HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայաստանը դարձել է փայտ արտահանող երկիր

Էդիկ Բաղդասարյան, Արմինե Պետրոսյան

ՀՀ մաքսային պետական կոմիտեի եւ ՀՀ վիճակագրության ծառայության տվյալներով` վերջին 4 տարիների ընթացքում կտրուկ աճել են Հայաստանից փայտի արտահանման ծավալները: Խորհրդային տարիներին հանրապետությունից փայտանյութ ընդհանրապես չէր արտահանվում, միմիայն ներմուծվում էր: Այսօր հակառակն է` անտառազուրկ Հայաստանը սկսել է արտահանել ոչ միայն փայտե արտադրանք, այլեւ անմշակ անտառանյութ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանի հանրապետությունից փայտանյութի արտահանման ծավալները (Տոննա) 1999-2002թթ. այսպիսին են.                                                                                        

Անվանում                                                                    1999        2000           2001           2002

Անտառանյութ` երկայնակի սղոցած կամ ճեղքված       107.0         1839.7       1484.6        2291.6

Անմշակ անտառանյութ                                               484.9         977.0         483.0         2158.2

Միաշերտ նրբատախտակ                                          133.7          46.0           112.0         243.0

Փայտե շինարարական իրեր, մանրահատակ               79.1           148.3         186.7         25.9

Այս թվերից հստակ է, որ արտահանվում է հիմնականում անմշակ անտառանյութ: Փայտն արտահանվում է Պարսկաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Արաբական Էմիրություններ, Գերմանիա, Ռուսաստան: Պարսկաստան արտահանում են հիմնականում երկու ընկերություններ:

1999թ. Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքների սեփականաշնորհված հողերում, անտառտնտեսության տարածքներում հատվել էր «Կարմիր գրքում» գրանցված 17 հունական ընկուզենի, որից 3-ի վերաբերյալ կազմվել էր ակտ, մնացած 14-ի վերաբերյալ նշվել էր ընդամենը հատման ժամանակն ու տարածքը։ Մթերվում էին ընկուզենու կոճղերն ու արմատները եւ արտահանվում Թուրքիա, Իտալիա, Ռուսաստան։ Հատումներն իրականացվել են տեղական ինքնակառավարման մարմինների տված գրավոր թոււլտվությունների հիման վրա։

Հարցին, թե «Կարմիր գրքում» գրանցված հունական ընկուզենու հատման դեպքեր 2000-ից հետո եղել են, Կապանի անտառտնտեսության տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը պատասխանեց. «40 տեսակ ընկուզենի կա Կապանի անտառներում, ո՞վ է ասում արգելված է։ Որքանով ինձ հայտնի է, նախկինում ընկուզենու մեկ տեսակ կար արգելված։ Մենք այս տարի հունական ընկուզենու հատումների վերաբերյալ բողոքներ չենք ստացել»։ Սակայն, ըստ Կապանի անտառտնտեսության նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանի, Կապանի անտառներում կա միայն հունական ընկուզենի, որը համարվում է թանկարժեք եւ անհետացող, «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակ, ինչպես գիհին, կենին, սոսին եւ այլն։ Հունական ընկուզենու կոճղերն օգտագործվում են կահույքագործության մեջ, թանկարժեք մեքենաների ներքին հարդարանքի համար։ Նշենք, որ ընկուզենիների »ջարդ» է սկսվել նաեւ Լեռնային Ղարաբաղում, սակայն սա առանձին նյութ է եւ մոտ ժամանակներս կանդրադառնանք Ղարաբաղում իրականացվող անտառահատումներին:

Ըստ 1998 թ Երեւանի կոնյակի գործարանի հետ կնքված պայմանագրի` «Հայանտառը» 15 տարի շարունակ, տարին 2000 խմ ծավալի կաղնու տակառանյութ պետք է մատակարարի գործարանին` խորանարդ մետրը 120 դոլարով: Ըստ մասնագետների` նման որակի փայտանյութը շուկայում արժե 200 դոլար: Պայմանագիրը ստորագրվել է նախարար Գեւորգ Վարդանյանի օրոք: Համաձայն կառավարության մի որոշման` կաղնին արգելվում է հատել, նույնիսկ սանիտարական հատման ենթարկել: Փաստորեն, 15 տարվա ընթացքում Հայաստանի անտառներից հատվելու է 30 000 խմ բարձր որակի կաղնու փայտ: Մասնագետների հավաստմամբ` դրանք դարավոր կաղնիներ են: Այսպես, կառավարությունը նման որոշում է կայացրել` մասնավոր ֆիրմայի գործերը լավացնելու համար: Տարբեր հասարակական կազմակերպություններ ահազանգում են հատվող անտառների համար, նրանք իրականացնում են տարբեր ծրագրեր, կազմակերպում ծառատունկ, մոնիտորինգ, սեմինարներ: Իսկ իրականությունն այն է, որ անտառահատումը Հայաստանում պետական ծրագիր է եւ խրախուսվում է պետության կողմից: Որպես տնտեսական աճի, արտահանվող ապրանքների ցուցանիշ` այն հպարտանալու հայտարարությունների առիթ է դառնում պետական պաշտոնյաների համար:

Մեզ տված հարցազրույցում Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նույնպիսի հպարտությամբ նշեց, որ անտառանյութի վաճառքից 2003թ. պետբյուջե է մուտքագրվել 1 մլրդ դրամ, մի քանի անգամ ավելի, քան նախորդ տարի: Դժբախատաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը զբաղված է ամեն ինչով, բացի բնապահպանության խնդիրներից: Հենց նա է իրականացնում եւ՛ անտառների հատումը, եւ՛ անտառների պահպանությունը: Հենց այդ նախարարությունն է ցույց տալիս նման բարձր ցուցանիշներ: Չնայած մեր հարցազրույցում նախարարը նշեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ոչ մի տեսակի անտառահատում չիրականացվի Հայաստանում: Սակայն նախարարության տարբեր օղակների աշխատանքներին ծանոթանալուց հետո միանգամայն հակառակ պատկերն է: «Այսօր Սեւան-Երեւան ավտոմայրուղով յուրաքանչյուր օր Երեւան քաղաք է մտնում 100 մեքենա փայտ,- պատմում է նախարարության աշխատակիցներից մեկը, որի անունը չենք կարող նշել,- Գրեթե բոլոր մեքենաները փաստաթուղթ ունեն: Այդ փաստաթղթերով նրանք հաղթահարում են բոլոր «արգելքները»: Իսկ փայտն իրացնելուց հետո դրանք պարզապես շպրտում են: Միլպետները, մարզպետարանի աշխատակիցները, գեներալները, բոլորն էլ փայտի գործով են զբաղված: Իսկ սրանց դեմ պայքարել անհնար է, մինչեւ վերեւից հրահանգ չլինի»: Թե վերեւներ ասելով ի՞նչ նկատի ուներ մեր զրուցակիցը` այդպես էլ չպարզաբանեց:

Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ փայտի բիզնեսը գլխավորում են տարբեր պաշտոնյաներ` հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մի խոսքով, Հայաստանում անտառը նույնպես բաժանված է կլանների միջեւ: Բոլորը գիտեն, թե Կրասնոսելսկի անտառները որ գեներալն է վերահսկում, Լոռու եւ Տավուշի անտառները՝ որ գեներալը: Այնպես որ, անտառահատումների դեմ պայքարի ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններն անիմաստ են եւ փուչ, հատկապես երբ դա անում է Բնապահպանության նախարարը, որն էլ կանոնակարգում է անտառների հատումը եւ, բնականաբար, յուրաքանչյուր ամիս ստանում իր հասանելիք բաժինը: Մի քանի տարի առաջ անտառներով զբաղվել է նաեւ նախագահի վերահսկողության ծառայությունը: Ծառայությունը ուսումնասիրություններ էր կատարել եւ ինչ-որ բաներ հայտնաբերել: Սակայն արդյունքները հանրությանը այդպես էլ հայտնի չդարձան:

Բնապահպանության նախկին նախարար Մ. Մուրադյանի` տարբեր ժամանակահատվածներում տված հարցազրույցներից պարզվում է, որ նա պաշտոնանկ արվելուց առաջ նախագահին է ներկայացրել մի քանի խոշոր գործ: Սակայն դրանցից ոչ մեկը չբացահայտվեց:

Այդ թվում` փայտի բիզնեսին վերաբերող մի գործ, որը կապվում էր հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անվան հետ: Վերջինս Մասիսում փայտամշակման գործարան ունի: Հենց այս գործարարն էր, որ գնելով բարձր կարգի փայտանյութ` փաստաթղթերում ամրագրում էր ավելի ցածր կարգ: Սակայն այդ գործը, ինչպես արդեն նշեցինք, փակվեց:

Վերահսկողության ծառայության ուսումնասիրությունները թաքցվեցին հանրությունից: Բնապահպանության նախարարության միջին օղակի մի պաշտոնյա, որի անունը դարձյալ չենք կարող հրապարակել, նշեց, որ բնապահպանության նախարարության ներկայացրած թվերի միայն 7-8 տոկոսն է համապատասխանում իրականությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter