HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառահատումները՝ սողանքների առաջացման գլխավոր պատճառ

Վանաձորյան անձրեւն արդեն տասը տարի սելավաջրերով է ողողում Գայի փողոցի բնակելիները: 65-ամյա Սարգիս Աբովյանի համար «սարի փախչելն ու սելավաջրերի տարափը» բնության անակնկալներից ամենասարսափելին են: Փողոցի հին բնակիչներն առաջին անգամ նման աղետի վկան են դարձել 1995թ-ին: «Անցյալում նման երեւույթներ չեն եղել, ինչ անտառը սկսեցին կտրել, հողը թուլացավ ու ամեն անձրեւից հետո տներն ու փողոցներն է լցվում»,- ասում են արդեն նախկին անտառի լանջին բնակվող վանաձորցիները: Ի տարբերություն մեծերի, նոր սերնդի համար բնության անակնկալը մի տեսակ սովորական երեւույթ է: Ամեն անգամ անձրեւից հետո նրանք մեծերի հետ սկսում են մաքրել շրջակայքը անձրեւի բերած կեղտից ու ավազից եւ ահը սրտերին սպասում հաջորդ անձրեւին: Անմիջապես անտառի տակ գտնվող տների գլխին կախված է հողի տեղաշարժման վտանգը: Անձրեւից հետո անտառը մեկ քայլ առաջ է գալիս ու լցվում տուն ու կտուր: 75-ամյա Սանասար Մացակյանի ընտանիքը սեփական ուժերով հենապատեր է կառուցել տան շուրջն ու վերացրել աղետի հետքերը: Աղետն իսպառ ոչնչացրել է Սարգիս Աբովյանի մառանի բերքն ու նյութական մեծ վնասներ պատճառել շատ վանաձորցիների: Խնդրի գլխավոր պատճառը փողոցի բնակիչները համարում են անտառահատումները, իսկ լուծումների մասին դժվարանում են խոսել: Պարզապես այն կարծիքին են, որ պետք է չհատել անտառն ու թեք լանջերին արգելել բանջարանոցներ կառուցել:

Վանաձորում սողանքավտանգ տարածքներն ընդգրկում են մի քանի թաղամասեր ու փողոցներ: Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության Լոռու մարզային վարչության ավագ սպա, կապիտան Կարեն Հովհաննիսյանի հավաստմամբ` շուրջ 35 հեկտար տարածք հեղեղից ու հորդառատ անձրեւներից հետո վտանգավոր է դառնում:

Լոռու մարզում շուրջ 1900 հեկտար տարածք սողանքավտանգ գոտի է համարվում: Սողանքները սպառնում են շուրջ 18 բնակավայրերի: Վտանգավորության բարձր աստիճանի է հասել Թումանյանի տարածաշրջանի Կաճաճկուտ գյուղը, որտեղ դեռեւս խորհրդային տարիներից երկրաբանական տարբեր երեւույթների զարգացման պատճառով հողատարածքները համարվել են տարբեր բարդության տարածքներ, եւ հողը սեփականաշնորհել հնարավոր չի եղել: Բնակավայրն ընդգրկում է 20 հեկտար տարածություն, որն ամբողջությամբ կանգնած է տեղաշարժման վտանգի եզրին: Եթե խորհրդային իշխանություններն այն ժամանակ որոշել էին տեղափոխել գյուղն այլ տարածք, ապա հիմա բնակավայրում կայունացման աշխատանքներ են սկսվել, իսկ ՀՀ կառավարությունում ընթացքի մեջ է Կաճաճկուտի հողերի սեփականաշնորհման գործընթացը: Ինչպես հավաստում է Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը, արդեն սեփականաշնորհված հողում գյուղացին կարող է կատարել կապիտալ միջոցառումներ՝ սողանքային մասում պատ շարել, ծառ տնկել՝ այդ կերպ կանխելով երեւույթը:

Լոռու մարզի այլ հատվածներում, հատկապես այս տարի, գարնանը նկատվեցին սողանքային երեւույթներ, որոնք շարունակվում են մինչեւ հիմա: Գուգարքի Հալավար, Շահումյան եւ Վահագնի համայնքները գարնանը մեծապես տուժեցին սողանքների պատճառած վնասներից: Ըստ Շահումյանի գյուղապետի տեղակալ Արսեն Մամյանի` գյուղի 6-7 տնտեսություն վնասվել է, որոնցից 2-ն արդեն տեղափոխվել են այլ բնակավայր: Սողանքից տուժել է նաեւ 3 հեկատր վարելահող: Վահագնի համայնքի մեկ թաղամաս, ըստ գյուղապետարանի քարտուղար Արիգա Այավազյանի, ներկայումս գտնվում է սողանքի տակ, 10 հա տարածք էլ համարվում է սողանքավտնագ:

Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը եւ վարչության գլխավոր մասնագետ Հովիկ Բեկչյանը պնդում են, որ մարզում սողանքների առաջացման հիմնական պատճառը անտառահատումներն են: Սողանքավտանգ տարածքներ են համարվում նախկին անտառային գոտիները: Վերջին տասը տարում մարզի 100.000 հա անտառներից հատվել է 30.000 հեկտարը: 10.000-12.000 հեկտարն իսպառ բնաջնջվել է, եւ այժմ այդ տարածքները գնահատվում են որպես սողանքային օջախներ: Անտառների խտությունը որոշ վայրերում 10-ից հասել է 0.3-ի, իսկ 0.2 խտությամբ տարածքն արդեն համարվում է նոսր անտառ: «Կախված տվյալ տարածքի ընդերքային, երկրաբանական հատկանիշներից` դրանք կարող են կամ ակտիվանալ, կամ էլ պասիվանալ»,- ասում է Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: Մասնագետների հավաստմամբ՝ անտառածածկ տարածքներում հողի խորքում եւ մակերեսում կուտակվող ջրերը կատարում են նորմալ գոլորշիացում, եւ կեղեւում ջրերի կուտակում չի լինում: Անտառը հատելով՝ սողանքների առաջացման նախադրյալներ են ստեղծվում: Հողի խորքային հատվածներում ջրերի կուտակումն առաջացնում է համապատասխան լարվածություն, որն իր հերթին ընդունակ է տեղաշարժել հողի կեղեւը, առաջացնել սեյսմիկ երեւույթներ: Բնապահպանների առջեւ խնդիր է ծառացել նվազեցնել խորքային ջրագոյացումները: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է տնկել դիմացկուն արմատային համակարգ ունեցող ծառեր:

Այս տարի մարզում վերականգնվել է մոտ 137 հեկտար անտառային տարածք: Ծառատնկման աշխատանքների 60%-ը կատարվել է մարզի ողջ տարածքում, իսկ մնացած մասը՝ Օձուն գյուղի շրջակայքում: Ինչպես բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Հովիկ Բեկչյանն է հավաստում, պետական առաջադրանքով 2000թ-ից մինչեւ հիմա մարզում տնկվել է 200 հեկտար անտառ: Տարբեր կազմակերպությունների կողմից վերականգնվել է 300 հեկտարը, որի արդյունավետությունն, ըստ Բեկչյանի, հասնում է 10-20%-ի, քանի որ տնկման աշխատանքներից հետո տնկիների պահպանմանն ուղղված հետեւողական աշխատանք չի տարվում: «Պետական առաջադրանքով կատարված ծառատնկումներն արդյունք են տալիս: Դրանք վերահսկվում են պետության կողմից: Իսկ այլ կազմակերպությունները ծառատնկումից հետո խնամք չեն տանում»,- իր մտահոգությունն է հայտնում Հովիկ Բեկչյանը: Ուստի սողանքների դեմ նմանատիպ պայքարը կորցնում է իր արդյունավետությունը:

Հակասողանքային միջոցառումները կապված են լեռնային բարդ աշխատանքների հետ եւ մեծ ծախսեր են պահանջում: Մասնագետները դրանք բաժանել են երկու մասի` ակտիվ ու պասիվ: Ըստ Վոլոդյա Բունիաթյանի, ակտիվ պայքարն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ռելիեֆի եւ սողանքի հետ ներդաշնակեցված հենապատերի կառուցումը, սողանքի ամրացումը հիմքի ապարներին, սողանքի ապարների դիմադրության արհեստական բարձրացումը, սողացող զանգվածի առանձին հատվածների հեռացումը: Մինչդեռ պետությունն ի զորու չէ այս ամենը իրագործել սեփական միջոցներով: Պասիվ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ: Դրանց նպատակն է ընդամենը սահմանափակել սողանք առաջացնող պատճառները:

Մարզային իշխանություններն առայժմ ուսումնասիրել են իրավիճակը, ստեղծել են մասնագիտական հանձնախումբ, շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին ուսումնասիրել են դրանց հետեւանքները, վերացման ճանապարհներ են մշակել, կիրառել են կանխարգելիչ միջոցառումներ: Նամակներ են ուղարկվել մարզի բոլոր համայնքներին, որպեսզի կատարեն կանխարգելիչ միջոցառումներ, սողանքավտանգ տարածքներում արգելեն բանջարանոցների մշակումը, այդ տարածքներում կատարեն ամրացումներ՝ ամենամյա գարնանային եւ աշնանային ծառատնկումներ կատարելու համար:

Այս ամենին տեղյակ է ՀՀ կառավարությունը, որը մարզպետարանին պատասխանել է, թե ձեռնարկվելու են միջոցառումներ տնտեսական մակարդակով ուսումնասիրություններ կատարելու համար: Դրանից հետո կտրվեն խնդրի լուծումները: Իսկ ֆինանսական կոնկրետ օգնություն կամ այդ ուղղությամբ որեւէ քայլ կառավարությունը չի կատարել:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter