HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Երեւանի քաղաքապետարանը կեղծ գրություն է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն

Երեւանի քաղաքապետարանը չի կատարում երկու տարի առաջ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 17.06.2014թ. կայացրած վճռով դատարանը պարտավորեցրել է «Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանին եւ «Նոր Նորք 1/5 համատիրությանը» վերացնել Նոր Նորք 1-ին զանգված, Նանսենի 17 շենքի նախագծային թերությունը, մասնավորապես՝ առանձնացնել անձրեւատար խողովակը կոյուղու խողովակից այնպես, որ անձրեւաջրերը հոսեն անձրեւատար խողովակով»:

Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի 17 շենքի բնակիչներն այս տարվա փետրվարի 1-ին դիմել էին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն՝ խնդրելով ապահովել դատարանի վճռի կատարումը,  վերջանական լուծում տալ ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող հարցին:

Բնակիչները նախագահի վերահսկողական ծառայություն դիմեցին այն բանից հետո, երբ այս Ամանորին սառույցով պատվեցին շենքի բոլոր հարկաբաժինները, դադարեց գործել վերելակը եւ ստեղծված վթարային վիճակի հետեւանքով ավելի քան երկու շաբաթ սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժը` տոնական տասնօրյակը վերածելով կատարյալ դժոխքի:

Վերահսկողական ծառայության արձագանքից հետո Նոր Նորք  վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, դատարանի վճռին հակառակ, կրկին անձրեւատար խողովակը միացրեց կոյուղուն: Այդպիսով լուծված համարվեց շենքում անձրեւաջրերի հեռացման հարցը, իսկ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը 18.02.2016թ. գրությամբ Վերահսկողական ծառայությանը եւ բնակիչներին պատասխանեց. «Ի պատասխան ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն հասցեագրված Ձեր 01.02.2016թ. հ.20-0411 եւ հ.20-0412  դիմումների` տեղեկացնում եմ, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ եւ ԲՇԿՄՀԱԿ բաժնի մասնագետների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Նանսենի 17 շենքի տանիքի անձրեւատար խողովակները բերվել են նախագծային տեսքի` առանձնացվել են կոյուղագծերից եւ ներկայումս գործում են անխափան»:

Կատարված կեղծիքը շուտով բացահայտվեց. անձրեւներն սկսելուն պես անձրեւաջրերը նախկինի պես սկսեցին հոսել բարձրահարկ շենքի վերջին հարկերի բնակարանները: Բնակիչներն այդ մասին ահազանգեցին քաղաքապետարանի կոմունալ բաժին, իսկ նրանք հերթական անգամ խոստացան ապահովել անձրեւատարի «անխափան գործունեությունը», որից հետո անջատել մեկսենյականոց բնակարանների կոյուղատարից ու միացնել անձրեւատարին: Բնակիչներից մեծ ջանքեր պահանջվեց՝ մոտ 4 ամիս, այդ գործողությունը կատարել տալու համար, որից հետո դարձյալ պարզվեց, որ անձրեւատարը չի գործում: Ինչպես տեսնում եք լուսանկարում, ամեն անձրեւի հետ շենքում այսպիսի վիճակ է ստեղծվում եւ ամեն բողոքից հետո, 2-3 ամիսը մեկ անգամ, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը երկու բանվոր է ուղարկում անձրեւատար խողովակը գործարկելու համար: Դատարկաձեռն, առանց տեխնիկայի ներկայացած բանվորներն անօգնական նայում են բնակիչներին ու որեւէ բան անելու անկարող ՝ հեռանում:

Արդեն 5-րդ ամառն է, ինչ Նանսենի 17 շենքի բնակիչներն այս հարցով գրագրության մեջ են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (առաջին դիմումը ներկայացվել է 17.11.2011թ.): Սակայն, ոչ միայն դիմումները, այլեւ դատարանի վճիռը, անգամ հարկադիր կատարման վարույթը չկարողացան քաղաքապետի անկոտրում կամքը սասանել: Բնակիչներին չի հաջողվել վճռով պարտապան ճանաչված քաղաքապետարանին ու համատիրությանը պարտավորեցնել անթերի տեղադրել մի անձրեւատար խողովակ:

Այսինքն, առ այսօր Երեւանի քաղաքապետարանն ու «Նոր Նորք 1/5» համատիրությունը չեն կատարել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ուժի մեջ մտած վճիռը: «Նոր Նորքի 1/5» համատիրության նախագահն ամեն անգամ պարծենում է, որ իրենց հաջողվել է խաբեությամբ կարճել կատարողական վարույթը: Հարկադիր կատարողին հավաստիացրին, որ անձրեւատար խողովակի վթարված հատվածը փոխարինվել է նորով, փորձարկվել է, եւ ջուրն արդեն հոսում է անձրեւատար խողովակով:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը Նանսենի 17 շենքի բնակիչները նույն օրը մեկ այլ դիմում էլ են ներկայացրել. 2014թ. նոյեմբերին «Երեւան Ջուր» ընկերությունը շենքում մեծ քանակի ջրի կորուստ հայտնաբերեց: Երեւան Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ շենքի ջրամատակարարման ներքին օղակային ցանցի խողովակները չափազանց անմխիթար վիճակում եւ ենթակա են փոխարինման: «Մինչեւ ջրամատակարարման ներքին ցանցի սպասարկմամբ զբաղվող մարմինների կողմից նշված ջրագծի վերակառուցման աշխատանքների իրականացումը վարչական շրջանի ղեկավարության միջնորդությամբ  ժամանակավորապես հնարավորինս վերացվել են առկա արտահոսքերը»,- հայտնել են մեզ ընկերությունից: 

Արտահոսքերը ժամանակավորապես հեռացնելու օրից անցել է մեկեւկես տարի, ջուրը հիմա ոչ միայն գետնի տակով է հոսում, այլեւ շենքի շրջակայքում լճակներ է գոյացրել, իսկ առաջին հարկի խոնավության մասին դատողություններ կարելի է անել այս լուսանկարների միջոցով:

Հասկանալի է՝ «Երեւան Ջրի» համար սա ընդամենը ջրակորուստ է, որը նա վերականգնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տարին մեկ անգամ ջրի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնելով: Իսկ Երեւանի քաղաքապետարանին ինչո՞ւ չի մտահոգում այն հարցը, որ այսպես շարունակվելու դեպքում 132 ընտանիք (միջին բնակեցվածության մի գյուղի չափ) կորցնելու է իր բնակարանը:

Երեւանի քաղաքապետարանը հիշյալ երկու դիմումների վերաբերյալ վերահսկողական ծառայությանն ու բնակիչներին ուղղված մեկ պատասխանում հայտնել է· «Գրություն է ուղարկվել «Երեւան Ջուր» ՓԲԸ` Նանսենի 17 շենքում ուսումնասիրություն կատարելու եւ մասնագիտական եզրակացություն տալու ջրակորուստների վերաբերյալ»:

Մասնագիտական եզրակացությունը, ենթադրում ենք, շատ ցավոտ է եղել քաղաքապետարանի համար, այդ պատճառով էլ ասելիք չունի բնակիչներին, բայց վերահսկողական ծառայությունն էլ չարձագանքեց բնակիչների դիմումին: Ենթադրում ենք, որ «Երեւան Ջուր»-ը կրկնել է այն պատասխանը, որը տրվել է մեզ մեկուկես տարի առաջ: Ընկերությունից հայտնել էին, որ իրենք աշխատանքները կատարել են օգնության կարգով, ուստի բոլոր խնդիրներով պետք է դիմել շենքի ինքնակառավարման մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter