HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամահավաք՝ կալանավորվածների ընտանիքներին աջակցելու համար

«Սասնա Ծռեր» խմբի անդամների ընտանիքները հայտնվել են սոցիալական վատ վիճակում՝ հաշվի առնելով այն, որ ընտանիքի միակ կերակրողներն այժմ անազատության մեջ են: Իսկ նախաքննական մարմինը, որը օրենքով պարտավոր է պետական բյուջեի հաշվին փոխհատուցել ընտանքիների խոցելի խմբերի խնամքը, չի շտապում կիրառել օրենսդրությունը (Քր.դատ. օր. 140 հոդված)  

Ուստի Հայաստանում ու արտերկրում կամավորների, անհատ քաղաքացիների կողմից կազմակերպվում են տարբեր դրամահավաքներ: Հիշեցնենք, որ արտերկրից ավելի քան 20.000 ԱՄՆ դոլար հավաքվեց Խանդոյանների ընտանիքի համար, որոնք ապրում են ծայրահեղ վատ պայմաններում: 

Մի խումբ կամավորներ՝ Նելլի Մինասյանի գլխավորությամբ, օգոստոսի 2-ից Երևանի Հյուսիսային պողոտայում պարբերաբար դրամահավաք են կազմակերպում: Հավաքված գումարները նրանք փոխանցում են «Սասնա Ծռեր» խմբի անդամների կամ այդ գործով կալանավորվածների ընտանիքներին:

Օգոստոսի 18-ին դարձյալ դրամահավաք է. այս անգամ գումարը փոխանցվելու է հուլիսի 31-ին ՊՊԾ գնդի տարածքում կրծքի շրջանում հրազենային վիրավորմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված, վիրահատված, ապա կալանավորված ու հիմա «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Սեդրակ Նազարյանի ընտանիքին:  Սեդրակի ընտանիքի միակ եկամուտը 42 հազար դրամ թոշակն է:

Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Վերջին դրամահավաքը կամավորները կազմակերպել էին օգոստոսի 12-ին և 13-ին: հավաքված գումարը փոխանցվել է Արցախյան պատերազմի մասնակից Մհեր Մազմանյանի բազմազավակ ընտանիքին: Հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու կասկածանքով ձերբակալված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը  խնամքին ունի վեց անչափահաս երեխաներ: Մհերը ընտանիքի միակ աշխատող է եղել: Մհեր Մազմանյանը ապրիլյան պատերազմին նույնպես եղել է ռազմի դաշտում: Տան միակ աշխատողն այս պահին ավտոլվացման կետում աշխատող նրա 15 տարեկան տղան է:

Նելլի Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրամահավաք է կազմակերպվել նաև Արմեն Լամբարյանի ընտանիքին օգնելու նպատակով, քանի որ գտնվում է ծանր կացության մեջ: Լամբարյանը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, ունի երեք անչափահաս երեխա, մայրը նույնպես հաշմանդամություն ունի:

Հյուսիսային պողոտայում դրամահավաքները սկսվել են օգոստոսի 2-ից՝ Պավել ու Արամ Մանուկյանների ընտանիքին աջակցելու նպատակով:

Նելլի Մինասյանը նշեց, որ շատ մարդիկ են աջակցել իրենց նախաձեռնությանը, բոլոր ակցիաների ժամանակ նվագել է կիթառահար Ելենան, պարել են տարբեր քաղաքացիներ, ոգևորել մարդկանց ու կանչել Հյուսիսային պողոտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter