HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատարանը ստանձնել է Կենտրոնական Բանկի պաշտպանի դերը

Սկիզբը` Դատական անպաշտպանություն

ԿԲ-ի հայցի քննությունը տնտեսական դատարանը 2002թ.-ի դեկտեմբերի 6-ին էր նշանակել: Լ. Մարկոսի ներկայացուցիչների ասելով, իրենք պատրաստվում էին միջնորդություններ ներկայացնել դատարանին, երբ նախագահող դատավոր Անատոլի Մաթեւոսյանն իրենց համար անսպասելի հայտարարեց, որ արագացված դատաքննություն է լինելու: Նախագահողի հայտարարության պահին ներս են մտել 5 ոստիկաններ (ոչ շարքային), որոնց հսկող հայացքի ներքո, առանց ապացույցները հետազոտելուª դատավորը հրապարկել է Լ. Մարկոսից 5,6 մլն. ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին վճիռը: Այդ վճիռն այսօր կատարման փուլում է եւ էժանացված գներով աճուրդի են հանվել Լ. Մարկոսին պատկանող բոլոր բաժնետոմսերը, շինությունները եւ այլն: ԿԲ-ի միջնորդությամբ դատարանն արգելանք է դրել թվով 14 իրավաբանական անձի գույքի եւ դրամական միջոցների վրա, որոնց մի մասում Լ. Մարկոսը բաժնեմաս չունի:

«Լ. Մարկոսի նկատմամբ կիրառվել է պետական հարկադրանքի անօրինական ռեժիմ, քանի որ, եթե նույնիսկ Լ. Մարկոսը որեւէ պարտավորություն կրեր որեւէ անձի հանդեպ, ապա բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի որոշակի մասը պատկանում է Լ. Մարկոսին, չեն կարող պատասխանատվություն կրել Լ. Մարկոսի պարտավորությունների համար»,-ասում են 14 ընկերությունների ներկայացուցիչները:

2002թ. հոկտեմբերի 25-ից 14 իրավաբանական անձանց գործունեությունը դադարել Է: «Մարկոս քիմպրոմի» ոչ միայն գույքը, այլեւ դրամական միջոցներն արգելանքի տակ են: Այսօր անորոշ վիճակի մեջ ենք, մոտ 7-8 ամիս չենք կարողանում աշխատել, չգիտենք ինչ է լինելու: Դիմել ենք դատարան, որ արգելանքը հանվի «Մարկոս քիմպրոմ»-ի վրայից, բայց դատարանը հետ է վերադարձրել հայցադիմումը` պատճառաբանելով, թե պատճեններով դիմելու իրավունք չունեինք, այնինչ` ԿԲ-ը մեր դեմ հայցադիմում է ներկայացրել պատճեններով եւ ստացել իրեն ցանկալի որոշում»,- պատմեց արգելանքի տակ գտնվող 14 իրավաբանական կազմակերպություններից «Մարկոս քիմպրոմի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հակոբյանը:

«Անորոշությունից կանգնեց հիմնարկը, չգիտենք` ինչ է լինելու: Աշխատողները հուսալքված հեռացան, 8-9 ամիս ո՞վ կմնար, տուն են պահում: Պարադոքս է ստացվել, մի տնտեսավարող սուբյեկտին կարելի է պատճենով մտնել դատարան, մյուսին` ոչ: Մեր իրավունքների ոտնահարում է կատարվում, դատարան չենք կարողանում դիմել, չենք կարողանում մեր խնդիրներն առաջ քաշել»,- ավելացրեց տնօրենը:

Ընկերությունները դիմել են Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքերի առաջին ատյանի դատարան` իրենց գույքն ու դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջով: Նրանց հայցադիմումը վերադարձվել է` վկայակոչելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, համաձայն որի հայցը հարուցվում է գույքի գտնվելու վայրի 1-ին ատյանի դատարան: Քանի որ գույքը գտնվում է Շենգավիթ համայնքի տարածքում` կազմակերպությունները հայցեր են ներկայացրել Շենգավիթի առաջին ատյանի դատարան:

Շենգավիթի դատարանը վերադարձրել է հայցադիմումները` պատճառաբանելով, որ հայցերը ենթակա են քննարկման տնտեսական դատարանում, որի որոշումով է արգելանք դրվել կազմակերպությունների գույքի վրա:

Ընկերություններն, իհարկե, համամիտ չեն եղել Շենգավիթ դատարանի որոշումների հետ եւ բողոքարկել են նույն դատարանի նախագահին` խնդրելով վերանայել հայցադիմումը վերադարձնելու մասին դատավորների որոշումները:

«Դատարանի նախագահը նույնպես որոշումները թողել է անփոփոխ` առանց պատճառաբանության»,- հայտնեցին կազմակերպության ներկայացուցիչները:

14 ընկերությունները հայցերը ներկայացրել են ՀՀ տնտեսական դատարան: ՀՀ տնտ. դատարանի դատավոր Ա. Մաթեւոսյանը, որի որոշումով էր արգելանք դրվել ընկերությունների գույքի վրա` վերադարձրել է հայցերը` պատճառաբանելով, որ ընկերությունները չեն ներկայացրել հայցադիմումին կից փաստաթղթերի բնօրինակները: «Դատավորի պահանջը օրինական չէ. նույն դատավորը ԿԲ-ի հայցն ընդդեմ Լեւոն Մարկոսի` վերջինից հօգուտ «Կրեդիտ-Երեւան» բանկի 5,6 մլն. ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ է ընդունել փաստաթղթերի պատճեններով: Ինչո՞ւ ԿԲ-ի հայացադիմումին կից փաստաթղթերի պատճենները որպես ապացույց ընդունվում են, իսկ ընկերություններինըª ոչ: Չ՞է որ բոլորը հավասար են օրենքի առջեւ»,- հարցը դատարանին է ուղղում Լեւոն Մարկոսի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

Տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանը, որի որոշումով է արգելանք դրվել 14 կազմակերպությունների գույքի վրա մեր հարցումին պատասխանեց. «Ես ուղղակի չեմ հիշում նման բան:

Միգուցե, այդ գործերից մեկով եղել է այդպիսի բան, բայց բնօրինակը պահանջել ԿԲ-ից եւ չստանալ` դա բացառվում է: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում այդպիսի մի դեպք, որ դատարանը տարբեր մոտեցումներ ցուցաբերեր կողմերին: Օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ բացառություններ չեն լինում պրակտիկայում»:

Նա նշեց, որ այս առումով պետական մարմիններն ավելի պատրաստակամ են եւ անվիճելիորեն կատարում են պահանջները: Սակայն չբացատրեց, թե դատարանի մոտ ինչու է կասկած առաջացել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, երբ, ինչպես նշեց պրն. Մաթեւոսյանը որոշ դեպքեր եղել են, որ եւ պետական մարմինները, եվ տնտեսվարող սուբյեկտները փորձել են չներկայացնել, բայց նախագահող դատավորը պարզաբանել է, որ դատարանը կարող է 54 հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշում կայացնել եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով այդ փաստաթուղթը բերել դատարան:

«Այնպես որ, տնտեսվարող սուբյեկտները եւ պետական մարմինները քաջատեղյակ են օրենքի այդ կետին եւ բացարձակ դժվարություն չկա բնօրինակը դատարան բերելու հարցում»

Պրն. Մաթեւոսյանն իր իսկ մեկնաբանությունով փաստորեն ընդունեց, որ միայն դատաքննության ընթացքում կարող է գնահատվել ապացույց բնօրինակը պետք է, թե± ոչ: Լ. Մարկոսի ներկայացուցիչը նույնպես պնդում է, որ պատճենի հիմքով հայցադիմումը վերադարձնելու կարգ գոյություն չունի քաղ. դատավարության օրենսգրքում: Նա ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի, որ նույն դատավորը հակասում է իրեն. նա ԿԲ-ի հայցադիմումն ընդունել է պատճեններով, իսկ 14 կազմակերպություններինը մերժել է:

«Հավասարության սկզբունքն արդեն խախտված է, քանի որ մի դեպքում պետական մարմիններին մի մոտեցում է ցուցաբերվում, իսկ հասարակ մահկանացուների պարագայում` այլ, որի արդյունքում քաղաքացին զրկվում է դատական պաշտպանությունից»,-հայտնեց Արա Զոհրաբյանը, ավելացնելով, որ դա դիտում են շահագրգռվածություն եւ այդ հիմքով բացարկ են հայտնել դատավորին:

Փաստաբանի ասելով, դատարանը, ստանալով պատճենը, վերադարձնում է հայցադիմումը` ի սկզբանե «գլխատում» է հայցվորին` զրկելով իր շահերը պաշտպանելուց: Մինչդեռ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում, որ նույնիսկ հայցվորը կարող է խնդրել դատարանինª ապացույցը պահանջել այս կամ այն անձից:

Այսինքն` հնարավոր է նաեւ, որ հայցվորը չունենա բնօրինակը եւ դատաքննության ընթացքում հնարավոր լինի ինչ-որ տեղից պահանջել այն: Ինչպես, օրինակ, դա եղել է դարձյալ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում:

Վերջինիս ներկայացուցիչը դիմել է տնտեսական դատարանª Գերասիմ Բաբայանի եւ Անահիտ Լալայանի միջեւ «չարամիտ համաձայանությամբ» կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայցադիմումին կից ներկայացվել էր վիճարկելի պայմանագրերի պատճենները: Տնտ. դատարանի դատավոր Ռ. Սարգսյանը վերադարձրել էր հայցադիմումը` պատճառաբանելով, որ հայցվորը չի ներկայացրել փաստաթղթերի բնօրինակները:

«Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ն դիմել է դատարանի նախագահին` խնդրելով վերացնել դատավորի որոշումը: Իր դիմումում հիմնավորել է, որ քաղ. դատ. օր-ի 92-րդ հոդվածում հայցադիմումը վերադարձնելու նման հիմք գոյություն չունի:

Հիշեցրել է, որ տնտեսական դատարանի նախագահը մեկ այլ գործովª 19.07.2002թ.-ին կայացրած դատական ակտով համակարծիք է գտնվել իրենց հետ եւ արձանագրել է. «ՀՀ քաղ. դատ. օր-ի 54 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի համաձայն գրավոր փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով»:

Տնտեսական դատարանի նախագահի այս պատասխանից պետք է ենթադրել, որ փաստաթղթերի բնօրինակները պահանջելը դատարանի համար սկզբունքային պահանջ չի, այլ` կամայական մոտեցում: Դա մեկ անգամ եւս փաստարկվել է, երբ «Կրեդիտ-Երեւան» բանկն է հայցադիմում ներկայացրել «Ատլաս» ՍՊԸ-ի դեմ:

«Ատլաս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը կասկածի է ենթարկել տնտ. դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանի անաչառությունը եւ բացարկ է հայտնել նրան, քանի որ նախագահող դատավորը «Կրեդիտ-Երեւան» բանկի հայցը վարույթ է ընդունել առանց որեւէ բնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի:

«Այն դեպքում, երբ այլ գործերով առանց բնօրինակների ներկայացված հայցերը հետ է վերադարձնում»,-նշել է փաստաբանը:

Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հայցադիմումում նշել են, թե կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակներն անհրաժեշտության դեպքում կներկայացվեն դատարանին կամ կպահանջվի այն տիրապետող անձից: «Դա նշանակում է, որ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ն չունի վիճարկելի պայմանագրերի բնօրինակները, քանի որ վիճարկվող գործարքներին որպես կողմ չի մասնակցել, թեեւ, որպես «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲԸ խոշոր բաժնետեր, շահագրգռված է հիշյալ գործարքների վիճարկման ելքով»:

Պրն. Մաթեւոսյանը շարունակում է պնդել. «Այո, եթե պատճեններով ներկայացվել է` միանշանակ վերադարձվում է»: Դատավորի ասելով, օրենքը հստակ սահմանում է, որ դատարանին պետք է ներկայացված լինեն բնօրինակները կամ նոտարական վավերացում ունեցող օրինակները: «Թե ինչ կլինի դատաքննության ընթացքումª դա կլինի դատաքննության ընթացքում»,- ավելացրեց դատավորը:

«Քաղ. դատ. օր.-ի 87 հոդվածը կամ դիտավորությամբ կամ թյուրիմացաբար սխալ է մեկնաբանվում: Դատարաններն առանձին դեպքերում այս մեկնաբանության շրջանակներում վերադարձնում են հայցադիմումները` պատճառաբանելով, թե բնօրինակները կամ պատշաճ վավերացված օրինակները չեն կցված: Սա, միանշանակ, հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք չէ: Թե ինչու են դատարանները դիմում այդ քայլին` սա արդեն այլ խնդիր է»,-սկզբունքային այս վեճի մասին իր տեսակետն է հայտնում Փաստաբանների միջազգային միության անդամ Մասիս Ղազանչյանը:

14 ընկերությունների հայցերը տնտեսական դատարանը մերժել է զանազան պատճառաբանություններով. մեկ անգամ մերժել են` ճիշտ չհամարելով, որ 14 կազմակերպություններն իրենց պահանջը ներկայացրել են մեկ հայցադիմումով: «Հայցերը փոխկապակցված չեն եւ պետք է ներկայացնել առանձին-առանձին»,-ուղղել է դատարանը: Կրկին հայցերը ներկայացրել են տնտեսական դատարան` առանձին- առանձին: Այս անգամ դատարանը չի քննարկել պետտուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունները եւ վերադարձրել է պետական տուրքը չվճարելու պատճառաբանությամբ:

Ընկերությունները դիմել են ՀՀ տնտ. դատարանի նախագահին` խնդրելով վերանայել դատավորների որոշումները, նշելով, որ ինչպես կարող են պետական տուրք վճարել եւ իրենց իրավունքների դատական պաշտպանություն ակնկալել, երբ իրենց դրամական միջոցներն արգելանքի տակ են դրված:

ՀՀ տնտեսական դատարանի նախագահը բավարարել է ընկերություների բողոքները եւ հայցադիմումներն ընդունվել են: Սակայն ԿԲ-ի զանազան պատճառաբանություններով դրանց քննությունը հետաձգվել է:

«Տնտեսական դատարանը, որպես կանոն, գործը պետք է քննի եւ վճիռ կայացնի հայցադիմումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում: Խախտելով նշված եւ այլ օրենքներ, «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը` «յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք»,- դատարանը ապօրինի կերպով մերժելով ընկերությունների հայցերը` վճիռ է կայացրել մոտ 2,5 ամիս հետո»,-ասում է Արա Զոհրաբյանը:

Նա հայտնեց, որ 2002թ. հոկտեմբերից հայցերը դատարան մուտք անելու գործընթացի մեջ են:

«Ի վերջո կարողացանք մի ճեղք գտնել ու մտնել տնտեսական դատարան, դատարանն էլ իր հերթին հայցի քննությունը ձգեց եւ 5 ամիս հետո մերժեց մեր հայցը, նույնիսկ այն ընկերությունների հայցերը, որոնցում Լ. Մարկոսն ընդհանրապես բաժնեմաս չունի: Արդյունքում` ապօրինի վճիռ կայացվեց. հարցին քաղաքականացված լուծում տրվեց: Սկզբում չեն թողնում մտնել դատարան, իսկ եթե համառ ես ու ի վերջո ելք ես գտնում` այսպես է վերջանում»,-ավելացրեց պրն. Զոհրաբյանը:

ՀՀ նախագահին ուղված դիմումով նա տեղեկացրել է, որ ՀՀ տնտ. դատարանը նշված կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է դատավարական հետապնդում. «Դատարանը տարաբնույթ մեկնաբանելով օրենսդրության պահանջները` ընկերություններին զրկել է այդ դատարանի միջոցով իրենց իրավունքների պաշտպանությունից»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter