններում, օրինական դաշտում հնարավոր է փոփոխության հասնել:

Մենք տեսնում ենք օլիգարխիայի և քաղաքական էլիտայի սերտաճածությունը, այսինքն՝ տնտեսության և պետության ինստիտուտների սերտաճածությունը, որն ինքնին հնարավորություն չի ստեղծում քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջացման, զարգացման համար (որտեղի՞ց պետք է ֆինանսավորվեն, եթե պետական համակարգի էլիտաները սերտաճած են): Միևնույն ժամանակ տեսնում ենք հարկային բեռի ավելացումը, մանավանդ, մանր և միջին բիզնեսի զարգացման անհնարինությունը օլիգարխիկ տնտեսության պատճառով, որը մարդկանց այլևս անելանելի վիճակի մեջ է դնում: Եվ դա ծնում է բռնություն քաղաքական ոլորտում:

Վերջին իրադարձությունների ժամանակ ոստիկանական գործողությունները, խաղաղ ցուցարարների հանդեպ ցուցաբերած աննախադեպ միջոցների օգտագործումը բացարաձակ հույս չեն ներշնչում, որ քաղաքական բռնության ինդեքսը չի աճի: Քանի որ այլ տարբերակներ չեն գտնում իշխանության վրա ազդելու, լինում է «բռնության դեմ բռնությամբ» հակադրումը: Եվ այս երկու շաբաթվա ընթացքում տեսանք այդ գլոբալ փոփոխությունը: Ինչո՞ւ մինչ այժմ տեղի չէր ունենում Հայաստանում (տեսել ենք մարտի 1, երբ խաղաղ ցուցարարների վրա կրակել են, և դրանից հետո ընդդիմությունը կամ ընդդիմադիր կուսակցությունները զենք չեն բռնել և դուրս եկել, զենքով գործողություն չեն կատարել, հետո տեսել ենք տարբեր տեսակի այլ բռնություններ հասարակության նկատմամբ), որովհետև տեղի ուենցավ ապրիլյան պատերազմը:

Ապրիլյան պատերազմն այն զսպաշապիկն էր, որ 20 տարի մեր հասարակությանը պահում էր ինքնազսպման տիրույթում՝ հանուն Արցախի, հանուն մեր հաղթանակների, հանուն նրա, որ այնուամենայնիվ, այսօրվա մեր իշխող էլիտան ինչ-որ ձևով կապված է եղել ղարաբաղյան պատերազմի սկզբնաղբյուրներին, իսկ մենք գիտենք, որ իշխող էլիտան, այնուամենայնիվ, պատերազմի հետևանքով ձևավորված ռազմական օլիգարխիան է, որը ժամանակին ինչ-որ կերպ, թեկուզ ոչ անմիջական գործողություններով, գոնե պարենը սպասարկելու տեսնակյունից, կապված է եղել ղարաբաղյան պատերազմի հետ: Այդ ինքնազսպման շապիկն ուղղակի պատռվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, ի հայտ եկան այն բոլոր հանցագործությունները, որոնք «հանուն Ղարաբաղի» քողի տակ կատարվել են, և տեսանք, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմանը պաշտպանողներն ամենաանապահով խավի երեխաներն են:

-«Չորսի նախաձեռնությանն» անդրադառնանք: Փաստաթուղթ եք ներկայացրել երկիրը ճգնաժամից դուրս բերելու մասին, որտեղ նշել եք հրատապ քայլերը: Հայաստանում նման փաստաթղթերն իրագործվո՞ւմ են, այսպես ասած, հարց լուծո՞ւմ են:

-Լայն համաձայնության խնդիր է, եթե երկրում գործող քաղաքական և քաղաքացիական շերտերի լայն համաձայնություն լինի, որպեսզի հենց այդպիսի քայլերով գոնե գնանք նոր ընտրությունների: Ինչո՞ւ մենք ցանկացանք, որ լինի այսպիսի ճանապարհային քարտեզ-փաստաթուղթ, որպեսզի, այնուամենայնիվ, առաջանա ինչ-որ առանցք, որի շուրջ լայն համաձայնություն լինի, որի արդյունքում նաև հնարավոր լինի խոսել վարչախմբի հետ և անցնցում քայլեր անել, որովհետև ինչքան էլ աչքերդ փակես և ասես, որ լուծել ես մի հարց, որն ուժի տիրույթում էր, և դու էլ ավելի ուժեղ ես գտնվել, դու խնդիրը չես լուծել, ընդամենը մի փոքրիկ պայթյուն ես կարողացել անջատել, ապահով ինչ-որ բան անել, բայց մինչ խնդիրը չլուծես, բռնկումներ կարող են լինել տարբեր տեղերում և էլ ավելի ցավոտ հետևանքներ ունենալ: Ի վերջո, մենք, վերլուծելով նաև «Սասնա ծռերի» վարքը, կարող ենք եզրակացնել, որ այդ խմբի էթիկական ցուցանիշն էլ բավական բարձր էր, որ բռնության չգնացին:

-Բայց հավանական համարո՞ւմ եք, որ իշխանությունները քննարկում կսկսեն այդ փաստաթղթի շուրջ կամ կգնան ներկայացված հրատապ մի քանի քայլերի կատարման:

-Այսօրվա դրությամբ հավանական չեմ համարում, որովհետև այն տիրույթից լսած ելույթներն իրականությունից ընդհանրապես պոկված են, իրենք չեն ընկալում, թե իրականում ինչ է տեղի ունենում հանրային, սոցիալական հոգեբանության մեջ, իրենք ընդհանրապես չեն կարողանում հասկանալ, թե դա ինչ ցնցման արդյունք է և հետագայում զարգանալու ինչ արդյունքներ կարող է ունենալ: Ի վերջո, եթե մեկ անգամ հասարակության մեջ մի խումբ կարողանում է այդպիսի ռազմական ելույթ ունենալ, բացառված չէ, որ այլ խմբեր ևս կկարողանան այդպիսի ճեղքեր ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է շարունակական փոփոխություն, որն ինչ-որ տեղ զսպի այդ պայթյունների հնարավորությունն ու հետագա զարգացումները:

-Մտահոգություն չունե՞նք, որ հետագայում մոռացության կարող է մատնվել այդ փաստաթուղթը:

-Մտավախություն չկա, քանի որ, բացի այդ փաստաթղթից, հարակից այլ համաձայնությունների վրա ենք աշխատում: Շուտով կհրապարակվի մեկ այլ փաստաթուղթ, կարելի է ասել՝ սկզբունքների վրա հիմնված հռչակագիր, չնայած շատ բարձր է ասել հռչակագիր: Հանուն ինչի՞ ենք անում դա, ի՞նչ ենք ուզում ստանալ. այն բոլոր հռչակագրային փաստաթղթերը, որոնք ունենք՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիր, Սահմանադրություն, մնացել են թղթի վրա: Այդ լայն համաձայնությունների շուրջ այլևս խզված են աշխատանքի և կյանքի կոչելու հնարավորությունները: Կարծում ենք, որ պիտի լինի մեկ այլ առանցքային փաստաթուղթ-հռչակագիր, որն իր շուրջ տարբեր շերտերի կմիավորի, ինչ-որ տեղ կլինի տեսլական՝ ինչ երկրում ենք ուզում ապրել, հանուն ինչի և ինչ մեթոդներով ենք գնում փոփոխությունների: Ի վերջո, ցանկացած ելույթ՝ լինի խաղաղ, ռազմական և այլն, առանցք պիտի ունենա, թե հանուն ինչի է դա արվում, ինչի՞ ենք ուզում հասնել: Ուզում ենք տեսանելի դարձնել դա: Կարծում եմ՝ լայն շերտերի համար ընդունելի կլինի:

Կանգնած ենք արտագաղթի նոր ալիքի առաջ

-Սերժ Սարգսյանի ելույթից հետո ենթադրո՞ւմ եք, որ Ձեր նկարագրածը լինելու է, կամ բանակցություններ, այնուամենայնիվ, ընթանալու են:

-Սերժ Սարգսյանի վերջին ելույթն ինքնին ցուցադրում էր կամքի բացակայությունն ու կարծրացածությունը: Վերջին թելերը, որոնք միգուցե կապում էին հասարակության հետ, երկշաբաթյա ժամանակահատվածում կտրվեցին: Իմիջիայլոց, այդպիսի վարք տեղի ունեցավ չորսօրյա պատերազմի ժամանակ՝ երկարատև լռություն, հետո քամահրական արտահայտություն, որ այդ հողերը, որոնք թողել ենք, ամենևին ստրատեգիական նշանակություն չունեն:

Հանրության հետ ցանկացած զգայական, զգացմունքային կապ այլևս կտրված է, համազգային խնդիրներ լուծելու նույն այդ միասնական ջանքը և ինչ-որ տեղ քաղաքական էլիտայի բացթողումներն ու ներքաղաքական ասպարեզում նրանց բռնության հանդուրժումը ևս փլուզված է, Ղարաբաղի խնդիր, արտաքին քաղաքականություն... Այդ կապերը կտրված են: Թե ինչպես իրենք կշարունակեն պաշտոնավարել այդ խզումների պարագայում, ինչպես պետք է աշխատեցնեն պետական ինստիտուտները, այլևս գտնվում են բռնության տիրույթում՝ բռնությամբ ենթարկեցնեն, բնռությամբ լռեցնեն, բռնությամբ գերիներ վերցնեն իրենց համակարգում՝ ընդամենն իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Դա ամենևին հարցի լուծում չէ: Մենք կանգնած ենք արտագաղթի նոր ալիքի առաջ: Այն մարդիկ, որոնք դեռևս հույսեր ունեին, որ փոփոխություններ հնարավոր են, այդ բռնությունների ականատեսը լիենլով, ևս հիասթափություններ են ապրում, դա շարունակական հույսերի և հիասթափությունների դիագրամ է, որն անընդհատ մարդկանց մղելու է կամ փախուստի այս խնդիրներից, կամ այլևս բռնության տիրույթում գործողությունների:

Մենք փորձում ենք հակառակ պրոցեսն առաջարկել, որպեսզի չլինեն շարունական բռնություններ երկու կողմից էլ: Մինչ երկշաբաթյա մեր ընթացքը բռնություն իրականացնելու մենաշնորհը տրված էր իշխանությանը, իշխող վարչախմբն, այժմ հավասարվեց՝ հասարակությունն ընդունելի դարձրեց այս կողմից ևս բռնի գործողություններ իրականացնելու հնարավարությունը, և դա կանգնեցնելու միակ միջոցը բանականության միջոցով է: Այս պահին բոլորս՝ և՛ ժողովուրդը, և՛ իշխող վարչախումբը, գտնվում ենք զգայական տիրույթում. եթե Սերժ Սարգսյանը բանականության հարթակից խոսեր, պիտի դիմեր ժողովրդին, հղում կատարեր օրիանական դաշտին, մինչդեռ զգայական դաշտի արտահայտություններ է թողնում՝ ներողություն, մոռացեք: Եթե մենք ուզում ենք օրինական դաշտում իրական ժողովրդավարության, մարդու իրավունքների վրա հիմնված ինչ-որ առանցք գծել, ապա պետք է լինի բանականության դաշտում, և «չորսի նախաձեռնության» ամբողջ իմաստը բանականության բացի լրացումն է եղել:

Մենք գտնվում ենք պետության չգոյության կամ պետության աշխատանքային պրոցեսի դադարեցման փուլում

-Ի վերջո, ի՞նչ շահեցինք, ի՞նչ կորցրեցին երկշաբաթյա իրավիճակից հետո: Հիմա արդյունքների մասին խոսում են նույնիսկ նրանք, ովքեր այդ ընթացքում լռեցին, կամ նրանց ներկայությունը չէր երևում:

-Այստեղ պիտի գնահատել իշխող վարչախմբի վախերը երկու շաբաթվա ընթացքում: Տեսանք, որ վախեր կան՝ և՛ նրանց լռությունը, և՛ ամեն դեպքում փախուստի փորձը՝ որևէ մեկի հեռախոսը չէր պատասխանում, որևէ մեկը չէր փորձում այդ ժամանակահատվածում իրեն հատուկ բառապաշարով լկտի ելույթներ ունենար՝ սադրելու համար: Ի վերջո, ցանկացած քաղաքացիական անհնազանդության որևէ դրսևորման պարագայում տեսել ենք իշխող վարչախմբի կողմից լկտի ելույթների շարան, որն էլ ավելի էր գրգռում: Այս պարագայում վախը, ինքնազսպումը կար նույն իշխող վարճախմբի տիրույթում. սադրիչներին արդեն ուղարկել էին փողոց, բայց վերևներում լռություն էր:

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ վայր դրեցին զենքը. նրանք համարեցին իրենց հաղթանակը և սկսեցին խոսել, որ դա պետության հաղթանակն է, այնինչ դա ընդամենը խոսում էր «Սասնա ծռերի» էթիկական բարձր որակի մասին (եթե զինված մարդը չի կրակում, դա խոսում է իր որակի, այլ ոչ թե դիմացինի ուժի մասին): Դա շատ կարևոր փաստ է, որը մինչ այժմ չի գիտակցվել, թվում էր, թե իշխանությունն ուժեղ է: Չէ, տեղի չի ունեցել փոխհրաձգություն, որտեղ ուժի տիրույթում հաղթանակ է գրանցվել, այլ տեղի է ունեցել շատ լուրջ էթիկական քայլ՝ ինքնազսպում, որի կրողը հակառակ կողմը չէ: Հակառակը կողմը հեշտությամբ հեղում է խաղաղ քաղաքացիների արյունը, բայց մյուս կողմը, որ զենքի տիրույթում էր, այդ քայլին չդիմեց՝ անգամ զինված ոստիկանների ուղղությամբ: Բոլորովին բացառված չէ, որ մեկ այլ խումբ այդ էթիկական նորմերը չունենա: Այդ փոփոխությունը, այդ անջրպետն այլևս վերացած է, հասարակությունն ինքնազսպման շապիկն այլևս պատռել է:

Կարևոր մի բանի էլ ականտես եղանք՝ էմոցիանալ բարդ շերտում ինքնահրկիզվող քաղաքացու: Երեկ իրենց տանն էի (հարցազրույցն արվել է օգոստոսի 3-ին- հեղ.) և շփվում էի նրա քրոջ, հարազատների հետ: Այդ մարդիկ գործող համակարգի և իրավիճակի սոցիալական բավական լուրջ ճեղքվածքի, անհավասարության, բևեռացման զոհերն են: Խոսքը Բուզանդի փողոցի մասին է: Քանի տարի հետո հանրային շահի, պետական կարիքների համար տեղի ունեցած վայրագ պրոցեսի հետևանքով կատարվում է ինքնազոհաբերություն: Դրա արդյունքները հիմա ենք քաղում, երբ ինքնազսպման մեխանիզմները թուլացել են: Ի վերջո, այդ մարդիկ դիմել են դատարան, երկարատև դատական պորցեսներ, մարդու իրավունքների ինստիտուտ, բոլոր ինստիտուտներն օրինական փորձել են հաղթահարել: Քանի որ այդ բոլոր ինստիտուտները ցույց են տվել իրենց չաշխատելու ամլությունը, նման էմոցիոնալ իրավիճակում տեղի է ունեցել ինքնազոհաբերություն, նմանատիպ հանրային ակտ, որը շատ ցավալի է: Ի վերջո, դա պիտի գիտակցի իշխող վարչախումբը, այլ ոչ թե կոնկրետ անձի վերաբերյալ հրապարակեն փակ, գաղտնի որակավորման՝ հիվանդության, դատվածության վերաբերյալ տվյալներ: Դա ևս պետության անգործության արդյունքն է. եթե մարդը մի անգամ դատվածություն է ունեցել, չի կարողացել բանտից դուրս գալուց հետո ապրել, սոցալիզացվել, պետության բացթողումն է:

Մենք գտնվում ենք պետության չգոյության կամ պետության աշխատանքային պրոցեսի դադարեցման փուլում, եթե պետությունը գործեր, բոլոր այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են ընձեռել և օրենքով ամրագրված էին արտահայտելու բողոքը, փոփոխություն մտցնելու այդ արատավոր հիմքերի մեջ, որոնք էլ արթացնում են արդարացի զայրույթ, չէինք հայտնվի այդ բռնության տիրույթում: Փաստաթղթավորված այն բոլոր սկզբունքները, որոնց համաձայն՝ պետություն գոյություն ունի, տեսնում ենք, չեն գործում: Դա պետության չգոյության ապացույցն է:

Լուսանկարը՝ Զ. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter