HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքարկվել է Մխիթար Ավետիսյանի կալանքի որոշումը

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Սասնա Ծռեր» խմբի կալանավորված անդամներից հինգի պաշտպանությունն է իրականացնում՝ Պավել և Արամ Մանուկյանների, Արմեն Լամբարյանի, Վարդան Բալյանի և Մխիթար Ավետիսյանի: Փաստաբանը փոխանցեց, որ նրանցից երեքը նույն ընտանիքի անդամներ են. Մխիթար Ավետիսյանը Արամ Մանուկյանի քեռին է, Պավել Մանուկյանի աներձագը:

Մխիթար Ավետիսյանը Արցախյան պատերազմի մասնակից է, «Նոր Հայաստան» շարժման անդամ: Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են Շտապօգնության ծառայության բժիշկները օգնություն ցույց տալիս գլխի վնասվածք ստացած Մխիթար Ավետիսյանին (գլխին կարեր են դրվել), որը մինչև հուլիսի 31-ը հրաժարվել է դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից ու հոսպիտալացվել: Մխիթար Ավետիսյանը մեկն է «Սասնա Ծռեր» խմբի այն 20 անդամներից, որոնք հուլիսի 31-ին որոշեցին զենքերը վայր դնել:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Մխիթար Ավետիսյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, առողջական վիճակը բավարար է: Նա նույնպես կալանավորված է, սակայն փաստաբանը կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ինեսսա Պետրոսյանի դիտարկմամբ` կայացվում են քաղաքական որոշումներ: Ասում է, որ որևէ հույս չունի դատական տեղական ատյաններից: Պարզապես պետք է սպառել ներպետական ատյանները` բողոքները Եվրոպական դատարան հասցնելու համար:

Ինեսսա Պետրոսյանը

Մխիթար Ավետիսյանը մեղադրվում է ՔՕ 218 և 235 հոդվածների 3-րդ մասերով՝ պատանդ պահելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

«Հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող, քանի որ, օրինակ, պատանդ պահելու մասով՝ բժիշկները տեղում բուժօգնություն են ցույց տվել, պարզապես իրենց բժշկական պարտականությունն են կատարել: Պետք է մյուս խումբը գար, որ ՊՊԾ գնդում գտնվող խումբը դուրս գար, բայց քանի որ մյուս խումբը չէր գալիս, բժիշկները շարունակում էին մնալ տարածքում»,- «Հետքին» ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Մխիթար Ավետիսյանը նշել է` քանի որ իշխանությունները կրակի տակ էին պահում իրենց, չունեին որևէ երաշխիք, որ բժիշկներին չեն վնասի: Փաստաբանի փոխանցմամբ` «Սասնա Ծռերը» բժիշկներին ասել են դուրս եկեք, բայց կարող է մտածեն, թե խմբի անդամները հագել են բժիշկների խալաթները, ու կրակեն: «Բժիշկներն իրենք են որոշել, որ այդ պարագայում իրենց դուրս գալը վտանգավոր է»,-նկատեց Ինեսսա Պետրոսյանը:

Մխիթար Ավետիսյանի լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի նկարահանած տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter