
Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ևս մեկ հոդվածով
Օգոստոսի 2-ին «Սասնա ծռերի» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին մեղադրանքներ էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Ավետիսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված երկու մեղադրանքներին ավելացել է ևս մեկը. «Նախորդ տարվա փետրվարի 18-ին հարուցված քրեական գործը, որը հայտնի է «ապրիլի 24-ի գործ» անվանումով, այս տարի՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված գործը և «Սասնա ծռեր»-ի գործը միացվել և քննվում է մեկ վարույթում: Արդյունքում՝ Վարուժան Ավետիսյանին այս պահին առաջադրվել է երեք մեղադրանքներ»,-նշեց Եգորյանը:
«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը այս պահին մեղադրվում է ՀՀ Քր.օր.-ի երեք հոդվածներով՝ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Մեկնաբանել