Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Ազատություն» ռադիոկայանի երեք լրագրողներ տուժող են ճանաչվել



ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի, ակցիաների լուսաբանման ժամանակ բռնության ենթարկված «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Համբարձումյանը, Կարլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող:

Արտակ Համբարձումյանը պատմեց, որ տուժող է ճանաչվել օգոստոսի 5-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի ցերեկը ոստիկանները Խորենացի փողոցից առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել հարակից պուրակի ծառերի տակ, խոտերին նստած քաղաքացիներին: Երբ ոստիկանների գործողություններն ավարտվել են, Արտակը մի քանի գործընկերների հետ մոտեցել է ոստիկանության ծառայողների գործողությունները ղեկավարող ոստիկանին` պարզելու քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառը:

Արտակի խոսքով՝ հրաման տված ոստիկանն այդ ժամանակ գտնվում էր ոստիկանական «պատի» հետևում և այնտեղից է պատասխանել լրագրողների հարցերին: Երբ Արտակը հերթական անգամ ղեկավար ոստիկանին հարց է ուղղել, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում, պատ կազմած ոստիկաններից մեկը բռնել է Արտակի խոսափողը ու ինչ-որ բան ասել: Արտակը փորձել է ազատել խոսափողը, հետ քաշել, սակայն այդ պահին  ոստիկանը ձեռքով հարվածել է Արտակի որովայնին:

Տեսանյութում հստակ երևում է, թե ով է հարվածել Արտակ Համբարձումյանին, բայց երբ լրագրողը հարցաքննության օրը քննիչից հետաքրքրվել է՝ գործով կասկածյալ կամ մեղադրյալ կա, քննիչը պատասխանել է` դեռ չկա:

Կարլեն Ասլանյանը նշեց, որ որպես տուժող հարցաքննվել է օգոստոսի 3-ին: Այդ օրը տրվել է դատաբժշկի ուղեգիր, ներկայացել է դատաբժշկական փորձաքննության: Լրագրողի խոսքով՝ իրենց դեռ հայտնի չեն փորձաքննության արդյունքները, սակայն մարմնի վրա առկա է եղել մի երկու փոքր այրվածք: «Դա արձանագրվել է, թե ոչ, չեմ կարող ասել»,-նշեց Կարլեն Ասլանյանը:

Խոսելով հարուցված քրեական գործի ելքի մասին` Կարլեն Ասլանյանը նշեց. «Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, վստահ եմ, որ որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկելու: Կամ էլ, լավագույն դեպքում, նվազ պատիժ է լինելու»:

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են մի շարք քաղաքացիների, փաստաբանների հաղորդումները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկություններ, որոնց քննարկման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՊԾ շենքը գրավելուց հետո 2016թ. հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքը ենթադրաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց լիազորությունների շրջանակից, Մ. Խորենացի փողոցում, հարակից տարածքներում, Սարի թաղում և այլ վայրերում հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց: Ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը

Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ