HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կառավարությունը անհավասարության նշան է դրել սահմանամերձ համայնքների միջեւ

2014 թվականին կառավարությունը, հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, կազմեց եւ հաստատեց արտոնյալ սահմանամերձ համայնքների ցանկ: Ցանկում ընդգրկված համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները, ըստ օրենքի, ազատվում են հարկերից: Դրանք այն համայնքներն են, որոնց գյուղատնտեսական հողերի մի մասը մարտական գործողությունների պատճառով չեն օգտագործվում, քանի որ գտնվում են հակառակորդի նշանառության տակ:

Օրենքը ուժի մեջ մտավ 2015 թվականի հունվարի 1-ին, իսկ շատ չանցած՝ կառավարությունը նաեւ որոշում կայացրեց ցանկում ընդգրկված համայնքներին որոշակի չափով աջակցել նաեւ կոմունալ ծախսերի վճարման հարցում:

Ցանկից դուրս են մնացել այնպիսի համայնքներ, որոնք աշխարհագրորեն շատ ավելի մոտ են հայ-ադրբեջանական սահմանին, քան նրանք, որոնք ընդգրկվել են ցանկում, եւ որտեղ ձեռնարկատիրությամբ զբաղվելն ու ընդհանրապես ապրելը պակաս դժվար չէ:

Կրակի գոտու տակ հող չունենալն անվտանգության նշան չէ

Տավուշի մարզի Նորաշեն համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել ազգամիջյան կռիվներին: Այս համայնքի 32 ազատամարտիկներից հինգը զոհվել են: Նորաշենը չորս գյուղերի՝ Մովսեսի, Վերին Կարմիրաղբյուրի, Արծվաբերդի եւ Չորաթանի մեջտեղում է: Նորաշենը եւ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը հակառակորդի համար ուղիղ նշանառությամբ խոցելի չեն, ինչպես մյուս չորսը։ Հնարավոր պատերազմի դեպքում, եթե հրետանի գործադրվի, Նորաշենը նույնքան խոցելի է, որքան մյուս չորս գյուղերը։ 

Նորաշենն ավելի մոտ է հայ-ադրբեջանական սահմանին՝ 4,3 կիլոմետր, քան Վերին Կարմիրաղբյուրն ու Արծվաբերդը (երկուսն էլ՝ 5 կիլոմետր), Չորաթանը (5,3 կիլոմետր):

Նորաշենում ժամանակին «Արջուկ» ապրանքանիշով լիմոնադ էր արտադրվում: Այսօր արտադրամասի սարքավորումները սեփականատերը տեղափոխել է հարեւան Վերին Կարմիրաղբյուր, որտեղ արտադրություն հիմնելն ազատվում է հարկերից: 

Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը չի բացառում, որ դա արվել է այն պատճառով, որ հարեւան գյուղում գործող արտադրությունը հարկային արտոնություն ունի: Գյուղապետն ասում է, որ եթե հարկային արտոնություն լիներ, միգուցե եւ՛ այդ արտադրամասը շարունակեր գործել, ե՛ւ նորերը կբացվեին:

«Մեր հարեւան գյուղերի ժողովուրդն արժանի է, որպեսզի արտոնություններ ունենա: Բայց համայնքների գոտիավորումը չէր խանգարի: Օրինակ՝ Մոսես գեղը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է եւ կարող է լինել առաջին գոտում, Նորաշենը՝ երկրորդ գոտում, եւ էդ տրամաբանությամբ մեր համայնքն էլ որոշակի արտոնություններ կունենա: Թեկուզ որոշակի»,-ասում է գյուղապետը:

Համայնքի ղեկավարը փոքր ձեռներեցներին խրախուսելու այլընտրանքային ձեւ է գտել: Նրանց, ովքեր առեւտրով զբաղվելու համար տարածք չունեն, անվճար կարգով, առանց վաձակալության գումարի տարածք է տրամադրվում համայնքային ենթակայության շենքերում: Նման երեք փոքր խանութներ՝ ծաղկի, մսի եւ բանջարեղենի, առանց վարձակալության զբաղեցնում են գյուղապետարանի նախկին շենքի մի անկյունը:

«Էդ մարդկանց առեւտուրը շատ չէ: Նրանց վճարելիք մի քանի հազար դրամը համայնքի համար մեծ գումար չէ, բայց իրենց համար մեծ նշանակություն ունի»,-ասում է գյուղապետը:

Հովիկ Փայտյանը Նորաշենի չորս խանութներից մեկի սեփականատերն է: Նա «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ առեւտրի միակ հարմար սեզոնը Նորաշենում ամառն է, երբ գյուղ են այցելում հեռավոր տեղերում բնակվող նորաշենցիներն ու նրանց բարեկամները: Իսկ ձմռանը վնասով են աշխատում, եղած առեւտրով հազիվ խանութի ջեռուցման ծախսերը փակում: «Իմ խանութը տարվա մեջ մի 300 հազար դրամի չափով ավելի շատ է վճարըմ, քան հարեւան գյուղերըմ: Դա քիչ գումար չի: Նրանց գործունեությունը չի հարկվըմ, մերը հարկվըմ ա: Ես առեւտուր ունենըմ եմ մենակ ամռանը, վեր դաչնիկներ են կյալիս: Օրինակ՝ Ղրղիըմ (Արծվաբերդ-խմբ.) խանութը հարկ չի վճարըմ, կոմունալ ծախսերի հարցով էլ արտոնություն ունեն: Գյուղում առեւտուրը շատ վատ ա: Մարդիկ վարկերի տակ են: Ու էդ վարկերը ծախսըմ են մենակ հիվանդանոցների վրա կամ էլ էրեխեքի ուսման վարձերն են վճարըմ: Մեր կեղըմը առավոտ բարլուսով վեր մարդիկ իրար հանդիպըմ են, չեն ասըմ՝ բարլուս, ասըմ են՝ քունն ինչքա՞ն ա: Դե հմի ասա, եթե նորաշենցու բեռից մի քիչ թեթեւացնեն, սխալ կլինի՞»,-ասում է Հովիկ Փայտյանը:

Ամեն ինչ ավելի վատացել է այն բանից հետո, երբ Բերդում հիմնադրված «Դավիթ Բեկ» խանութների ցանցը մասնաճյուղ է բացել նաեւ Նորաշենում: «Դավիթ Բեկ»-ը երեւանյան սպառողի պատկերացումով առանձնապես մեծ էլ չէ, բայց Նորաշենում դրան սուպերմարկետ են ասում, որովհետեւ մյուս խանութները շատ ավելի փոքր են:

Բերդում առեւտրային գործունեությունը հարկերից ազատված է: Նորաշենի փոքր խանութները հաճախ ապրանք են բերում հենց նման մեծ խանութներից եւ վերավաճառում, բայց արդեն առանց որեւէ հարկային արտոնության:

Երբ կառավարությունը մշակեց սահմանամերձ գյուղերի ցանկը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես եկավ ցանկում ընդգրկված համայնքների ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում աջակցելու նախաձեռնությամբ:

Նորաշենցի ուսանողներ Արտակ եւ Դավիթ Խաչատրյանները հորեղբոր որդիներ են, սովորում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Բնականաբար, հիմնադրամի ծրագրերից նրանք չեն օգտվում:

Դավիթի հայրը պայմանագրային զինծառայող է: Որդու ուսման 380 հազար դրամ վարձի 80 հազար դրամը վճարվում է զինծառայող հորը հատկացվող տարեկան ապահովագրությունից, մնացածը՝ ընտանեկան բյուջեի խնայողություններով: Արտակի ուսման վարձի գումարը նրա հայրը վաստակում է Ռուսաստանում, որտեղ շինարարությամբ է զբաղվում:

«Մեզ համար հասկանալի չի, որ մեր գյուղի ուսանողներն էլ վարձի աջակցություն չեն ստանում, ինչպես հարեւան գյուղերի ուսանողները»,-ասում է Դավիթը:

Երկրի դարբասն է, հող չունի, արտոնություն՝ նույնպես

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքը, որը նախորդ դարի 70-ականներին ստեղծվել է որպես «Բենտոնիտ» գործարանի բանավան, սակայն վերջին տարիներին ստացել է գյուղի կարգավիճակ, ի սկզբանե չէր կարող ընդգրկվել արտոնյալ համայնքների ցանկում: Ազատամուտը ոչ միայն մարտական գործողությունների պատճառով չմշակվող, այլեւ գյուղատնտեսական նշանակության հողեր ընդհանրապես չունի:

Ազատամուտի 43 հեկտար տարածքում միայն շենք-շինություններ են: «Հինգերորդ հարկի բնակիչն ի՞նչ գյուղացի»,-ասում է համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը: Ազատամուտցիներից ոմանք շատ փոքր հողակտորներ են մշակում, որոնք պատկանում են հարեւան Դիտավանին, ինչպես նաեւ նախկինում ադրբեջանական անկլավ հանդիսացած, ազգամիջյան կռիվներից մինչ այս կողմ բնակչությունից դատարկված Բարխուդարլի գյուղին:

Ազատամուտը Ադրբեջանի պետական սահմանից հեռու է 2,9 կիլոմետր, իսկ բուն ռազմական նշանակության տարածքից, որտեղ հայկական խրամատներն են, 1-1,5 կիլոմետր: 2014 թվականին Ադրբեջանում բռնկված հրդեհը անցել էր Ազատամուտի տարածք: Գյուղապետը պատմում է, որ բնակիչները կրակի առաջխաղացումը կանգնեցրել են մեծ դժվարությամբ:

«Ազատամուտում մոտ 4000 բնակիչ կա, որի մի մասը պայմանագրային զինծառայողներ են, Ազատամուտում վարձով բնակվող սպաներ: Դա պատահական չէ: Մենք ենք առաջին գյուղը: Մենք ենք սահմանի դարբասը: Համայնքից 42 բնակիչ ներգրավված է սահմանի պաշտպանությանը, ծառայում են բանակում: Ես չեմ ասում՝ հատուկ արտոնություններ ստանանք, բայց փաստ է՝ անմիջապես թուրքի բերանին ենք»,-ասում է գյուղապետը:

Այս ամռանը Արցախում ծառայած 9 ազատամուտցի է զորացրվել, եւ նրանք հիմա աշխատանք են փնտրում: Չի բացառվում, որ ընտրեն սահմանապահի աշխատանքը:

Բերդը երջանիկ բացառություն է

Կառավարության հայտնի որոշումից մեկ տարի անց՝ 2016 թվականի հունվարի 1-ից Բերդ քաղաքը նույնպես ընդգրկվել է արտոնություններ ունեցող համայնքների ցանկում: Նախաձեռնությունը եղել է Սերժ Սարգսյանինը:

Բերդը մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող գյուղնշանակության հողեր չունի: Սահմանից հեռավորությունը 6,84 կիլոմետր է: Բերդը արտոնյալ համայնքների ցանկում ներառելու հիմնական պատճառը, ըստ քաղաքապետ Հարություն Մանուչարյանի, այն է եղել, որ Չորաթանում հիմնված բանվորական ձեռնոցների արտադրամասի համար աշխատուժ գյուղում բավարար թվով չկա, ձեռնոցների մայր գործարանը պետք է լինի Բերդում, եւ որոշվել է քաղաքին արտոնություններ տալ:

Տավուշի մարզի 62 համայնքներից 26-ն ընդգրկված են հարկային արտոնություններից օգտվողների ցանկում:

Տարբեր գործոններով պայմանավորված՝ ցանկը վերանայելու անհրաժեշտություն կա:

Գլխավոր լուսանկարում Ազատամուտն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter