HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրովի արդարադատություն. 8 հավ և 1 աքաղաղ գողանալու մեղադրանքով հայտնվել է կալանավայրում

Կարենը (անունը փոխված է) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնվել է ամբաստանյալի աթոռին 8 թև հավ և 1 աքաղաղ գողանալու մեղադրանքով:

Ըստ մեղադրանքի՝ Կարենը 2015թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 23-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտքի դուռը հրելու և բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Արմինե Թամրազյանին պատկանող Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում գտնվող տան բակ և շինություն հանդիսացող թռչնաբնի չկողպված փականը բացելով՝ այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ ընդհանուրը 45,000 ՀՀ դրամ արժողությամբ 8 թև հավ և 1 թև աքաղաք:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Եթե մեղադրանքը հաստատվի և կայացվի մեղադրական դատավճիռ, ապա Կարենին սպառնում է տուգանք` 500 հազարից մինչև 1 մլն դրամ, կամ ազատազրկում` 2-5 տարի ժամկետով:

Նշենք, որ գործող օրենքով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում զգալի չափ է համարվում գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` 5,000 դրամից մինչև 500,000 դրամը չգերազանցող գումարը (արժեքը):

Սկզբում Կարենի նկատմամբ ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը, սակայն երեք դատական նիստի անհարգելի պատճառներով նա չի ներկայացել: Դատարանը գրություններ է ուղարկել ոստիկանության Դիլիջանի բաժին, որպեսզի ամբաստանյալին պարտավորեցնեն ներկայանալու նշանակված դատական նիստին: Կարենին չեն կարողացել հայտնաբերել և մեղադրող դատախազ Արթուր Մելիքբեկյանը միջնորդել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ընտելով «կալանավորումը» և նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Դատավոր Զոյա Զաքինյանը բավարարել է դատախազի միջնորդությունը:

Այդ որոշումից 14 օր անց Կարենը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Դատաքննությունը շարունակվում է:

Մամուլը պարբերաբար անդրադառնում է պետական միջոցները յուրացնելու, ոչ նպատակահարմար ծախսելու և վատնելու դեպքերին: ՀՀ վերահսկիչ պալատը ևս տարեկան զեկույցներում անդրադառնում է չարաշահումներին: Սակայն, ինչ համառությամբ մամուլը գրում է, նույն համառությամբ էլ պատկան մարմինները խուսափում են քննություն իրականացնել, քրեական գործեր հարուցել: Եվ ստացվում է, որ 45.000 դրամ արժողության հավ գողացողն այժմ նստած է կալանավայրում, իսկ միլիոնների հասնող չարաշահում թույլ տված պետական պաշտոնյաները՝ իրենց աշխատավայրում՝ բազմաթոռի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter