
100 մլն դրամ` նախագահի խորհրդականի որդու կազմակերպությանը
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ընդունեց որոշում՝ «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը 100 մլն 760 հազար դրամ գումար նվիրաբերելու մասին՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով»:
Գումարը կազմակերպությանն է տրամադրելու Մշակույթի նախարարությունը, որին 100,8 մլն դրամը փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից («Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
Այլ հատկացումներ
Դեռևս 2012թ-ին Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը 2010 և 2011 թվականներին միևնույն 7 հասարակական կազմակերպություններին տրամադրել է մոտ 365 մլն դրամ, որի շուրջ 38%-ը (138,7 մլն)` միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին:
Հաջորդ տարիներին ևս կազմակերպությունը ստացել է խոշոր հատկացումներ կրթության և գիտության կամ մշակույթի նախարարություններից: 2012թ-ին, օրինակ, դասական երաժշտական բարձրագույն կրթության զարգացման նպատակով ԿԳՆ-ից ստացել է 46,7 մլն, հաջորդ տարում` ևս 26,6 մլն դրամ, իսկ 2014թ-ին Մշակույթի նախարարության կողմից ստացել է 141 մլն 650 հազար դրամի դրամաշնորհ ՝ որպես աջակցություն երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը:
Կազմակերպությունը
«Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպության նախագահը Սերգեյ Սմբատյանն է՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ-ի ապրիլին, գործում է Սայաթ-Նովա 1 հասցեում:
Սերգեյ Սմբատյանի հայրը ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն է: Հիշեցնենք, որ վերջինս Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հիմնադրել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն: Տարիներ անց այս ՀԿ-ն հիմնադրել էր «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն, որի սեփականատեր էր դարձել «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթեդ» ԲՎՀ օֆշորային ընկերությունը: ԱՕԿՍ-ի պատմական շենքին հարող տարածքի մի հատվածը օտարվել էր էլիտար շենքերի շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, իսկ շենքի նկուղային տարածքը` «Թիֆլիս» ՍՊԸ-ին, որի 100% բաժնեմասը 2013թ-ին գնել է նախարար Հասմիկ Պողոսյանի որդին` Վաղարշակ Հակոբյանը: Այս պատմության մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Որոշման նպատակը
«Դասական երաժշտության աջակցության» հասարակական կազմակերպությանը 100,8 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշման հավելվածում որպես ծրագրի վերջնական արդյունք նշված է՝ «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Որոշումն ուժի մեջ է մտել ուրբաթ` օգոստոսի 12-ին:
Համեմատության համար նշենք, որ գրականության հրատարակմանը աջակցելու, այդ թվում՝ երիտասարդ գրողների ստեղծագործությունների, հայ ժամանակակից, թարգմանական, մանկապատանեկան, սփյուռքահայ և այլ գրականության հրատարակչության համար 2016թ-ի պետբյուջեից Մշակույթի նախարարությանը տրամադրվել է 64 մլն 840 հազար դրամ գումար:
Լուսանկարը՝ ՀՊԵՆ պաշտոնական կայքից
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել