HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհում կրկին 102-րդն է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման օգոստոսյան ցուցակը: Հայաստանի ընտրանին տեղաշարժ չի գրանցել եւ պահպանել է նախորդ ամսվա 102-րդ տեղը՝ ունենալով վարկանիշային 348 միավոր: Ընդհանրապես, հաշվետու ժամանակահատվածը ակտիվ չի եղել պաշտոնական կամ ընկերական հանդիպումներով, ինչի հետեւանքով շատ հավաքականներ պահպանել են հուլիսյան դիրքերը: Մասնավորապես, փոփոխություն չի եղել համաշխարհային ցուցակի առաջին 20 հորիզոնականներում:

Աշխարհի առաջատարը շարունակում է մնալ Արգենտինան, որին հաջորդում են Բելգիան, Կոլումբիան, Գերմանիան, Չիլին, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան, Իտալիան:  

2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը կրկին 16-րդն է, Ռումինիան մեկ տեղով նահանջել է 25-րդ հորիզոնական, Դանիան, որի հետ մեր թիմը հանդիպելու է սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում, մնացել է 44-րդ տեղում, Մոնտենեգրոն նույնպես պահպանել է իր 95-րդ հորիզոնականը, իսկ Ղազախստանը մեկ տեղով առաջ է գնացել եւ հիմա Գաբոնի հետ կիսում է 96-րդ տեղը: Փաստորեն, Հայաստանի հավաքականը շարունակում է վարկանիշով զիջել իր գալիք մրցակիցներին, չնայած ամեն ինչ որոշվում է խաղադաշտում: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է, որը 30-րդն է, հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (55), Բելառուսը (70), Ղազախստանը: Մյուս երկրները զիջում են Հայաստանին:

Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Թուրքիան (19), ապա՝ Իրանը (39): Վրաստանը 118-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 136-րդը:

Առաջիկա հանդիպումը մեր թիմը կանցկացնի Չեխիայի հետ ամսի 31-ին մրցակցի հարկի տակ: Ընկերական այդ հանդիպումը վերջին ստուգատեսը կլինի ԱԱ-2018-ից առաջ: Չեխերը հիմա 34-րդն են աշխարհում:

ՖԻՖԱ-ն հաջորդ աղյուսակը կհրապարակի սեպտեմբերի 15-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter