HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի հրատապ ծրագրերը՝ Մանվել Գրիգորյանից մինչև գազի գրասենյակի պետ

Արմավիրի մարզում հրատապ ծրագրեր իրականացնող կապալառու կազմակերպությունների վերադասավորում է տեղի ունեցել: Եթե նախորդ տարիներին մինչ մրցույթի անցկացումը հանգիստ կարելի էր գուշակել, թե կոնկրետ տարածքի շինաշխատանքների իրականացման համար մարզպետարանը որ ընկերության հետ է պետական գնման պայմանագիր կնքելու, ապա 2015-ին իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Ի հայտ են եկել նոր ընկերություններ:

Առաջնահերթ  լուծում  պահանջող  խնդիրների  լուծման  նպատակով  ՀՀ կառավարությունը  2015թ. Արմավիրի  մարզպետարանին հատկացրել է  603,900,000 դրամ  շենքերի  ու  շինությունների  շինարարության և 174,850,000 դրամ՝  այլ դրամաշնորհների  և  համայնքներին  ընթացիկ  ու կապիտալ  սուբվենցիաների համար:

Ինչպես նախորդ տարիներին, բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվել են բանակցային ընթացակարգով՝ առանց նախապես հայտարարություն տարածելու: Այդպես է որոշել կառավարությունը: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, 2015թ. նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են:

Մանվել Գրիգորյանի ընկերությունը՝ պետական գնումների մասնակից

Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցը վերանորոգել է պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 33 միլիոն դրամ: Դպրոցը վերանորոգվում է փուլային եղանակով: «Արա և Այծեմնիկ» ընկերությունը նույն դպրոցում 47 մլն 780 հազար դրամի շինաշխատանքներ էր իրականացրել նաև 2014-ին:

Սա 2015թ. միակ օբյեկտն է եղել, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացրել է պատգամավորի ընկերությունը:

Գազի գրասենյակի պետի ընկերությունը՝ գազիֆիկացման ծրագրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Սաշա Մկրտչյանի որդու և եղբորորդու ընկերությունը՝ «Արմեն և Դավիթ Մկրտչյաններ» ՍՊԸ-ն, 2015թ. հրատապ ծրագրով իրականացրել է մարզի Նորապատ և Լեռնագոգ համայնքների գազիֆիկացման աշխատանքները: Պայմանագրով Լեռնագոգ համայնքի գազիֆիկացման աշխատանքներն արժեցել է 8 մլն 300 հազար դրամ, իսկ Նորապատինը՝ 5 մլն դրամ:

Նշենք, որ «Արմեն և Դավիթ Մկրտչյաններ» ՍՊԸ-ն համեմատաբար նոր ընկերություն է պետական գնումների ոլորտում: Հիմնադրվել է 2012թ.: Ընկերությունը 50/50 բաժնեմասով պատկանում է Սաշա Մկրտչյանի որդուն՝ 28-ամյա Դավիթ Մկրտչյանին և եղբորորդուն՝ Արմեն Մկրտչյանին: Վերջինս «Գազպրոմի» Էջմիածնի գրասենյակի պետն է: Իսկ ընկերության տնօրենը Արմեն Մկրտչյանի հորաքրոջ որդին է՝ Կարեն Քոչարյանը:

Նշենք, որ ընկերությունը 2013թ. էլ իրականացրել է մարզի Փարաքար, Ջանֆիդա, Բերքաշատ համայնքների և Դողս համայնքի դպրոցի գազիֆիկացման աշխատանքները, որի համար պետբյուջեից հատկացվել է մոտ 50 մլն դրամ:

«Բաղրամյանին» ԲԲԸ-ն պահպանում է առաջնային դիրքը

Արմավիրի մարզում պետգնումներում «լիդերի» դերը շարունակում է պահպանել իշխանությունների հետ կապեր ունեցող Գագիկ Վարդանյանի «Բաղրամյանին» ԲԲԸ-ն: Այս ընկերությունը խոշոր ծրագրեր է իրականացնում ոչ միայն Արմավիրի մարզում:

Ընկերությունը մարզում 2015թ. կառուցել է Արմավիրի նախկին տարածաշրջանի Արաքս և Զարթոնք համայնքների միջնակարգ դպրոցների լոկալ ջեռուցման համակարգերը՝ համապատասխանաբար 33 մլն 300 և 42 միլիոն դրամ պայմանագրային արժեքով:

«Բաղրամյանին»-ը 20 մլն դրամով իրականացրել է Հուշակերտ գյուղի համայնքային շենքի վերանորոգման աշխատանքները: 20 մլն 770 հազար դրամով վերանորոգել է նաև Մեծամոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը:

 Մոտ 119 մլն դրամի շինաշխատանքներ՝ «Իմպերիալ Տուր»-ին

էջմիածնեցի Գագիկ Բիշարյանին պատկանող «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն ևս չի զիջել դիրքերը: Գ. Բիշարյանը լավ հարաբերություններ ունի Մանվել Գրիգորյանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ և կենտրոնացած է հիմնականում Էջմիածնի տարածքում: Խոսակցություններ են շրջանառվում, թե Գագիկ Բիշարյանը ազգակցական հարաբերություններ ունի նաև ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ:

«Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ին է վստահվել Էջմիածին քաղաքի Մաշտոցի 22 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը, որն արժեցել է 34 մլն դրամ: Իսկ 42 մլն 500 հազար դրամով վերանորոգել է Արմավիր քաղաքի Մաշտոցի 3Բ և Սայաթ-Նովա 23 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները: 9 մլն 345 հազար դրամով վերանորոգել է թիվ 12 հիմնական դպրոցը:

«Իմպերիալ Տուր»-ը վերանորոգել է նաև Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցի, քաղաքի հիվանդանոցի տանիքները, համապատասխանաբար՝ 31 մլն 250 հազար և 18 մլն 900 հազար դրամ արժեքով:

Եթե «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն 2014թ. Արմավիրի մարզպետարանի հետ կնքել էր 124 մլն դրամի պայմանագրեր, ապա 2015-ին՝ 118 մլն 985 հազար դրամի:

«Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն «նահանջում է»

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ընկերոջ՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն 2015թ. հրատապ ծրագրերով վերանորոգել է միայն Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը: Աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 28 մլն 140 հազար դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2014թ. առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով Արմավիրի մարզպետարանը «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի հետ կնքել է մոտ 124 մլն դրամի պայմանագիր:

Նախորդ տարիներին «Միլաքս Գրուպ»-ը ևս ակտիվորեն ներգրավված է եղել մարզի շինարարական ծրագրերում, սակայն 2015-ին ակնհայտորեն նահահջել է և դուրս մնացել պետական գնումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter