HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում կկառուցվեն սոցիալական բնակարաններ

Առաջարկը Գյումրու տեղական իշխանություններին արել են «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջեւ հուլիսի 6-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ դրանով հիմք դնելով «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական բնակարանով ապահովման ծրագրին:

Հուշագրի ստորագրման օրը Հրահատ Ստեփանյանը հայտարարել էր, թե Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման գաղափարի հիմքում ընկած է Գյումրու քաղաքապետի հայտարարությունը, թե՝ աշխատավարձ չի ստանալու այնքան ժամանակ, մինչև վերջին գյումրեցին չստանա բնակարան: Ըստ նախնական պայմանավորվածության, ծրագրի իրականացմանը պիտի մասնակցեին «ԱՌԴԱ» հիմնադրամը, Գյումրու քաղաքապետարանը 15 տոկոս ներդրումով եւ «Ֆուլլեր» տնաշինական կոմբինատը: Օգոստոսի 5-ին կայացած հանդիպման ժամանակ պարզվեց, որ «Ֆուլլեր» տնաշինականը հրաժարվել է շինարարական աշխատանքներին մասնակցելուց ՝ ֆինանսական որոշակի խնդիրների պատճառով:

Աշխատանքների առաջին փուլում նախատեսված է ավարտին հասցնել Տրդատ Ճարտարապետի փողոցում գտնվող կիսակառույց շենքը, որի միայն մեկուկես հարկն է կառուցված: Նախատեսված է առաջին փուլում 12 բնակարան հանձնել շահագործման:

«Քանի որ Գյումրիում առաջին անգամ պիտի այս ծրագիրը սկսենք, ուզում ենք բոլոր մանրուքները քննարկել, որպեսզի բացարաձակ ոչ մի խնդիր չմնա, հետո դոնորի առաջ էլ մենք պարզ ճակատով լինենք, ինչպես նաեւ նաեւ գյումրեցիների,-նկատեց Հրահատ Ստեփանյանը,-այս պահին հարկայնության հետ կապված խնդիր կա: Ամուր հիմքերով կիսակառույց է եւ մենք հասկանում ենք քաղաքապետին, որ կուզենար թեկուզ մինչեւ 5 հարկանի շենք կառուցել, բայց մեր առաջարկը վերաբերում է երեք հարկին»:

Ծրագիրն իրականացվելու է 72–75 մլն դրամի շրջանակներում: Այստեղ կարեւորվում է նաեւ, թե քաղաքապետարանը բացի կիսակառույց շենքից էլ ինչ ներդրում կանի եւ համապատասխանաբար էլ ինչ աշխատանքներ հանձն կառնի իրականացնելու:  

«ԱՌԴԱ»-ն Վանաձորում բնակարանաշինական 5 ծրագիր է իրականացրել՝ կառուցելով 68 բնակարան: Վերջին 12 բնակարանը շահագործման են հանձնել երկու շաբաթ առաջ, տնակային ավանի բնակիչների համար: Ի տարբերություն Վանաձորի, որտեղ բնակարանները տրվել են սեփականության իրավունքով, Գյումրիում բնակարանները լինելու են սոցիալական եւ անօթեւաններին հատկացվելու են ապրելու իրավունքով: Շենքը կառուցվելու է տուֆ քարով, շինկազմակերպությունը մրցութային կարգով ընտրվելու է մարզում գործող կազմակերպություններից:

Մեկնաբանություններ (1)

Նինա
Մեծատառով մարդ,հայրենասեր ու անսահման բարեգործ Հրահատ Ստեփանյանին ճանաչում եմ վաղուց,երանի մեր ազգի մեջ Ձեր տեսակը շատ լիներ,հարգելի Հրահատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter