HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը կմիանա՞ Հայաստանը մեկուսացնող Բաքվի քաղաքականությանը

Արմեն Վարդանյան

ՄԱՀՀԻ փորձագետ

Օգոստոսի 8-ին Բաքվում կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին և ընդունվեց համատեղ հռչակագիր: Այս իրադարձության հետ կապված Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողների և փորձագիտական շրջանակների համար հատկապես կարևոր է հասկանալ, թե կմասնակցի՞ արդյոք Իրանը Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ծրագրերին և, թե ընդհանրապես հետագայում ինչպես կզարգանան Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները:

2013թ. ընտրվելով Իրանի նախագահ՝ Հասան Ռոուհանին հենց իր երդման արարողության ժամանակ հայտարարեց, որ մերձակա հարևանների հետ հարաբերությունների վերանայումն իր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է լինելու: Դա հատկապես վերաբերում էր Ադրբեջանին, որի հետ Իրանի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին: Այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք:

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները չափազանց սրվել էին 2000-ական թթ. կեսերից, որոնց վրա էապես ազդեց Արևմուտք-Իրան հարաբերությունների վատթարացումը: Այդ խորապատկերին ակտիվացավ նաև Բաքուն, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը դարձրեց Իրանի դեմ պայքարի հարթակ՝ այն հույսով, որ դրա փոխարեն Արևմուտքը կօգնի նրան Ղարաբաղը հետ վերադարձնելու հարցում:

Սակայն պաշտոնական Բաքուն ժամանակի ընթացքում հասկացավ, որ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը Ղարաբաղին իր կազմ վերադարձին չի հանգեցնելու, և ԱՄՆ-ից ու ԵՄ-ից հիասթափված Իլհամ Ալիևը դեմքով շրջվեց դեպի Ռուսաստան և Իրան: Այդ համատեքստում Ադրբեջանը ցուցադրաբար վատթարացրեց հարաբերություններն Արևմուտքի հետ, որը դրսևորվում էր այդ երկրում ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմադիր լրագրողների ձերբակալություններով, իսկ 2015թ. Բաքվում փակվեց ԵԱՀԿ համակարգողի գրասենյակը:

Միաժամանակ, 2010թ.-ից սկսած բավականին ջերմացան ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դրա շնորհիվ Բաքուն մի քանի տարվա ընթացքում ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք գնեց Ռուսաստանից, ինչպես նաև վերջինիս հետ կնքեց մի շարք կարևոր, ռազմավարական նշանակության պայմանագրեր:

Իլհամ Ալիևն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ քայլեր ձեռնարկեց և հասավ նաև Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների բարելավմանը, որոնք նոր լիցք ստացան 2013թ.՝ Իրանում Հասան Ռուհանիի իշխանության գալուց հետո: Վերջինիս նախագահ ընտրվելուց հետո փոխադարձ այցերի և միջազգային տարբեր ֆորումների ժամանակ Իրանի և Ադրբեջանի նախագահներն արդեն հանդիպել են 7 անգամ:

Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները խորացնելով՝ Ադրբեջանը ձգտում է ստեղծել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխարհաքաղաքական եռանկյունի, որի նպատակը հետևյալն է՝ նախ, Հայաստանին զրկել իր համար շատ կարևոր երկու ռազմավարական դաշնակիցների աջակցությունից և պատերազմի ժամանակ հասնել նրան, որ այդ երկու երկրներն առնվազն չեզոք դիրք գրավեն և որևէ աջակցություն չցուցաբերեն Հայաստանին, ապա էլ ավելի խորացնել վերջինիս մեկուսացումը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի նվազագույն պլանը աշխատեց. թե՛ Ռուսաստանը և թե՛ Իրանը չեզոք դիրք գրավեցին ռազմական գործողությունների ժամանակ՝ աջակցություն չցուցաբերելով Հայաստանին, ի տարբերություն Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի, որը բացահայտ պաշտպանում էր Բաքվի գործողությունները:

Հայաստանի միջազգային մեկուսացումն ավելի մեծացնելու համար Ադրբեջանը Վիեննայում միջուկային հարցերով «Վեցնյակի» և Իրանի համաձայնության գալուց հետո սկսեց գործուն քայլեր ձեռնարկել նաև վերջինիս իր կողմը քաշելու համար: Այդ նպատակով Բաքուն փորձում է Թեհրանի հետ մի շարք ռազմավարական նշանակության ծրագրեր իրականացնել, որով առավել կխորանան երկու երկրների միջև հարաբերությունները: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նաև իրանական նավթը Եվրոպա տեղափոխելու համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը տրամադրելու հարցում, ինչպես նաև մի քանի անգամ Իրանին առաջարկել է միանալ Անդրանատոլիական գազամուղին (TANAP):

Սակայն ամենամեծ նախագիծը, որն Ադրբեջանը ցանկանում է կյանքի կոչել, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն իր երկրով անցկացնելն է, որով Ռուսաստանն ու Իրանն Ադրբեջանի միջոցով կապվում են իրար: Ադրբեջանի համար այն ձեռնտու է և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով: Նախ, դրա միջոցով Հայաստանը դուրս է մղվում ևս մեկ տարածաշրջանային խոշոր ծրագրից, էլ ավելի է մեծանում Երևանի միջազգային մեկուսացումը, ապա Ադրբեջանը մեծացնում է իր նշանակությունը Ռուսաստանի և Իրանի համար: Դա նաև տնտեսապես է շահավետ Ադրբեջանի համար, քանի որ նա հնարավորություն կտա իր ապրանքներն արտահանել Իրան և նրա միջոցով՝ Պարսից Ծոցի երկրներ:

Իրականացնելով այս նախագիծը՝ Ադրբեջանն էլ ավելի կմեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Այս ուղղությամբ քայլեր սկսվել են դեռևս 2005թ-ից, սակայն այն մեծ թափ ստացավ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հանումից հետո: Հիմնական աշխատանքները պետք է տարվեն Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղուն իրանական երկաթուղին միացնող Ղազվին-Ռեշթ-Աստարա 375կմ-ոց հատվածի կառուցման ուղղությամբ:

Վերջին տարիներին իրանական կողմը կառուցել է Ղազվին-Ռեշթ 205կմ-ոց հատվածը, որը պատրաստ է 93%-ով: Այն շահագործման կհանձնվի արդեն 2017թ.։ Նախնական հաշվարկներով երկաթգիծը սկզբնական շրջանում տարեկան կկարողանա փոխադրել 1,4 միլիոն ուղևոր և 5-7մլն տոննա բեռ, իսկ հետագայում դրանով կարող է փոխադրվել մինչև 20մլն տոննա բեռ: Երկաթգծի ողջ տարածության վրա կկառուցվի 22 թունել և 15 կամուրջ: Երթուղու մյուս՝ Ռեշթ-Աստարա հատվածի կառուցման համար իրանական կողմն այս տարվա ընթացքում դիմեց Ադրբեջանին՝ վարկ ստանալու համար. Բաքուն համաձայնվել է Թեհրանին 500 մլն դոլարի չափով վարկ տրամադրել:

Միաժամանակ, ընթացիկ տարվա մարտ ամսին սկսվել է և մինչև տարեվերջ կավարտվի ադրբեջանական Աստարայից դեպի Իրանի սահման 8,3կմ երկարությամբ երկաթուղային հատվածի կառուցումը, իսկ ապրիլին ադրբեջանական Աստարա քաղաքում կայացավ Ադրբեջանն Իրանի հետ կապող կամրջի խորհրդանշական հիմնարկեքի արարողությունը:

Նախագիծը ձեռնտու է նաև Ռուսաստանին և Իրանին, որոնց համար տնտեսական կապերն առավել խորացնելու և նոր շուկաներ գրավելու նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Մինչ այժմ Ռուսաստանը և Իրանը միմյանց հետ առևտուր են կատարում առավելապես ծովային ճանապարհով՝ Կասպից ծովի միջոցով, սակայն ցամաքային տրանսպորտն ավելի էժան է ծովայինից: Այդ իսկ պատճառով այս նախագծին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը, որը նույնպես պատրաստ է մեծ գումարներ ներդնել «Հյուսիս-Հարավ»-ի իրականացման համար:

Մոսկվան մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Իրանի երկաթուղիների վերակառուցմանը՝ դրա համար նպատակային վարկ հատկացնելով: Առավել ևս, որ  «Հյուսիս-Հարավ»-ի մեկ այլ կարևոր մասը՝ Ադրբեջանի տարածքով անցնող ավտոմայրուղին, արդեն գործարկվել է, որով իրականացվել է իրանական ապրանքների փորձնական տեղափոխումը Ռուսաստան:

Այնուամենայնիվ, չնայած Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սկսված «ձնհալին»՝ երկու երկրներն ավանդաբար միմյանց նկատմամբ խորն անվստահություն են տածում: Ադրբեջանում միշտ մտավախություն են ունեցել, որ Իրանը ցանկանում է փոխել այդ երկրի կառավարման համակարգը՝ այն աշխարհիկ պետությունից վերածելով թեոկրատական պետության, իսկ վերջինիս հանգիստ չեն տալիս Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները և ժամանակ առ ժամանակ Բաքվից Թեհրանի նկատմամբ հնչող տարածքային պահանջները:

Իրանին նաև մտահոգում են այդ երկրում արգելված «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման և Ադրբեջանի միջև եղած սերտ կապերը: Այդ կազմակերպությունը պայքարում է «Միավորված ադրբեջանական պետություն» ստեղծելու համար, որի մեջ կընդգրկվի Հյուսիսային Ադրբեջանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը) և, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգը):

Չնայած Իրանի և Ադրբեջանի միջև սկիզբ առած հարաբերությունների ջերմացմանը՝ 2015թ. տեղի ունեցան նարդարանյան իրադարձությունները, որոնց հետևանքով Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կտրուկ վատացան իրանա-ադրբեջանական հարաբերությունները: Իրանի ներկայիս նախագահ Ռոուհանին, ի տարբերություն նախորդ նախագահ Ահմադինեժադի, թեև ձգտում է Ադրբեջանի հետ հարաբերությունները չսրելուն, այնուամենայնիվ, Թեհրանի և Բաքվի հարաբերությունները կրկին վատացան կրոնական հողի վրա:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրացման երկրորդ փուլը սկսվեց 2016թ. հունվարին, երբ Թեհրան ժամանեց ու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեց Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այդ այցից հետո տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ:

Իրան-Ադրբեջան հարաբերությունները լարվածության գագաթնակետին հասան ընթացիկ տարվա հունիսի 5-ին, երբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Իրան, որտեղ նրան ջերմ ընդունելություն ցուցաբերեցին:  ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է Սև ծովը Հայաստանի տարածքով Պարսից Ծոցին միացնելն օգնելու հարցում, և իրենք այս ուղղությամբ պատրաստ են տեխնիկական և ինժեներական ծառայություններ տրամադրել Հայաստանին:

Այցի ժամանակ ստորագրվեցին նաև մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում երկու երկրների միջև վիզաների չեղարկման մասին որոշում ընդունվեց:

Հայ նախարարների այցն Իրան և այդ երկրի իշխանությունների կողմից նրանց ամենաբարձր մակարդակով ընդունումը մեծ հիստերիա առաջացրեց Բաքվում: Ալիևյան քարոզչամեքենայի առաջամարտիկ «Haqqin.az» կայքն այս առիթով մեծ հոդվածաշար հրապարակեց, որտեղ, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների ոչ պաշտոնական խոսափող լրատվամիջոցը խոստովանեց, որ Իրանը խոչընդոտում է Հայաստանը մեկուսացնելու Ադրբեջանի հերթական պլանների իրականացմանը:

Նախ՝ ադրբեջանական լրատվական կայքը տարակուսանք հայտնեց, թե ինչու է Իրանը ձգտում Հայաստանի միջոցով դուրս գալ Եվրոպա, եթե Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Այնուհետև, անդրադառնալով Հասան Ռոուհանիի կողմից ՀՀ արտգործնախարարին ամենաբարձր մակարդակով ընդունելուն՝ լրատվամիջոցը բացահայտ շանտաժ արեց Իրանին՝ նշելով, որ եթե Ռոուհանին պատրաստ է Երևան այցելել և սեղմել Սարգսյանի ձեռքը, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես պետք է որոշում կայացնի՝ պատմական այցով Իսրայել այցելի՝ դրա շրջանակներում Երուսաղեմում Ադրբեջանի դեսպանատուն բացելով:

Իրանին ուղղված սպառնալիքները միայն լրատվամիջոցներով տարածված հոդվածներով չսահմանափակվեցին: Նրա հասցեին խիստ քննադատություններ հնչեցին նաև Ադրբեջանի խորհրդարանում:

Այս իրադարձություններին հետևեց երկու կարևոր տեղեկություն, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի միջոցով Վրաստան և Եվրոպա դուրս գալու իր հավակնություններից: Նախ՝ հուլիսի 14-15-ը Պարսից Ծոցը Սև ծովին կապող տարանցիկ միջանցքի ձևավորման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում  տեղի ունեցավ Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում:

Իսկ բոլորովին վերջերս իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ` իրանական գազը և նավթամթերքները մեր երկրի տարածքով դեպի Վրաստան, իսկ հետագայում նաև՝ Եվրոպա արտահանելու նպատակով: Այդ նպատակով վերջերս Հայաստանի կառավարությունը ստեղծեց պետական ընկերություն, որը կզբաղվի Իրանից բնական գազի ներկրմամբ և արտահանմամբ:

Վերջին ժամանակներս Բաքվի ջղագրգիռ պահվածքը ցույց տվեց, որ Իրանի միջոցով Հայաստանը մեկուսացնելու և Թեհրանին Երևանի դեմ տրամադրելու Իլհամ Ալիևի պլանները, ըստ էության, ձախողվել են: Ակնհայտ է, որ չնայած Իրան-Ադրբեջան հարաբերություններում սկիզբ առած «ձնհալին» և երկու երկրների միջև զարգացող քաղաքական և տնտեսական հարաբերություններին՝ Իրանը չի պատրաստվում դառնալ ալիևյան խաղի մասնակիցը:

Անկասկած, Իրանը կշարունակի Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը, սակայն Երևանը շարունակում է Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունենալ: Ի տարբերություն Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքի մյուս մասնակիցներ Ռուսաստանի և Ադրբեջանի` Իրանին ձեռնտու չէ Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից, ինչպես նաև նրա թուլացումը: Թեհրանում, թերևս, շատ լավ են հասկանում, որ եթե իրենց երկիրը միանա Հայաստանը մեկուսացնելու ադրբեջանական ծրագրերին, հետագայում կարող է զրկվել մանևրելու հնարավորությունից և Ադրբեջանից որոշակի կախվածություն ձեռք կբերի:

Չնայած երկու երկրների միջև սկիզբ առած բարիդրացիական հարաբերություններին՝ դժվար թե Իրանում մոռանան, թե երկար տարիներ շարունակ ինչպիսի թշնամական կեցվածք էր որդեգրել հարևան Ադրբեջանը՝ դառնալով հակաիրանական պայքարի առաջամարտիկներից մեկը: Ուստի Իրանը մի կողմից կշարունակի զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ փորձելով իրականացնել այդ երկրի հետ ձեռք բերված ծրագրերը, մյուս կողմից էլ կզարգացնի Հայաստանի հետ հարաբերությունները՝ այսպիսով չխախտելով հավասարակշռությունը:

Հետազոտության ամբողջական տարբերակը կարելի է կարդալ ՄԱՀՀԻ կայքում` «Նոր փուլ Իրան-Ադրբեջան հարաբերություններում. մերձեցում՝ հարաբերությունների վատթարացման վտանգներով»:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter