HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ԱԱԾ-ի պաշտոնյան մեկ անձից գնումների պայմանագրեր է կնքում իր որդու ընկերությունների հետ

Մարինե Մադաթյան

«Էլմարկետ», «Օնլայն կոմպյուտերս» և «Ալֆապրոջեքտ» ընկերությունները պարբերաբար դառնում են տարբեր պետական կառույցների մեկ անձից գնումների հաղթող: Ընկերություններից հիմնական գնում կատարողը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունն է: Այս ընկերությունների հիմնական բաժնետերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին է` Վազգեն Հարությունյանը:

«Էլմարկետ» և «Օնլայն կոմպյուտերս» ընկերություններին «Հետքն» արդեն մեկ անգամ անդրադարձել է: Գրել էինք, որ Երևանում գրանցվել են խարդախության մի շարք դեպքեր, երբ գողացել են մարդկանց անձնագրերը և այս ընկերություններին պատկանող խանութներում («Այ էլեկտրոնիքս» և «Օնլայն») կարողացել ձևակերպել ապառիկ գնման պայմանգրեր անձնագրի տիրոջ, այսինքն` գողության զոհ դարձած անձերի անուններով:

Քրեական գործերի շրջանակներում, հիշեցնենք, քննության առարկա չդարձավ խանութների աշխատակիցների գործելաոճը. ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ դատարանը չպարզեցին` խանութների աշխատակիցները դիտավորությամբ, թե անփութությամբ էին ձևակերպել ապառիկի պայմանգրերը:

Ընկերություններին նորից անդրադառնալու առիթը պետական կարիքների համար կազմակերպվող մեկ անձից գնումներն են, որոնցում դրանք պարբերաբար հաղթող են դուրս գալիս:

Ընթերցողներին հիշեցնենք, որ սա գնում կատարելու այն տարբերակն է, երբ գերատեսչությունը մրցույթ չի հայտարարում: Գնման այս տարբերակն անվանվում է նաև բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության: Նման տարբերակով գնում իրականացնելու համար «Գնումների մասին» օրենքը իրավական մի քանի հիմքեր է նախատեսում:

Այսպես, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրավական երկու հիմնավորում է ներկայացրել` «կառավարության 18.12.2014թ. N 1515-Ն որոշումը» և «կառավարության 10.02.11թ. թիվ 168-Ն որոշման 25-րդ կետի 2-րդ ենթակետ, 75-րդ կետը» և հունիս ամսին մեկ անձից գնման երեք պայմանգիր կնքել «Օնլայն կոմպյուտերս» ընկերության հետ:

Թե ինչ են նշանակում այս երկու կետերը, չենք կարող հստակեցնել, քանի որ առաջին դեպքում, ինչպես տեսնում եք, նշված չէ որոշման ստույգ կետը, իսկ երկրորդ դեպքում նման ենթակետ պարզապես հնարավոր չէ գտնել: ՄԻՊ աշխատակազմը, կնքված պայմանագրերով, «Օնլայն կոմպյուտերս»-ից գնել է տարբեր տեսակի էլեկտրոնիկա` ընդհանուր 445 հազար դրամ արժողությամբ:

Մասնավորապես, առաջին պայմանագրով` ընկերությունը պաշտպանի գրասենյակի համար պարտավորվել է  գնել  անխափան սնուցման աղբյուրներ (UPS): Երկրորդ պայմանգրով` ձեռք են բերվել համակարգչային մկնիկներ, ստեղնաշարեր` ընդհանուր 55 հազար դրամ արժեքով: Երրորդ պայմանագրով` անձանական օգտագործման համակարգիչներ` 300 հազար դրամ ընդհանուր արժեքով: Ավելի վաղ` տարեսկզբին, ՄԻՊ աշխատակազմը «Օնլայն կոմպյուտերս»-ից դարձյալ կատարել է մեկ անձից գնում` 980 հազար դրամ արժողությամբ:

«Օնլայն կոմպյուտերս»-ը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2014թ.-ին: Գործունեության ոչ երկար ժամակահատվածում, փաստորեն, ընկերությանն արդեն ճանաչում են պետական օղակներում և կնքում պայմանագրեր, այն էլ` առանց մրցույթների:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս ընկերությունից առանց մրցույթի գնում կատարող միակ կառույցը չէ: 2016թ. «Օնլայն կոմպյուտերս»-ի հետ համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայությունների պայմանագիր ունի նաև բնապահպանության նախարարությունը:

«Օնլայն կոմպյուտերս»-ը, ընկերությունների գրանցման պետռեգսիտրի համաձայն, հիմնադրել են Նարեկ Վարդանի Մարգարյանը և Վազգեն Հրաչյայի Հարությունյանը: Հիմանդիրներն ընկերության բաժնետոմսերը կիսում են համապատասխանաբր 34% և 66% տոկոսով: Հիմնական բաժնետեր Վազգեն Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին է (Հրաչյա Հարությունյանն իր այս պաշտոնը ստանձնել է 2010թ.-ին, իսկ մինչ այդ եղել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալը):

Տարբեր գերտեսչություններ առանց մրցույթի պայմանագրեր են կնքում Վազգեն Հարությունյանի մասնակցությամբ այլ ընկերությունների հետ ևս: «Էլմարկետ» ընկերությունը, որի 80% բաժնետերը Վազգեն Հարությունյանն է, այս տարի մեկ անձից գնման տարբերակով հեռախոսներ է մատակարարել քաղաքացիական ծառայության խորհրդին:

«Էլմարկետ» ընկերության «Էլեկտրոնիքս պլանետ» խանութ սրահը` Երևան Մոլում

«Ալֆապրոջեքտ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերը Վ. Հարությունյանն է, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այս տարի մատակարարել է օդորակիչ դարձյալ մեկ անձից գնման եղանակով:

«ԱյՍթոր» ՍՊԸ-ի iStore խանութը Սայաթ-Նովայի 8 հասցեում: Ըստ պաշտոնական կայքի` ընկերությունը հանդիսանում է Հայաստանում APPLE-ի հավատարմագրված վաճառող:

Վ. Հարությունյանի մասնակցությամբ(45% բաժնեմասով) մեկ այլ ընկերություն` «ԱյՍթոր» ՍՊԸ-ն, 2013թ. կառավարության աշխատակազմին է մատակարարել 265,000 դրամ ընդհանուր արժողության հուշանվերներ առանց մրցույթի:

 Իսկ հիմնական գնորդը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունն է

ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը 2016թ. «Օնլայն կոմպյուտերս»-ի հետ կնքել է համակարգչային տեխնիկայի նորոգման պայմանագիր` 1 միլիոն դրամ արժեքով:

Պայմանագիրը կառավարության կայքում հրապարակված չէ: Որպես մեկ անձից գնման իրավական հիմք նշված է կառավարության 168-Ն որոշման 32-րդ կետի 1-ին ենթակետը (գնման նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորը): Նշենք, որ նախահաշվային գինը, ըստ «Գնումների մասին» օրենքի, կազմում է հենց 1 միլիոն դրամ: ՊՊԾ-ի համակարգչային տեխնիկայի նորոգման ծառայությունները «Օնլայն կոմպյուտերս»-ն է կատարել նաև 2015 և 2014թթ.` ամեն տարվա համար ստանալով դարձյալ մեկ միլիոն դրամ:

Տարբեր տարիների ՊՊԾ-ն գնումներ է կատարել պետի որդու մյուս երկու ընկերություններից ևս: Մասնավորապես, ըստ պայմանագրերի, «Էլմարկետ» ընկերությունը 2015թ. 383 հազար դրամը գերազանցող պայմանագրով մոնտաժել է ծառայության հեռուստատեսային համակարգը, գնել է տաքացուցիչներ և օդափոխիչներ:

«Էլմարկետ» ընկերության «Էլեկտրոնիքս պլանետ» խանութ սրահը` Մաշտոցի 15 հասցեում

2014թ. նույն ընկերությունից դարձյալ գնվել է էլեկտրատաքացուցիչ, գազօջախ և հեռախոս, սակայն ինչ քանակությամբ և որքան միավոր արժեքով, չենք կարող հստակեցնել, քանի որ կառավարությունը հրապարակել է այս կառույցի գնումների ոչ բոլոր պայմանագրերը (մանրամասն` ինֆոգրաֆիկայում):

Պետական պահպանության ծառայությունը «Էլմարկետ» ընկերության հետ կնքել է ոչ միայն մեկ անձից գնման պայմանգրեր, այլև շրջանակային համաձայնագրեր: Այս դեպքում հայտարարվում է գնման հրավեր, որին կարող են մասնակցել մի քանի ընկերություններ:

«Էլմարկետ»-ի հետ մրցել և անհաջողության է մատնվել «Շուշան տեխնիկսը»: Վերջինիս ներկայացրած գնային առաջարկը` 186 000 դրամ, ՊՊԾ-ն համարել է բարձր և մրցույթի պայմաններին չբավարարող: Արդյունքում շրջանակային համաձայնագիրը  կնքվել է «Էլմարկետ» ընկերության հետ, ձեռք է բերվել սառնարան` 184 902 դրամով: Նույն տարում ՊՊԾ-ն «Էլմարկետ»-ից շրջանակային համաձայնագրով գնել է նաև երեք օդորակիչ` ընդհանուր առմամբ մոտ 700 հազար դրամ արժեքով, մրցակից «Շուշան տեխնիկս»-ը դարձյալ պարտվել է:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter