HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Summer Moved On» . կամ ինչպես համարձակ գնալ փոփոխություններին ընդառաջ

Նաիրա Հայրապետյան

2000թ. մայիսի 22-ին գրեթե յոթ տարվա ընդմիջումից հետո Մեծ Բրիտանիայում լույս տեսավ «A-ha» խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը` «Minor Earth Major Sky» անվամբ: Այն նոր և կոմերցիոն մեծ հաջողություններ ապահովելուց բացի խորհրդանշեց խմբի նոր ճանապարհը: «Minor Earth Major Sky»-ը հաստատեց «A-ha»-ի վերամիավորումն ու զարթոնքը, իսկ այս հարցում մեծ, շատ մեծ դերակատարում ունեցավ ալբոմում ընդգրկված և առանձին սինգլով թողարկված «Summer Moved On»  երգը:

1994թ. նորվեգական այս հանրահայտ խումբը իր երկրպագուների համար անակնկալ որոշում կայացրեց` դադարեցնել իր գործունեությունը: 12 տարվա համատեղ աշխատանքից հետո երաժիշտները որոշեցին, որ արդեն հասել են այն կետին, որտեղից այլևս իմաստ չունի միասին ճանապարհ շարունակել: Եվ այդ որոշումն ամրապնդվեց հատկապես այն ժամանակ, երբ վերջին` «Memorial Beach» ալբոմը, մեղմ ասած, ձախողեց նրանց հույսերը: Ի տարբերություն նախորդած շռնդալից հաջողություններին` «A-ha»-ն երաժշտական հորիզոնականներում այս անգամ տապալվեց` անհաջողության մատնելով նաև ներդրված բյուջեի հանդեպ ունեցած բոլոր ակնկալիքները: Սակայն, ինչպես երաժիշտներն են նշել, «Memorial Beach»-ի անհաջող երթը ավելի շատ առիթ էր իրականացնելու համար արդեն իրենց ներսում բույն դրած ցանկությունը: Երաժիշտներն արդեն հոգնել էին միմյանցից, և ամեն մեկը գտնում էր, որ ժամանակն է ինքնուրույն քայլելու:

«Նա իմ մեջ ինքնավստահություն ներարկեց, անընդհատ քաջալերում էր ինձ ու ասում, որ մարդկանց հետ պետք է վստահ խոսեմ, առանց վախենալու կամ ամաչելու` հենվելով իմ հնարավորությունների վրա,- այսպես է հիշում «A-ha»-ի վոկալիստ Մորթեն Հարքեթին խմբի կիթառահար և երգահան Փոլ Վոկտոր- Սավոյը,- Մորթենը երևի միակ մարդն է Նորվեգիայում, ով կարող է մրցել ինձ հետ մեծ ամբիցիաներ ունենալուս առումով: Կարծում եմ, որ երկուսս էլ անզիջում էինք այդ հարցում, ունեինք մեր առանձին աշխարհները, մինչդեռ Մագսը (Մագնե Ֆուրուհոլմեն, ստեղնաշարային գործիքներ) ավելի շատ հողի վրա էր կանգնած: Նա հաճախ էր մեր միջև կանգնում` մեզ իրար միացնելու համար... լավ բան է այն, որ մենք այդքան տարբեր ենք և մինչև հիմա հարգում ենք միմյանց: Մեր միջև եղած լարվածությունը զուտ ստեղծագործական է»:

Խմբի լուծարումից հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով. Փոլն ու Հարքեթը առանձին սկսեցին իրենց անհատական կարիերան` թողարկելով սոլո-ալբոմներ (այս ընթացքում Հարքեթը ունեցավ վեց ստուդիական ալբոմ):

Այս ճամփորդությունն ու խմբի ճակատագիրը հավանաբար այդպես էլ կշարունակվեր, եթե 4 տարի անց նրանք չհանդիպեին անակնկալ մի առաջարկի, որը շատ բան փոխեց «A-ha»-ի պատմության մեջ:

 1998թ. «Խաղաղության նոբելյան մրցանակաբաշխության»  առիթով երաժիշտները համերգի մասնակցության առաջարկություն ստացան: Օսլոյում կայանալիք հեղինակավոր արարողությունը կազմակերպիչները որոշել էին եզրափակել նաև նորվեգական ամենահայտնի խմբի համերգով: Առաջարկ-հրավերը որքան անակնալ, նույնքան էլ պարտավորեցնող էր, ուստի նախկին գործընկերները, թեկուզև թաքված ներքին կասկածներով, գործի անցան: Նրանք ոչ միայն համաձայնեցին միայն մեկ օրով, ավելի ճիշտ` մի քանի րոպեով վերամիավորվել և հանդես գալ ընդամենը երկու երգով, այլև մի կողմ դնելով անձնական հավակնությունները` սկսեցին լրջորեն պատրաստվել: Փոլ Վոկտոր-Սավոյը նույնիսկ նոր գործեր սկսեց մտմտալ հատուկ այդ օրվա առիթով. իսկ արդյունքում ծնվեց այն մեկը, որը նոր ճանապարհներ պիտի բացեր նոր «A-ha»-ի համար:

«Summer Moved On». չնայած հապճեպ կայացած փորձերին` պատասխանատու երեկոյի գոհարներից մեկը դարձավ «A-ha»-ի այս նոր երգը: Բեմում երաժիշտները այն պարզապես փայլուն ներկայացրեցին, իսկ երբ հնչեց նրանց ամենահայտնի երգերից մեկը` գրեմիակիր "The Sun Always Shines on TV" -ին, դալիճը սկսեց թնդալ ծափերից և հանդիսատեսի բուռն արձագանքից: Դահլիճից հորդացող զգացումը հզոր ու անտեսանելի մի ուժով կարողացավ նրանց փոխանցել  երաժշտության հանդեպ նախկին համերաշխությունն ու ջերմությունը: Իսկ երբ հրաժեշտին նայեցին միմյանց, հասկացան, որ բոլորն էլ նույն բանն էին զգում, նույն բանն էին մտածում և մեկ ցանկություն ունեին` նորից փորձել:

Այն սկսեց մեծ արագությամբ առաջ անցնել եվրոպական տարբեր երկրների երաժշտական շարքերով ու պտտվել տարբեր ռադիոկայանների եթերներում: Եռյակը քայլերն ուղղեց դեպի երաժշտական ստուդիա: Ոգևորվելով երգի հաջողությունից` անցավ նոր ու բուռն ստեղծաործական աշխատանքի: Ժամանակն էր արդեն աշխատել նոր ալբոմի թողարկման ուղղությամբ:

«Minor Earth Major Sky»-ը եվրոպական մի շարք երկրներում թողարկվեց հուլիսին և միանգամից մեծ հաջողություններ ունեցավ: Այն նորվեգական ալբոմների շարքում նույն տարում առաջին տեղը գրավեց: Այս ալբոմը դարձավ նրանց միակ աշխատանքը, որը առաջին տեղը գրավեց նաև Գերմանիայում: «Minor Earth Major Sky»-ը այս երկու երկրներում էլ արժանացավ «պլատինե», իսկ Իսպանիայում, Շվեյցարիայում և Ավստրայում` «ոսկե» կարգավիճակների: Ողջ աշխարհում այն վաճառվել է երկու միլիոն յոթ հարյուր հազարից ավել օրինակով: Քննադատների կարծիքով` այս ալբոմում «A-ha»-ն շատ բան էր փոխել իր նախկին ոճից, ավելի ճիշտ` համեմատաբար մեղմ տրամադրության մեջ էր: Միևնույն ժամանակ, այստեղ նրանք ընդգրկել էին երգեր, որոնք, այլ կերպ ասած, ֆանտաստիկ էին և’ կատարման, և’ ձևավորման, և’ վոկալի ու մեղեդայնության առումով: Միակ խնդիրը, ըստ «All Music»-ի, թերևս ընդհանուր միալարությունն էր: 

Վոկալի առանձնահատկությամբ մշտապես փայլող Մորթեն Հարքեթը «Summer Moved On»  երգում հասնում է ձայնի կատարյալ վարպետության, ասում են նաև համաշխարհային ռեկորդի: Դա հիմնականում հիշատակվում է երգի այն հատվածի համար, որտեղ նա պարզապես բաց է թողնում ձայնն ու 20 վայրկյանից ավել նույն տեղում աներեր պահում  այդ նոտան: Երգի սինգլը լույս տեսավ հունիսին` հակառակ կողմին ունենալով «Barely Hanging On»-ը, նույն ալբոմից: Հաջորդած աներևակայելի հաջողություններն արդեն սինգլը ալբոմի առաջնորդը դարձրեցին մի շարք երկրներում: Հեռացող ամռան, բայց չմարող հույսերի մասին խոսող այս ստեղծագործությունը ևս անակնկալ դռներ էր բացել խմբի համար կոմերցիոն աշխարհում` ավելի քան երկու միլիոն, հինգ հարյուր հազար օրինակով:

«Summer Moved On» -ն ու «Minor Earth Major Sky»-ը նոր ու խոստումնալից խթան հանդիսացան խմբի վերամիավորումը երկարաձգելու, նոր ստեղծագործական եռանդ հաղորդելու հարցում: Հաջորդած համերգային շրջագայություններն ու «Lifelines» (2002թ.), «Analogue» (2005թ.), «Foot of the Mountain» (2009թ.) ալբոմները հենց այս մասին էին վկայում:

2010թ. խումբը կրկին գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց, իսկ 2015թ. նորից վերամիավորվեց և շարունակում է իր ստեղծագործական կյանքը մինչև նոր դադար:

«Փոփոխությունը միշտ էլ դժվար բան է եղել, շատ հեշտ է մշտապես նույն տեղում մնալը: Այժմ ժամանակն է առաջ գնալու»,- ասում էին խմբի երաժիշտները: 


Գլխավոր լուսանկարը`  Սթիեն Անդերսենի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter