Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

««Անուշ կաթիլը» ինձ խոպանից տուն վերադարձրեց»


Աստծո ամեն օր Բալասյանների ընտանիքը առավոտ կանուխ ոտքի վրա է: Վեց տարի առաջ հիմնադրած լիմոնադի արտադրամասը կամակոր երեխայի պես՝ մշտական խնամք է պահանջում:

Տասնյակ պատվիրատուներ, զանգեր… Տավուշի մարզի Աչաջուր գյուղում արտադրվող «Անուշ կաթիլ» ապրանքանիշը Իջեւանի տարածաշրջանում հարգի է: Արտադրամասի սեփականատերը՝ 36-ամյա Ահարոն Բալասյանը, պատմում է, թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելուց հրաժարվեց ու սեփական փոքր բիզնեսը հիմնեց:

«Էնա պրոֆեսիոնալ խոպանչի էինք: Որ հորս հետ գնում էինք Ռուսաստանում աշխատելու, մտածում էի՝ 150 հազար դրամանոց մի հատ գործ ըլի, մնամ, Հայաստանում աշխատեմ: Քանի տարի խոպանում ասես պարանը վզիս քաշած ըլներ: Չնայած լավ փող էինք աշխատում, բայց տնից կտրվելը սրտովս չէր: Ճակատագրի բերումով 2010 թվականին ողնաշարի հետ կապված խնդիր ունեցա, վիրահատվեցի, ու դա որոշիչ եղավ: Էդ ընթացքում գիշեր-ցերեկ մտածել եմ՝ ինչ ձեռնարկեմ, որ իմ տնից, իմ էրեխեքից չկտրվեմ: Հունվարին վիրահատվել էի, արդեն հունիսին արտադրամասն աշխատում էր»:

Բանկում որպես ավանդ դրված 300 հազար դրամին մի այդքան էլ ավելացնելով, սրանից խորհուրդ հարցնելով, նրանից խորհուրդ հարցնելով, ծնողների կամքին հակառակ՝ արտադրությունը հիմնել է: Սկզբում դժվարություններ կային տեխնոլոգիայի ընտրության հարցում: Չգիտեր՝ որքան գազ պետք է լինի մեկ շշում, որքան՝ օշարակ:

«Մտանք շուկա, սկզբում ամեն ինչ շա՜տ դժվար էր: Փորձ չունեի, առանց գնորդի կարծիքը իմանալու՝ խանութները լցնում էի, ապրանքը մնում էր, մարդիկ դժգոհում էին համից: Ամիսներ պահանջվեց, մինչեւ հասկանամ՝ ինչ է ուզում սպառողը»,-պատմում է երիտասարդ ձեռներեցը:

Ահարոնի մայրը՝ Էմման, պատմում է, թե ինչ դժվարություններ է կրել որդին առաջին ամիսներին: «Եթե մեկը դժգոհում էր լիմոնադի որակից, մեր տանը տրագեդիա էր: Էդ ընթացքում շատ անգամ հիասթափություններ ունեցանք: Պառկել եմ քնելու, մտածել եմ՝ լավ, ինչքան էլ որ ծախսել ենք, հիմա գործը չի ստացվում, ո՞նց անենք, որ էս հոգսից ազատվենք, մեր նախկին «խաղաղ» կյանքով ապրենք: Բայց առավոտյան նորից իներցիայով գործի ենք անցել: Կամք ու ցանկություն եթե ունես, գործդ կստացվի»: 

«Անուշ կաթիլը» շուկայում իր տեղն զբաղեցրել է աստիճանաբար: «Կամաց-կամաց խանութները գրավեցինք, հետո՝ ռեստորանները, հետո սկսեցինք հարսանիքների համար հատուկ պատվերներ ընդունել, ու մինչեւ հիմա համբավը պահպանվում է: Գիտեն՝ եթե Աչաջուրի լիմոնադն ա, եթե «Անուշ կաթիլն» ա, որակի խնդիր չկա»,-պատմում է Ահարոն Բալասյանը:

Այս ամռանը արտադրության ծավալները կազմել են մոտ 10 հազար շիշ: Բայց արտադրամասի սեփականատերն ասում է, որ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ սա երկու անգամ քիչ է: Պատճառը բնակչության գնողունակության անկումն է: «Եթե նախորդ տարիներին մարդիկ առիթների դեպքում 3-4 բլոկ լիմոնադ էին առնում, հիմա գալիս են խանութ ու հաշվարկած տանում՝ 7-8 շիշ ա պետք: Եթե որեւէ խանութ նախկինում ապրանք էի տանում շաբաթը երկու անգամ, հիմա տանում եմ ամսվա մեջ մեկ անգամ»,-պատմում է:

Լիմոնադի արտադրամասի հիման վրա, ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ տեղծել են նաեւ «Վայելք» խմորեղենի արտադրամասը:  Ահարոնի կինը՝ Ռուզաննան արժանացել է Հայաստանի լավագույն երիտասարդ կին գործարարի պատվոգրի: 

Գիշեր-ցերեկ ողջ ընտանիքով մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում են: Առաքումը անձամբ Ահարոնն է անում, շուկայի ուսումնասիրությունը՝ նույնպես:

Բալասյանների ամբողջ ընտանիքը առավոտից մինչեւ ուշ գիշեր աշխատում է. Ահարոնն ու կինը, մայրը, տասնչորսամյա որդին: «Ես որ իմ կյանքը կապեի խոպանի հետ, էսքան մարդ աշխատանք չէր ունենա».-կատակում է Ահարոնը:

Ահարոնին դուր չի գալիս արտագնա աշխատանքների թեման: Ասում է. «Լիմոնադի գործին հիմա շատ լավ եմ տիրապետում: Ուզենամ՝ կարող եմ էս գործը դրսում շարունակել: Բայց մտադիր չեմ: Ես չեմ ուզի Ռուսաստանում ապրեմ, մեր գյուղը թողած: Որ խոպան էի գնում, աշխատում էի իքս գումար, մի երկու ամսում ծախսում, հետո պարտքերով ապրում, արտադրամասը էլի ապահովում ա էդ իքս գումարը, ու՝ ստաբիլ: Ես գիտեմ, որ իմ օրվա հազար դրամը հաստատ ունեմ: Ամեն ապրումներ էլ ունեցել ենք: Ինչքան էլ հիասթափություն եմ ապրել, չեմ արտահայտվել, գոհացել եմ, որ օտար երկրում չեմ: Ինձ լավ եմ զգացել, որ իմ սեփական գործն ունեմ, որ էն պիտակի վրա ես ինձ եմ ներկայացնում, իմ աշխատանքը, ոչ թե՝ ուրիշի: Ինչքան էլ հոգնած լինեմ, որ երեկոյան տուն եմ հասնում ու էրեխեքիս հետ եմ, դա ամեն ինչ արժե»:

Մայրը հավելում է. «Ամենօրյա գործ է սա: Էրեխու հացը ամեն օր էլ կճարվի: Առավոտը չլինի՝ իրիկունը կլինի: Էս գործում որ կանք, ժողովրդի ուրախ առիթն էլ ա դարձել մերը, տխուր առիթն էլ: Պատրաստ ենք, որ պետք ա դժվարություն ունենանք: Պետք ա մեկին դուր գա, մեկին՝ չէ»: Հարցին, թե լրացուցիչ արտադրություն, օրինակ՝ պահածոներ, քանի որ տարածաշրջանը հարուստ է հատապտուղներով, մտադրություն չունի՞ հիմնելու, աչաջուրցի ձեռներեցը պատասխանեց. «Նման գնողունակության պայմաններում՝ հաստատ ռիսկի չեմ դիմի: Եթե իրավիճակ փոխվի, ժողովրդի ապրելակերպը լավանա, միգուցե կանեմ: Ինձ միայն շուկա է պետք: Որեւէ աջակցություն, արտոնություն էլ չլինի, բայց ունենամ կայուն շուկա, ամեն ինչի կհասնեմ: Հիմա եթե պետությունը 2 միլիոնի աջակցություն տա, բայց ես արտադրանքը չկարողանամ իրացնել, էդ գումարն ի՞նչ խնդիր է լուծելու: Ես հասկացել եմ մի բան. որեւ փոքր գործ սկսելու հարցում փողը վերջին տեղում ա: Առաջինը գաղափարն ա, միտքը, ու էդ գաղափարի հետեւից գնալը»:

Լուսանկարները՝ հեղինակի:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Արթուր12:23 - 12 օգոստոսի, 2016
Իսկական ստեղծագործ մարդիկ: Չեն նվնվում, չեն դժգոհում, այլ գործ են անում, գործով փող վաստակում: Թող ձեզպեսները շատ լինեն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։