HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ո՞վ կզրկվի բարեկարգված Վերնիսաժում առեւտուր կազմակերպելու իրավունքից. քիմիկոսները դժգոհ են

Վերնիսաժում բարեկարգման աշխատանքները շուտով կավարտվեն, եւ արդեն հայտնի է, թե որ խմբերն են զրկվելու նորացված տարածքում առեւտրով զբաղվելու իրավունքից: Իհարկե, դեռեւս նախագծի տեսքով, բայց քաղաքապետարանը գրավոր եւ շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ: 

Արդեն միանշանակ է, որ շուտով Վերնիսաժում չենք լսի ամեն շաբաթ-կիրակի անդադար հնչող «Ով սիրուն, սիրունը», քանի որ կարգելվի աուդիո արտադրանքի վաճառքը: Տարածքից կհանվեն կենցաղային քիմիայի վաճառքի կետերը:

Պատրաստ է Երևանի ավագանու որոշման համապատասխան նախագիծ, եւ քաղաքապետարանը շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մինչեւ օգոստոսի 24-ը հանդես գալ Վերնիսաժում առևտրային գործընթացի կազմակերպման պայմանների վերաբերյալ առաջարկություններով եւ դիտողություններով: Իսկ օգոստոսի 24-ին քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենան հանրային բացլսումներ:

Բարեկարգման աշխատանքներից հետո Վերնիսաժում կարգելվի վաճառել նաեւ գյուղատնտեսական և պարենային մթերքներ, պարֆումերիա, ծխախոտային արտադրանք, աուդիո եւ վիդեո արտադրանք, համակարգչային տեղեկատվական կրիչներ, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ: Կենդանիների շուկան արդեն տեղափոխվել է Պարույր Սեւակի փողոց: Վերնիսաժում կարգելվի նաեւ դեղորայքի եւ բժշկական նշանակության ապրանքների վաճառքը, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրերը եւ հնամաշ հագուստը:

Ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրերի եւ հնամաշ հագուստի առումով ամեն ինչ վաղուց է պարզ: Դեռեւս շաբաթներ առաջ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչությունը նման իրերի առեւտրով զբաղվողներին արգելեց այլեւս կանգնել Վերնիսաժում՝ նրանց ուղարկելով Հրազդան մարզադաշտի հարակից տարածք: Առեւտրականների դժգոհություններն ու բողոքի փոքրիկ գործողություններն արդյունք չտվեցին:

Կենցաղային քիմիայի առեւտրով զբաղվողները՝ 6-7 հոգի, չեն պատրաստվում ակցիաներ անել, սակայն շատ դժգոհ են, որ Վերնիսաժի մի անկյունում իրենց ջանքերով ձեւավորված շուկան պետք է փակվի: Ավելի շուտ՝ տեղափոխվի Գնունու շուկա: Մասնագիտությամբ քիմիկոս Հենրիկ Ավետիքյանը «Հետք»-ի հետ զրույցում որպես տեղափոխման առնչությամբ ծագած խնդիր մատնանշում է այն, որ Վերնիսաժի պայմաններում՝ 1000 դրամ օրավարձով, հնարավոր է գոյատեւել: Գնունու շուկայում, ըստ քիմիկոսի, ամսավճարը 150 հազար դրամ է:

«Էստեղ մենք գոյատեւում ենք, իսկ ուրիշ տեղ գնալը մեզ վրա թվեր կնստի: Ուղարկում են Գնունու շուկա, որտեղ ամսվա վարձը 150 հազար դրամ ա: Ես 150 հազար որտեղի՞ց տամ: Իհարկե, մենք ոչ մեկս էդ հնարավորությունը չունենք: Վերնիսաժում իմ ամսվա առեւտուրը կազմում ա մոտ 200 հազար դրամ: Դրանից հանում ենք ապրանքի գինը, սրան փող տուր, նրան փող տուր, մի բաժակ կոֆե խմի, ջուր խմի, հերիք չի անում»:

Հարցին՝ ի՞նչ են անելու, պատասխանեց. «Ձեռք-ձեռքի տված գնալու ենք Ռուսաստան: Ժիրինովսկին որ մեր մասին կարծիք ա արտահայտում, նեղանում ենք: Մենք ենք թույլ տալիս, որ մեր մասին նման կարծիք ստեղծվի»:

Արտակ Ղազարյանն աշխատել է պոլիվինիլացետատի գործարանում որպես հերթափոխի պետ: Նա նույնպես մասնագիտությամբ քիմիկոս է, 90-ականներից հետո Վերնիսաժում կենցաղային քիմիայի սեղանիկ ունի: «Ես քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին էլ եմ ասել. եթե մեզ հանում եք, մի ուրիշ բան կառուցեք: Չնայած իմ առաջարկն այն է, որ եղածին ձեռք չտան: Փոխքաղաքապետը մեզ առաջարկել է շուկաներ, բայց դրանք մեզ ձեռնտու չեն: Էս շուկան մենք ենք ստեղծել: 20-22 տարի կանգնել ենք ստեղ, ստեղծել շուկա, գնորդներ ձեռք բերել, անվճար խորհրդատվություն ենք տալիս մարդկանց: Մեզնից տեխնոլոգիա են հարցնում, մենք օգնում ենք մարդկանց, բացատրում ենք»:

Դիտարկմանը, թե քաղաքապետարանը պարզապես ցանկանում է Վերինսաժը բացառապես կիրառական արվեստի վաճառք-ցուցահանդես լինի, Արտակ Ղազարյանը հակադարձեց. «Պետությունը մենակ արվեստով ա՞ զարգանում: Էստեղ մեկը մյուսի հետ համակցված է: Օրինակ՝ մեկը ոսկի կամ արծաթ ա ծախում, գալիս են մեզնից համ տեխնոլոգիա են ուզում, հումք են ուզում, որպեսզի էդ արծաթը վերամշակեն, դարձնեն զարդ: Այ էդպես կապակցված են»:

Քաղաքապետարանը ցուցահանդես–վաճառքի ներկայացված առարկաները կանոնակարգել է ըստ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների, որոնց թվում են ապակյա եւ փայտյա նյութերը, գործվածքները, ձեռագործ աշխատանքները, ոսկրից ու քարից պատրաստված նյութերը, գեղանկարները, փորագրապատկերները եւ այլն: Նշված խմբում ներառվող առարկաները կկանոնակարգվեն նաեւ ըստ ժամանակագրության՝ «հնատիպ և ազգագրական նյութ» և «ժամանակակից ստեղծագործություններ» պայմանական խմբերի: Յուրաքանչյուրի խմբի համար կստեղծվեն համապատասխան տաղավարներ՝ ցուցադրության և պահպանության նպատակով:

Տարածքում թույլատրվում է վաճառել ոչ պարենային ապրանքների, ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք և այլ ապրանքներ՝ փայտից քանդակներ,օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ: Չի արգելվի գրքերի, կենցաղային հնաոճ ապրանքների, ոսկերչական գործիքների, որսորդական պարագաների, կենդանիների համար նախատեսված իրերի եւ բնական քարերի վաճառքը:

Վերնիսաժի առեւտրականներից ոմանք, չցանկանալով հանդես գալ իրենց անուններով, դժգոհ են այն բանից, որ տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ պետք է ապամոնտաժվի նաեւ հարավ-արեւելյան մուտքում ոչ շատ վաղուց տեղադրված ծածկը, որը կառուցվել է իրենց տրամադրած գումարներով: Յուրաքանչյուրը, ըստ առեւտրականների, միջինը 30-40 հազար դրամ է տրամադրել ծածկի տեղադրման համար: Նրանք վստահ են, որ իրենց փողերը չեն վերադարձնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter